Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Սեպտեմբեր 02,2009 00:00

Երեկ լուսադեմին պաշտպանության նախարարության հոսպիտալում, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ Վայքի զորամասում իր ծառայությունը 3 ամիս առաջ սկսած զինծառայող Արամ Մկրտչյանը:

Նրան անմարդկային ծեծի էր ենթարկել վաշտի հրամանատարը՝ կապիտան Անդոկ Գալստյանը:

\"\"Մկրտչյանի հարազատները նախորդ օրը գնացել էին Վայքի զորամաս՝ զրուցելու հերթապահի, զինվորների հետ:

Զորամասում սպասողական վիճակ է եղել, շատերը՝ սարսափած: Իսկ նույն պահին նրանք ականատես են եղել մեկ այլ զինվորի ծեծի…

Ըստ նախնական տեղեկատվության, զինվոր Մկրտչյանը առավոտյան չի ցանկացել ֆիզպատրաստության մասնակցել, պատճառաբանելով, որ աջ կողմը ցավում է: Հրամանատարը զայրացել է ու նրան ծեծի ենթարկել: Դա եղել է առավոտյան ժ.6.20-6.45-ի սահմաններում:

Մինչեւ ժ.11.30-ը, ըստ տուժողի հարազատների, որոնց տեղում են պատմել, գտնվել է անօգնական վիճակում:

Հարվածները զինվորը ստացել է գլխին, ոտքերին, ուր առկա էին հետքերը, որովայնի շրջանում:

Մեկ այլ տեղեկատվության համաձայն, որին չեն հավատում հարազատները, երբ շտապօգնության ավտոմեքենա են կանչել, Արամն իբր իր ոտքով է գնացել դեպի մեքենան:

Նախ, քրեական գործ է հարուցվել իշխանազանցության հոդվածով, որն առաջ է բերել ծանր հետեւանքներ: Սա այն դեպքում, երբ Արամի կյանքը փրկելու համար բժիշկները դեռ վիրահատում էին նրան:

Հրամանատարը ձերբակալվել է եւ պահվում է Վայոց ձորի ռազմական ոստիկանությունում:

Պաշտպանության նախարարությունը Մկրտչյանների ընտանիքին առաջարկել է սգո արարողության համար փոխհատուցում, ինչից նրանք հրաժարվել են:

Երեկ պաշտպանության նախարարը «Արիության դասեր» էր տալիս ուսումնական հաստատություններում: Տեսնես հիշե՞ց, որ այս տարվա զորակոչից հետո խաղաղ պայմաններում իր երկրորդ զինվորը կորցրեց:

«Առավոտը» ցավակցում է Մկրտչյանների ընտանիքին՝ անդառնալի կորստի համար, խորապես կիսելով նրանց վիշտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել