Հայաստան ներկրվող սննդի բազմաթիվ տեսակներ գենոմոդիֆիկացված են
Այսօր սննդի շուկան սպառողին ընտրության մեծ հնարավորություն է առաջարկում: Բայց շատ հաճախ մեր առօրյայում օգտագործվում է սնունդ, որի կենսաբանական ծագման մասին գրեթե ոչինչ չգիտենք: Ո՞ւր են կորել հայկական համեղ լոլիկներն ու կարտոֆիլները: Արդյո՞ք շուկայում առկա սննդամթերքը պատրաստված եւ աճեցված է բնական պայմաններում եւ այն բացասական ազդեցություն չի թողնում մարդու օրգանիզմի եւ շրջակա միջավայրի վրա: Մասնագետների ներկայացմամբ, առողջության հետ կապված խնդիրները միշտ չէ, որ կրում են ժառանգական կամ գենետիկական բնույթ: Մարդու օրգանիզմի ու աշխատունակության վրա մեծ ներգործություն ունի օգտագործվող սննդամթերքը, ավելի ճիշտ՝ սննդամթերքի բաղադրությունը, որի մեջ մտնում են տարբեր հավելումներ:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց կենսաքիմիկոս Ալբերտ Անտոնյանը, այսօր մեծ տարածում գտած գենոմոդիֆիկացված օրգանիզմները մեզ օտար են. «Առողջության համար իհարկե վնասակար են: Օրինակ, գենոմոդիֆիկացված սոյան նպաստել է, որ կենդանիները մահանան՝ դեռ չծնված»:
Ալբերտ Անտոնյանի խոսքերով, բնությունը փակ տարածություն չէ, այն չի կարելի դիտարկել որպես ակվարիում, որտեղ մասնագետները կարող են փորձեր կատարել: Մեր հարցին, թե ինչպե՞ս կարող են նման օրգանիզմները վնասել մարդուն եւ ինչպե՞ս պետք է պայքարել դրանց դեմ, կենսաքիմիկոսը պատասխանեց. «Ալերգիայից մինչեւ մահ: Նախ պետք է այնպես անել, որ Կովկաս չմտնեն գենոմոդիֆիկացված բույսերն ու սերմերը, որպեսզի մենք գործածենք մեր օգտագործած պոմիդորը: Իսկ մեր այսօրվա պոմիդորը արդեն կասկածելի է. ավելի ամուր է, ավելի կարմիր է, ավելի դիմացկուն: Ենթադրություններ կան, որ դա գենոմոդիֆիկացված է: Մենք փչացնում ենք, փաստորեն, բնությունը: Հաշվի առնելով մեր երկրի փոքր գյուղատնտեսական տարածքները եւ այն, որ Հայաստանը հանդես է գալիս կենսաբազմազանության հայտնի օրրաններից մեկը, որպեսզի չվնասենք մեր կենսաբազմազանությանը, մենք առաջարկել ենք, որպեսզի Հայաստանը լինի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներից ազատ գոտի»:
Ըստ մասնագետների, այս ամենից բացի, վերանում են նաեւ բանջարեղենի ավանդական տեսակները: Բացի այդ, գենետիկական աղտոտումը կարող է առաջացնել գլոբալ փոփոխություններ: Տրանսգենային բույսերի օգտագործման դեպքում հողը կորցնում է բերրիությունը, դառնում անպիտան մյուս բուսատեսակների համար:
Գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմների վնասակար ազդեցության մասին վկայում է նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը. «Բավականին շատ են դեպքերը, երբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները կամ դրանք պարունակող սննդամթերքը պատճառ են դարձել տարբեր տեսակի թունավորումների, բավականին շատ են ալերգիկ երեւույթները ազգաբնակչության մեջ, իսկ թե ինչո՞ւ չեն պայքարում, որովհետեւ այդ կորպորացիաները միլիարդավոր գումարներ են դնում այս բիզնեսի զարգացման մեջ»: Հ/կ-ն 2008թ. տարեսկզբին գյուղնախարարությանը առաջարկել էր փոփոխություն կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես այն սննդամթերքը, որոնց բաղադրության մեջ 0.9%-ից ավելի կլինեն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները, տուփի վրա պարտադիր նշվի դրա մասին. «Ուրախ եմ, որ նախարարությունը մեր առաջարկն ընդունել է նախագծում, ուղարկվել է միջազգային փորձաքննության եւ հուսով եմ, որ այն կհասնի ԱԺ, եւ ԱԺ-ն էլ կամրագրի օրենքում»:
Մեր հարցին, թե մինչ օրենքի ամրագրումը, ինչպե՞ս պետք է պաշտպանվի սպառողի իրավունքը, եւ եթե որեւէ մեկն առողջական խնդիրներ ունենա, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, պարոն Եղոյանն ասաց. «Եթե չկա տեղեկատվություն ապրանքի վրա, սպառողը չի կարող լինել պաշտպանված, ուրիշ բան, եթե կան եվրոպական այլ ապրանքատեսակներ, որոնք արդեն մակնշված են, այդ դեպքում սպառողը կարդալով մակնշվածը, կարող է ընտրություն կատարել: Իսկ այսօր դեռ նման տեղեկատվություն չկա: Հետեւաբար, սպառողն էլ չունի ընտրության հնարավորություն: Այս առումով սպառողի պաշտպանվածության հարցը չափազանց բարդ է այսօր»:
Նշենք նաեւ, որ առողջության համար վնասակար են նաեւ զանազան «մաստականման» կոնֆետները։ Այս կոնֆետների մեջ շաքարից բացի, կան նաեւ մեծ քանակությամբ քիմիական հավելանյութեր: Նույնը կարելի է ասել նաեւ երեխաների այդքան սիրած չիպսերի եւ զանազան ըմպելիքների մասին:
Ըստ Ա. Անտոնյանի, շոկոլադների եւ օսլայի մեջ եւս մտնում են նյութեր, որոնք գենոմոդիֆիկացված են: Մասնագետների ներկայացմամբ, վերջին տարիներին արդյունաբերական նպատակներով ստեղծվում են գենոմոդիֆիկացված ծառերի տնկադաշտեր: Այդպիսի ծառերն աճում են ավելի արագ՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում ավելանալով մի քանի մետրով: Այս տեսակները, շնորհիվ արագ աճելու ընդունակության, տարածվելով անտառների եւ այգիների մեջ, կարող են դուրս մղել մյուս տեսակներին, որոնք ոչ մրցունակ են լույսի, հողի եւ ջրի համար: