Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտի» հրապարակմանը

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"«Առավոտի» օգոստոսի 27-ի համարում հրապարակված «Ավեր համայնք, օլիգարխ համայնքապետ» հոդվածը վերաբերում էր այս տարվա օգոստոսի 7-ին պտտահողմից տուժած Արագածոտնի մարզի Միրաք գյուղին:

Նշել էինք, որ մարզպետարանն ու ՀՀ կառավարությունը խոստացել են օգնել գյուղացիներին, սակայն խոստացված ժամկետների ավարտից հետո օգնությունը կիսատ է մնացել: Անդրադարձել էինք տուժած գյուղի գյուղապետին, որը, ըստ մեր տեղեկությունների, ավեր ու աղքատ գյուղի համար շատ հարուստ եւ ունեւոր է:

\"\"Օգոստոսի 31-ին խմբագրություն էին այցելել Միրաքի գյուղապետ Հովհաննես Մարտիրոսյանը եւ միրաքցիներ Յուրիկ Նամոյանը, Նորիկ Հասոյանը, Մրազ Նամոյանը, Ալիկ Ամադովը: Եկել էին ասելու, որ մեր հրապարակման մեջ ներկայացված փաստերը կամ թերի են, կամ իրականությանը չեն համապատասխանում: Նույն մարդկանց խոսքին հղում անելով, մեր հրապարակմամբ ներկայացված պատկերի դեմ պատասխան էր ուղարկել նաեւ Արագածոտնի մարզպետարանը:

Բողոքավոր գյուղացիները ասացին, որ հոդվածի հեղինակը գյուղում եղել է այն պահին, երբ հողմից քանդված տանիքների ու կոտրված լուսամուտների նորոգման աշխատանքները ընթացքի մեջ են եղել եւ այդ իսկ պատճառով է, որ լրագրողի ֆոտոխցիկը արձանագրել է կիսատ վերականգնված տանիքներ կամ ապակիների մի մասը տեղադրած պատուհաններ: «Այժմ ամեն ինչ արված է, գյուղը փայլում է»,- ամփոփեցին նրանք: Նույնը ասաց նաեւ գյուղապետը: Իսկ իր ունեցվածքի մասին լուրերը հերքեց մասամբ: Ճիշտ է, որ նա գնել է գյուղի խանութը, բայց պնդում է, որ խանութը գնելու փորձ են արել հարեւան Ծաղկահովիտ գյուղի երկու բնակիչ ու ինքն է գնել, որ խանութը մնա Միրաքին: Ճիշտ է, որ «Գյուղտեխնիկա» ընկերությունը իր սեփականությունն է՝ «Ես գնել եմ օրենքի սահմաններում՝ պահպանելով պահանջվող բոլոր կանոնները»: Գյուղապետը ասաց, որ սխալ է մեր տեղեկությունը, թե իր սեփական եւ վարձակալած հողերը 300-500 հեկտար են. «Ես, որպես գյուղապետ, իմ անունով վարձակալած հող չունեմ: Ունեմ ընդհանուր առմամբ 10 հեկտար սեփական հող, որը գնել եմ գյուղացիներից»: Գյուղապետ Հովհաննես Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ սեփական միջոցներով գյուղի համար խմելու ջրի 8 կմ խողովակաշար է կառուցել եւ արդեն չորրորդ անգամ է գյուղապետ ընտրվում: Միրաքցիները նաեւ ողջ գյուղի անունից շնորհակալություն էին հայտնում Արագածոտնի մարզպետին ու մարզպետարանին՝ «աղետի պահին, անձրեւին, կարկուտին, ցեխերի մեջ՝ մեր կողքին լինելու համար»:

Նկատենք, որ ՀՀ քաղաքացու կողքին լինելն ու նրա հոգսերը հոգալը մարզպետի պարտականությունն է, ինչի համար նա այդ նույն քաղաքացիների վճարած հարկերից աշխատավարձ է ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել