Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ը՝ հարմար առի՞թ

Սեպտեմբեր 02,2009 00:00

Սեպտեմբերմեկյան այս տարվա նորամուծությունն այն է, որ ակտիվ գործում էին բանկերն ու կրոնական կազմակերպությունները

Երեկ Գիտելիքի եւ դպրության օրն էր: Այս տարի էլ տեղի ունեցան ավանդական դարձած միջոցառումներ. դպրոցներում կազմակերպվեցին 1-ին դասարանցիներին ողջույնի եւ խրախուսման միջոցառումներ, բուհերում էլ առաջին կուրսեցիներին ասացին «բարի գալուստ»: Հատուկենտ պաշտոնյաներ առաջին դասեր անցկացրին դպրոցներում եւ բուհերում: «Առավոտը» շրջայց կատարեց որոշ կրթօջախներում՝ պարզելու սեպտեմբերմեկյան տրամադրությունները: Չնայած ամեն ինչ, ինչպես ասում են՝ «տեղը տեղին» էր, դպրոցներում՝ փուչիկների եւ ծաղիկների, բուհերում՝ գեղեցիկ հագնված ուսանողների պակաս չկար, բայց կարծես պակասում էր անմիջականությունը. ինքնաբուխ ակցիաներ չեղան, ամեն ինչ վաղուց սովորական դարձած միջոցառումների մակարդակի էր: Նախ այցելեցինք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ), որտեղ եւս կազմակերպվել էր առաջին կուրսեցիներին ողջույնի տոնակատարություն: Դահլիճում էր ողջ պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական համակազմը: Այս տարի ՀՊՃՀ է ընդունվել 1529 ուսանող: Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Հուսով եմ, որ 4 տարի հետո կորուստներ չենք ունենա եւ այս նույն համակազմով ձեզ կհանձնենք ավարտական վկայականները»: ՀՊՃՀ 1-ին կուրսի ուսանող Լեւոն Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ավարտելուց հետո կկարողանա՞ աշխատանք գտնել: Նա ասաց. «Կարծում եմ, որ երիտասարդ եւ բանիմաց մասնագետը միշտ էլ իր տեղը կգտնի»: ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց բուհի մարմնակրթության եւ սպորտի ամբիոնի վարիչ Արարատ Ղոչիկյանը, ՀՊՃՀ ոսկե հուշամեդալով՝ բուհի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը: Բուհի կողմից մրցանակ հանձնվեց մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Ելենա Կոսոլապովային՝ Կասպերսկու լաբորատորիայի կողմից Մոսկվայում կայացած միջազգային գիտաժողովում 1-ին կարգի դիպլոմի արժանանալու համար: Մինչ դահլիճում տեղի էր ունենում 1-ին կուրսեցիների ողջույնի տոնակատարությունը, Շրջանայինում տեղակայված սրճարանները լեփ-լեցուն էին ուսանողներով: Ապա եղանք ԵՊՀ-ում, որտեղ ուսանողներին պետք է դասախոսություն կարդար ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Սակայն տեղում պարզվեց, որ լրագրողների մուտքն արգելվում է: Լրագրողների վրդովմունքին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Վաղը ժամը 17-ին տեղի կունենա նախարարի մամուլի ասուլիսը, եւ բոլոր հարցերը կարող եք ուղղել նրան»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւս առաջին կուրսեցիների ողջույնի միջոցառում էր կազմակերպել: Այստեղ ուսանողները ստացան նաեւ նվերներ՝ 1-ին կուրսեցու ուղեցույց, «Ժուռնալիստիկա» գիտական նյութերի ժողովածուն, գրքեր: Իսկ դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նրանց մաղթեց. «Երբեք ձեր խղճի եւ բարոյականության հետ գործարքի չգնաք: Լինեք ոչ միայն փաստերը արձանագրող լրագրող, այլեւ ձեր գործունեությամբ հասարակությանը տաք վաղվա օրվա մեջ ապրելու իդեալ»:

Երեկ ակտիվ էր նաեւ ոստիկանությունը, օրինակ՝ Ֆրանսիական համալսարանի դիմացի փողոցում նրանք ուսանողներին սովորեցնում էին անցումով փողոցն անցնել: Ակտիվ էին նաեւ բանկերը: Բուհերի մոտակայքում նրանք ավանդների մասին պատմող բուկլետներ էին բաժանում ուսանողներին: Առիթից օգտվում էին նաեւ այլ կազմակերպություններ: Ֆրանսիական համալսարանի մոտակայքում մի քանի երիտասարդ ուսանողներին բաժանում էին սեպտեմբերի 3-4-ին կայանալիք հանդիպման հրավիրատոմսեր, որտեղ լինելու են ոչ միայն քննարկումներ կյանքի իմաստի, աղանդներից զգուշանալու մասին, այլեւ՝ «հյուրասիրություն»: Գայթակղիչ է, չէ՞: Մանրամասների համար զանգեցինք նշված հեռախոսահամարով: Պարզվեց, որ կազմակերպիչները՝ «քրիստոնյա ուսանողները», Ավետարանական եկեղեցու հավատացյալներ են: «Որ գաք հավաքներին, ավելի պարզ կիմանաք ինչի մասին է խոսքը»,- ասացին մեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել