Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 02,2009 00:00

Հայաստանի համար գիտության մասին խոսելը՝ կարծես թե դարձել է ժամանակավրեպ

\"\"Այնքան պրոբլեմ ունենք լուծելու, ինչպես ասում են՝ գիտության ժամանակը չէ: Սակայն իմ խոհերն այսօր ամբողջությամբ նվիրված են մեր գիտության եւ կրթության ցավոտ հարցերին՝ միայն եւ միայն ելնելով այն փաստից, որ այսպես շարունակվելու դեպքում կորուստներն անդառնալի են լինելու:

Ժամանակն է լրջորեն մտածելու մեր ապագա սերնդի մասին, հակառակ դեպքում մենք կկորցնենք այն բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները, որոնք դժվարությամբ են տրվել հայ ազգին: Հիմնականում այդ ամենը տրվել է մեր մեծ գիտնականների՝ Օրբելի, Համբարձումյան, Մերգելյան եւ այլոց վաստակի շնորհիվ:

Անընդունելի է, որ այսօր թե Հայաստանի ազգային ակադեմիան, թե Երեւանի պետական համալսարանը, որպես գիտական կենտրոններ, ամբողջությամբ կորցրել են իրենց դերն ու նշանակությունը: Եթե չեմ սխալվում, ինչ-որ մի ժամանակ ԵՊՀ-ն իր կարգավիճակով երրորդն էր ԽՍՀՄ-ում: Սա բավականին մեծ գնահատական էր ամբողջ աշխարհի կողմից: Այդ փաստը ես հիմա էլ շեշտում եմ իմ ամերիկյան կամ եվրոպական կոլեգաներին՝ իհարկե, անտեսելով ներկայիս ողբալի վիճակը: Բնականաբար, հարց է ծագում, ինչն է այս ամենի պատճառը եւ ինչ կարելի է անել:

Թող ծիծաղելի չթվա, բայց ամեն ինչ պրոֆեսիոնալիզմի (հայերեն «հանճարեղ է թարգմանված»՝ արհեստավարժություն) պակասի հետ է կապված: Մենք մեզ համարում ենք ամեն ինչից հասկացող, խելացի ազգ՝ արհեստավարժ: Օրինակ՝ երբ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում նոր բաժանմունք է բացվում, ասենք՝ կենսատեխնոլոգիա (այս օրինակը բերում եմ, քանի որ ինքս կենսաբան եմ), հանկարծ բոլորը անխտիր իրենց համարում են լավագույն կենսատեխնոլոգ: Ինչպես հայտնի անեկդոտում են ասում, իրենք Մոսկվայում տեսել են, թե ինչպես են գենետիկորեն փոխարկված սոյայից ապուր կամ աղցան պատրաստում: Կամ բնության պաշտպանության եւ կենսաբազմազանության մասնագետների օրինակները: Բոլորը, պարզվում է, մանկուց են պայքարել Հայաստանի բնության պաշտպանության համար՝ անքուն գիշերներ անցկացնելով Ալավերդու երկաթուղու ռելսերի վրա: Կամ Լոռվա ձորերում բույսերի էնդեմիկ տեսակներ են հայտնաբերել: Եվ, ուրեմն, նրանք իրենց համարում են աշխարհահռչակ գիտնականներ: Մոտավորապես, մենք այդ ապուրի կամ աղցանի մասին մոտ հիսուն հոդված ունենք տպագրված եւ այլն:

Այս համատարած ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում մենք կորցնում ենք ամեն ինչ: Սա վերաբերում է նաեւ եւ ԵՊՀ ռեկտորի, եւ Ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ընտրությանը, եւ բազմաբնույթ պատասխանատու պաշտոններին, եւ այս կամ այն հանձնաժողովում նրանց ընդունած համապետական արհեստավարժ որոշումներին: Չէ, ես իսկապես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Արամ Սիմոնյանը կարող է ներկայացնել ԵՊՀ-ն արտասահմանում: Ես, իհարկե, ոչինչ չունեմ այդ մարդու դեմ, սակայն համոզված եմ, որ պարոն Սիմոնյանը այն գիտնականը չէ, որը պետք է ղեկավարի մեր մայր բուհը:

Լինելով ոչ բնագետ, ինչպե՞ս կարող է նա հանդուրժել, օրինակ, մեկ միլիոն դոլարի որեւէ սարքավորում գնելու փաստը: Մոտավորապես այսպես. սարքեր գնելու փոխարեն ավելի լավ է գրքեր գնենք ԵՊՀ գրադարանի համար: Ցավոք, գիրքն էլ չի օգտագործվում ըստ արժանվույնի: Մոտ երեք տարի առաջ իմ եւ մի քանի ամերիկացի համահեղինակների կողմից տպագրված գիրքը խնդրել էի փոխանցել ԵՊՀ գրադարանին: Մի քանի ամիս հետո այցելելով ԵՊՀ, փորձեցի գտնել այդ գիրքը գրադարանում: Զարմանքս մեծ էր, երբ վերջապես գիրքը հայտնաբերվեց կոմպլեկտավորման բաժնում:

Համեմատության համար, Միչիգանի համալսարանի պրեզիդենտը կենսաքիմիկոս է, եւ նրա նշանակումից հետո վերոհիշյալ համալսարանը այնպիսի առաջընթաց է գրանցել, որ այժմ իր արժանի տեղն է զբաղեցնում աշխարհի լավագուն տասը համալսարանների շարքում: Հիրավի, տեղին է այստեղ հիշատակել մեր դաշնակցական կրթության նախարարներից մեկի այն կարծիքը, որ Հայաստանին կենսաքիմիկոսներ պետք չեն: Մեկ կարեւոր փաստ էլ նշեմ: Միչիգանի համալսարանի տարեկան բյուջեն կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար, ի գիտություն մեր վարչապետի:

Հարց է առաջանում, իսկ ինչ-որ մեկն աջակցո՞ւմ է համալսարանին, ունի՞ համալսարանը կայուն սպոնսերներ: Սա բավականին տարածված երեւույթ է ԱՄՆ-ում: Որքան ես եմ տեղյակ, Միչիգանի համալսարանի գումարների մեծ մասը գալիս է մասնավոր դոնորներից, այսինքն՝ նվիրատվությունների միջոցով: Օրինակ՝ մի քանի տարի առաջ ծխախոտ արտադրող ընկերությունները ֆինանսավորեցին համալսարանին կից «Life Science Institute»-ի կառուցումը եւ շահագործումը:

Այստեղ նաեւ տարածված է պրոֆեսորներին եւ նրանց գիտական խմբերին ֆինանսավորելը, հատկապես՝ այսպես կոչված, անվանական «endowed professorship»-ի տարածումը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես կհնչի դա մեզ մոտ՝ Հայաստանում: Օրինակ, «Ֆլեշ Բարսեղի» անվանական պրոֆեսոր կամ «Վեդի Ալկոյի» անվանական պրոֆեսոր: Սա նաեւ մեծ պատիվ է բերում բարեգործին: Իհարկե, ավելի տարածված են ուղղակի նվիրատվությունները այս կամ այն դեպարտամենտին: Ես, օրինակ, չեմ կարողանում հիշել գոնե մի դեպք, որ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետը ստացած լինի անվանական նվիրատվություն որեւէ ուղղություն զարգացնելու համար: Հիշում եմ՝ ակադեմիան նվիրատվություն-գումար ստացավ «ծերուկ գիտնականներին» հավելավճար տալու համար, բայց ես կտրականապես դեմ եմ նման պրակտիկային: Ավելի խելացի կլինի, եթե պոտենցիալ բարերարը մրցույթ հայտարարի մի քանի մասնագիտությունների գծով՝ անվանական ֆինանսավորում շնորհելու համար:

Սա է մեր իրականությունը եւ շատ մեծ աշխատանք է պետք տանել մայր բուհի՝ Երեւանի պետական համալսարանի բարի համբավը վերականգնելու համար: Այս առումով առաջին լուրջ քայլը կլինի կադրերի վերընտրության հարցը: Սա վերաբերում է նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացմանը ամբողջ աշխարհում ընդունված «թենուրային» մրցույթի միջոցով:

Այստեղ տեղին է նաեւ ակադեմիայի ապագայի մասին խոսելը: Ինչպես վարվել, ինչ ապագա ունի ակադեմիան: Իմ նախնական կարծիքն այն է, որ ակադեմիան այս ձեւով գոյատեւել չի կարող:

Սակայն սա արդեն այլ թեմա է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել