Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՆՎԱԶՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Սեպտեմբեր 02,2009 00:00

2009-ի հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալը, 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է 10,6%-ով: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ, տարեսկզբի առաջին 7 ամիսներին ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալը 2008-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել է 13,7%-ով:

Ի տարբերություն բեռնափոխադրումների, ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղեւորափոխադրումների ծավալը աճել է 2,2 %-ով:

Վիճվարչությունը հրապարակել է նաեւ Հայաստանի արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքի ցուցանիշները նախորդ ամիսների ընթացքում: Ըստ այդմ, 2009-ի հունվար-հուլիսին հանրապետությունում, 2008-ի նույն ամիսների նկատմամբ, արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 88%: Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նշված ժամանակահատվածում, 7638 գյուղացիական տնտեսություններից ստացված հարցաթերթերի տվյալներով, կազմել է 190,9 մլրդ դրամ, որը 2008-ի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից ցածր է 2,1%-ով:

Նշենք նաեւ, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատությամբ, 33,3%-ով աճել է նաեւ մեր երկրի պետական պարտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել