Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԴՊՐՈՑԸ

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Սեպտեմբերի 1-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի համար կրկնակի տոն էր՝ բացվեց հիմնանորոգված հանրակրթական դպրոցը, ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ թիվ 3 դպրոցի շրջանավարտ, բարերար Սերգեյ Համբարձումյանը, ում ներդրումներով էլ հիմնանորոգվել է կրթօջախը:

1949 թվականին հիմնադրված եւ ռուսաց լեզվով դասավանդվող կրթօջախը 1988 թվականին դարձել է մայրենի լեզվով ուսուցմամբ դպրոց: 2009 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Սերգեյ Համբարձումյանի անձնական ներդրումների շնորհիվ 316 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվել դպրոցում եւ այն դարձել է եվրոպական չափանիշներին համապատասխան ժամանակակից կրթօջախ: Ամբողջովին վերակառուցվել, հիմնանորոգվել են սանհանգույցները, ներքին հարդարման աշխատանքներ են արվել, նորացվել է գույքը, դպրոցը կահավորվել է աշակերտական նոր սեղան-աթոռներով, ապահովվել համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակներով: Հիմնանորոգվել են ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգերը, վերանորոգվել է մարզադահլիճը եւ այլն:

\"\"Դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանի խոսքերով, այս ուստարում ավելացել է աշակերտների հոսքը: Նոր ուսումնական տարում դպրոց է հաճախել 510 աշակերտ, նախորդ տարի այստեղ սովորողների թիվը 417 էր:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքերով հանդես եկան հյուրերը, բարերարն ու մարզպետը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է ապահովել իր երիտասարդ սերնդի կրթությանն առնչվող բոլոր խնդիրները: Սակայն այս ոլորտում ներդրված 100-ավոր միլիոններն էլ քիչ են լինում լուծել բոլոր այդ հիմնահարցերը եւ այստեղ է անհրաժեշտություն առաջանում այսպիսի բարերարների, որոնք իրենց միջոցները չեն խնայում դպրոցին օգտակար լինելու համար: ՀՀ նախագահը լաբորատոր սարքավորումներ նվիրաբերեց հիմնանորոգված կրթօջախին: Կապանի թիվ 3 դպրոցի շրջանավարտ, բարերար Սերգեյ Համբարձումյանը դպրոցականներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ եւ կոչ արեց բոլոր այն շրջանավարտներին, որոնք ունեն հնարավորություն՝ չվարանեն եւ հետեւեն իր օրինակին:

Սյունիքի մարզպետի 2009 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումով Սյունիքի մարզում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ու զարգացման, կրթության եւ մշակույթի բնագավառներում ունեցած անձնական ներդրումների, իրականացրած բարեգործական ձեռնարկումների համար պատվավոր սյունեցու կոչում շնորհվեց եւ «Ակսել Բակունց» հուշամեդալով պարգեւատրվեց Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, բարերար եւ գործարար Սերգեյ Համբարձումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել