Օրենքը այլեւս անհրաժեշտություն է
Վանաձորի Հելսինկյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ նշվեց Անհայտ կորածների միջազգային օրը: Հելսինկյաններն առաջարկում են համանուն օրենքի նախագիծ, որով կկարգավորվի կորածների հարազատների ու անտարբեր պետության միջեւ իրավահարաբերությունները: Իրավապաշտպանները մինչ այդ ներկայացրել էին 1992թ. հունիսի 29-ին անհայտ հանգամանքներում կորածների մասին հոդվածաշարեր, որոնք տեղ էին գտել տարբեր ԶԼՄ-ներում:
16 տարի անց ինտերնետային կայքէջում տեղադրվեց մի տեսանյութ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարեց Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ՀՀ պետական հանձնաժողովին՝ պարզելու տեսանյութի ծագման եւ ինտերնետային կայքում տեղադրելու հանգամանքները:
«Խնդիրն այն է, որ 16 տարի շարունակ «Արաբո» ջոկատի մարտիկները, որոնք ընդգրկված էին Հոկտեմբերյանի «Արծիվ» ջոկատի կազմում, համարվում էին անհայտ կորած եւ հայտնի չէր նրանց ճակատագիրը եւ գտնվելու հավանական վայրը: Տեսանյութում հստակ երեւում է, որ 79 մարտիկներ զոհված են բաց տեղանքում»,- ասում է Հելսինկյան գրասենյակի պատասխանատու Ա. Սաքունցը:
Ի դեպ, մինչ այժմ տեսանյութի ծագման, տեղադրման, մարտիկների զոհվելու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրության կամ հետաքննության որեւէ գործողության կամ արդյունքների մասին հայտնի չէ հասարակությանը:
Իրավապաշտպանները հարցնում են, թե ով է եղել պատասխանատուն 1992 թ. հունիսի 28-ին՝ ջոկատի զոհվելու նախորդ օրը, ռազմական գործողությունների տարածքում իրականացված հետախուզության համար: Իրականացվե՞լ է, արդյոք, ՀՀ պաշտպանության նախարարության կամ պետական այլ մարմինների կողմից ջոկատի զոհվելու հանգամանքների ուսումնասիրություն, որո՞նք են այդ ուսումնասիրության եզրակացությունները եւ ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել:
Հարցերի հարցը մնում է այս. ուսումնասիրվե՞լ են 1992 թ. հունիսին մի շարք հրամանատարների զոհվելու հանգամանքները եւ արդյոք դրանք դարձե՞լ են ուսումնասիրության հարց, եթե ոչ՝ ինչու:
Առանձին խոսակցություն ծավալվեց նաեւ Շիկահողի թիվ 6 գումարտակի 22 զինծառայողների անհայտ կորչելու հանգամանքների մասին (ըստ գումարտակի հրամանատար Մարտուն Օհանի Բադալյանի կնոջ հաղորդած տեղեկատվության).
1994թ. հունվարի 4-ին Մ. Բադալյանը դուրս է եկել տնից բրիգադի հրամանատար Միքայել Գրիգորյանի մոտ խորհրդակցության մասնակցելու նպատակով:
Հունվարի 5-ի առավոտյան գտնվել է Շիկահող գյուղում: Կինը խոսել է ամուսնու հետ եւ Մ. Բադալյանը հայտնել է. «Եթե ես չգամ տուն, դու երեխաներին կվերցնես ու կգնաս գյուղ»:
Հունվարի 6-ի առավոտյան գումարտակը բրիգադի հրամանատարի հրամանով տեղափոխվում է Հորադիզ:
Հունվարի 7-ին գումարտակը մարտական գործողություններն արդեն իրականացնում էր առաջին գծում:
Հունվարի 7-ի ուշ երեկոյան Մ. Բադալյանի երկու եղբայրները գալիս են նրա տուն եւ կնոջը հայտնում, որ Մ. Բադալյանը զոհվել է (Կապանում արդեն դրա մասին լուրերը տարածվել էին):