Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

200 միլիոնը քչությո՞ւն է արել

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Ախթալայի թիվ 1 դպրոցը կանվանակոչվի երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով

Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար այս տարվա սեպտեմբերի 1-ը նշանակալից էր: Երեքամյա ձգձգումներից հետո վերջապես ավարտվեց դպրոցի շենքի հիմնանորոգումը: Սեպտեմբերի 1-ին վերանորոգված դպրոցի բացման արարողությանը մասնակցելու համար Ախթալա էին ժամանել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

Տոնական օրվա առթիվ աշակերտներին շնորհավորանքի, իսկ փոխվարչապետին՝ շնորհակալական խոսքեր ուղղեցին դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը աշակերտներին շնորհավորելուց զատ, նաեւ խոստացավ դպրոցին նվիրել նոր լաբորատոր սարքավորումներ:

Ախթալայի թիվ 1 դպրոցի վերանորոգումը սկսվել է 2007 թվականին եւ այս երեք տարվա ընթացքում մամուլում բազմաթիվ անդրադարձներ են եղել վերանորոգման աշխատանքների ե՛ւ ձգձգումներին, ե՛ւ որակին: Ըստ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Վալերի Անտոնյանի, դպրոցի 3-ամյա վերանորոգման վրա ծախսվել է 202,5 միլիոն դրամ:

«Դպրոցի մանկավարժական խորհրդի հետ պայմանավորվածություն ունենք՝ կրթօջախը անվանակոչելու ենք նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվամբ: 2006-ին Անդրանիկ Մարգարյանը հյուրընկալվել էր Ախթալայում, ես անձամբ մոտեցել եմ նրան եւ խնդրել դպրոցի շենքի վերանորոգման հարցով, նա ընդառաջել է եւ 2007-ին սկսվել է վերանորոգումը: Ի երախտագիտություն երջանկահիշատակ վարչապետի՝ մեր դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշեց դպրոցը անվանակոչել Անդրանիկ Մարգարյանի անունով: 540 աշակերտների համար նախատեսված դպրոցի տիպային շենքը վաղուց զգում էր վերանորոգման կարիք: Երեք տարվա ընթացքում դպրոցի շինարարական աշխատանքները կատարվել են երեխաների ամառային արձակուրդների ընթացքում»,- ասաց դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը: Ախթալայի թիվ 1 դպրոցում սովորում է 132 աշակերտ, աշխատում՝ 18 ուսուցիչ, որոնցից ընդամենը երեքն են տղամարդ:

Թեեւ նորոգման համար ծախսվել է պատկառելի գումար, սակայն ձմռանը չեն ջեռուցվի դպրոցի երկու մարզադահլիճները, եւ աշակերտները մարզական պարապմունքները ստիպված կանցկացնեն ցուրտ դահլիճներում: Անբարեկարգ են մնացել դպրոցի բակն ու դարպասները: Առանձին դասարաններում տեղադրված էին անհարմար, հին ու մաշված նստարաններ, որի համար մարզպետ Արամ Քոչարյանը սաստեց դպրոցի տնօրենին. «Ցույց տուր այնտեղ, որտեղ ամեն ինչ կարգին է»: Սոցիալական ապահովագրության պետական ծառայության պետ, հանրապետական Վազգեն Խաչիկյանն էլ, որի եղբայրը Ախթալայի քաղաքապետն է, լրագրողներին ասաց, որ դպրոցի բակի բարեկարգման աշխատանքները կկատարվեն Ախթալայի քաղաքապետարանի միջոցներով, իսկ դպրոցի չջեռուցվող դահլիճների համար մյուս տարի կհատկացվեն լրացուցիչ գումարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել