Երեւանի Եկմալյան 1-ին փողոցի թիվ 1 տան նախկին բնակիչ Հարություն Թյունիբաբյանն ու մի շարք այլ նախկին բնակիչներ (1-3 տներ) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքում հայտնել էին, որ 2006թ. ապրիլի 29-ին «ԳՐԱԴԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն, ի դեմս փոխտնօրեն Ս. Աղազարյանի, Երեւանի քաղաքապետի լիազորված անձը հանդիսանալով եւ վկայակոչելով ՀՀ կառավարության 2004թ. թիվ 909-Ն, 2005թ. թիվ 1110-Ա, 2002թ. թիվ 1151 որոշումները՝ Երեւանի գլխավոր պողոտայում պետական քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով, իրենց հետ կնքել է պայմանագրեր: Պայմանագրերի համաձայն «ԳՐԱԴԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչեւ 2008թ. հունիսը վերոնշյալ հասցեում, իր կողմից կառուցվող շենքում բնակարաններ հատկացնել նախկին սեփականատերերին, իսկ չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուգանք վճարել բնակարանի՝ տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքի 0,03 տոկոսի չափով: Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով դիմել է Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանին, տեղեկացնելով, որ մինչ օրս շենքը չի կառուցվել եւ ոչ մի հատուցում չի տրվել, ինչի արդյունքում ավելի քան 60 ՀՀ քաղաքացիներ մնացել են անօթեւան: Պաշտպանը միաժամանակ քաղաքապետից խնդրել է դիմումում նշված տեղեկությունների վերաբերյալ ներկայացնել պարզաբանում, այն էլ 20-օրյա ժամկետում: