Ինչպես հայտնի անեկդոտում են ասում՝ եզդին, որ ոչխար չունեցավ՝ հայ է
Շուտով Հայաստանում ոչխարների գինը եռակի թանկանալու է: Եթե հիմա 1 ոչխարն արժե 30-40 հազար դրամ, ձմռանն արդեն նույն ոչխարը վաճառելու են 100 հազար դրամով: Երեկ այսպիսի մտահոգություն հայտնեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Ըստ նրա, ներկայումս Հայաստանից մեծ քանակությամբ գառ ու ոչխար է արտահանվում Իրան, ու եթե կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկի՝ շուտով այլեւս Հայաստանում գառ ու ոչխար չի մնա. «Մեկ մայր ոչխարը մեկ գառ է տալիս, բոլոր մայր ոչխարներին տանում են Պարսկաստան, էնտեղից էլ՝ Թուրքիա, ու մեր ոչխարները չեն բազմանում»:
Ազիզ Թամոյանի տվյալներով՝ օրինակ, Զովունիի Ամո թաղամասում եզդիներն անցյալ տարի 30 հազար մանր ու խոշոր եղջերավոր անասուն են ունեցել, իսկ հիմա նրանց անասունների թիվը հազիվ 2000-ի է հասնում: Դրա համար էլ, եթե նախորդ տարի 1 գառը եզդիները վաճառում էին 20 հազար դրամով, հիմա ամենանիհար գառը 30 հազարով են վաճառում. «Ես կառավարությանը կոչ եմ անում՝ արտահանման դեմն առնել. եթե ուզում եք, որ այստեղ եզդի համայնքը պահպանվի՝ պիտի մի բան անեք, որ եզդիները շարունակեն ոչխար ունենալ, որովհետեւ, եթե եզդին ոչխար չունեցավ, կթողնի տուն-տեղ՝ կգնա արտագնա աշխատանքի»: Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ ոչխարի գնի բարձրացումը ձեռնտու է նաեւ հենց իրենց՝ եզդիներին, պարոն Թամոյանը ասաց. «Այո, բայց դրա արդյունքում շուտով ոչխար չենք ունենա, մեր եզդիներից գալիս են էժան առնում-տանում են, Պարսկաստանում ու Թուրքիայում 10 անգամ բարձր գնով ծախում են, շատ դեպքերում եզդիներին խաբում են՝ փողն էլ չեն տալիս: Վերջին տարիներին եզդիները խրատվել են ու նիսյայով ոչխար ծախելու դեպքում գնորդից ստորագրություն են վերցնում, որ չխաբվեն, բայց նույնիսկ այդ դեպքում էլ շատերը ստորագրում են ու թողնում-փախչում, իսկ եզդին չի կարողանում սարերից իջնի՝ գա ընկնի դատարանների դռները, որ կարողանա իր մի գառան փողը վերցնի»:
Համայն եզդիների նախագահը գտնում է, որ եթե մեր կառավարությունն այս հարցով չզբաղվի՝ շուտով Հայաստանի ոչխարները կգրվեն «Կարմիր գրքում». «Հայաստանը չի կարող հարեւաններից ոչխար ներմուծել, Թուրքիան թույլ չի տա, Ռուսաստանը չունի, իսկ Վրաստանում էլ միայն ռամբուլ ոչխարներ են՝ բալբաբցիների ցեղի, իսկ դրանց մսի որակը լավը չէ, Հայաստանի եզդիների պահած ոչխարներին ոչ մի բան չի հասնի»:
Պարոն Թամոյանը հույս ունի, որ գոնե այն օլիգարխները, որոնք գառան խորովածի սիրահար են, կմիանան իր՝ «ոչխարների արտահանման դեմ» պայքարին ու կնպաստեն Հայաստանում եզդի համայնքի պահպանմանը: