Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքում նվազել են հրդեհները

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Սյունիքում 2009 թվականի առաջին կիսամյակում հրդեհների 28 դեպք է արձանագրվել, հասցված նյութական վնասը՝ 7,366 միլիոն դրամ: Հրդեհների պատճառները տարբեր են, սկսած անզգույշ ծխելուց, կրակի հետ անփույթ վարվելուց, անտառներում միջոցառումներից հետո կրակը չմարելուց մինչեւ կարճ միացումներ եւ այլն: Այս ընթացքում հրդեհների հետեւանքով զոհվել է մեկ մարդ (Սիսիանի տարածաշրջանից), մեկ հոգի էլ վնասվածքներ է ստացել:

Կարճ միացման հետեւանքով հրդեհների առաջացման 9 դեպք է արձանագրվել, անզգույշ ծխելը հրդեհների բռնկման 6 դեպքի է հանգեցրել, հսկողությունից դուրս թողած բաց կրակի հետեւանքով 8 հրդեհ է եղել, հրդեհի 1 դեպք է գրանցվել սարքավորումների շահագործման կանոնների խախտման հետեւանքով: Մարզում 2 հրդեհ է բռնկվել երեխաների՝ կրակի հետ անզգույշ խաղալու արդյունքում, նույնքան էլ՝ տրանսպորտի տեխնիկական սարքավորումների անսարքության հետեւանքով:

Բռնկված հրդեհների հետեւանքով այս տարվա առաջին 6 ամիսներին 6,5 տոննա խոտ-ծղոտ է ոչնչացվել եւ 3 շինություն՝ կրակի ճիրաններում հայտնվել: Սյունիքի մարզի հրդեհային տեսչությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ամենաշատ հրդեհները արձանագրվել են գարնան ու ամռան ամիսներին: Գարնանը հիմնականում՝ նախապատրաստական աշխատանքներ կատարելու ժամանակ այգիներում վառած կրակներից, իսկ ամռանը մեծ մասամբ անտառներում եւ խոտհարքներում են հրդեհներ լինում:

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին հրդեհի միայն 8 դեպք է գրանցվել Կապանի տարածաշրջանում, որի հասցրած վնասը կազմում է 5,615 միլիոն դրամ, Քաջարանում՝ 2 դեպք, 59,5 հազար դրամ վնասի չափով: Մեղրիում՝ 5 եւ Ագարակում՝ 1 հրդեհ է գրանցվել, բայց բարեբախտաբար այստեղ վնասներ չեն եղել: 6-ական հրդեհ է գրանցվել Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում: Բռնկված հրդեհները Գորիսի տարածաշրջանին՝ 298,500 հազար դրամի եւ Սիսիանի տարածաշրջանին՝ 1,393 միլիոն դրամի վնաս են հասցրել:

Սյունիքի մարզային հրդեհային տեսչության տեղեկատվությամբ՝ 2008 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի հրդեհների դեպքերը նվազել են 40-ով, 8,665 միլիոն դրամով էլ նվազել է վնասի չափը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել