Մոտ 2 ամիս առաջ ՀՀ քաղաքացի Ջեյմս Ստեփանյանն ընկերների հետ Քոբուլեթի քաղաքում հանգստանալու ժամանակ ենթարկվել էր ավազակային հարձակման: Նրանց վարձած բնակարանից ավազակների խումբը գողացել էր բոլորի բջջային հեռախոսները, ձեռքի ժամացույցները եւ այլ մանր իրեր: Այս մասին «Առավոտն» անդրադարձել է 18.07.2009 թվականի՝ «Ձեզ աղքատի տեղ դրեք» հրապարակման մեջ: Միջադեպից հետո Ջ. Ստեփանյանը դիմել էր Քոբուլեթիի իրավապահ մարմիններին՝ գրեթե հույս չունենալով, որ գործը կբացահայտվի, քանի որ Ջ. Ստեփանյանը համոզված է, որ կոնկրետ Քոբուլեթիում գործում են գողերի ու ավազակների բազմաթիվ խմբավորումներ, որոնք համագործակցում են ոստիկանների հետ:
Նկատի ունենալով, որ հայերը սովորություն ունեն թանկարժեք զարդերով ու ոսկեղենով գնալ հանգստանալու, Ջ. Ստեփանյանի եւ ընկերների գլխին եկած դեպքից հետո նրանք Վրաստանի ծովափնյա հանգստավայրեր մեկնող մեր հայրենակիցներին խորհուրդ էին տալիս իրենց հետ ավելորդ թանկարժեք իրեր չտանել:
Օրերս Վրաստանի ներքին գործերի գլխավոր վարչությունից նրան նամակի միջոցով տեղեկացրել են, որ գողերին բռնել են: Պարոն Ստեփանյանը հրավիրվել է Քոբուլեթի՝ մասնակցելու իր դատական գործին:
Ըստ Ջ. Ստեփանյանի, հետաքննության արդյունքում պարզվել է, որ գողը տեղի պետավտոտեսչության պետի տղան է՝ Օսիկո Խախուտաիշվիլին, որը մեկ անգամ արդեն դատված է եղել ու գողության պահին էլ գտնվել է 5 տարվա պայմանական ազատազրկման մեջ: Դատական նիստից հետո դատարանը որոշել է պաշտոնյայի որդուն դատապարտել 15 տարվա ազատազրկման: