Մեկ ամսից արդեն կքննարկվեն հայ-վրացական սահմանին մեկ միացյալ մաքսակետի ստեղծման տեխնիկական հարցերը: Երեկ այս մասին տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը: Պարոն Շաբոյանի խոսքերով, միացյալ մաքսակետի հարցը քննարկման էր դրվել դեռեւս նախորդ տարի, մասնավորապես՝ դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում կայացած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ժամանակ: Սակայն հարցն առավել կարեւորություն ստացավ օրերս՝ Երեւան-Բաթում՝ հարավ-հյուսիս միասնական մայրուղու կառուցման աշխատանքների շրջանակում:
Նշենք, որ այսօր Վրաստանի հետ սահմանը հիմնականում հատում ենք Բագրատաշենի մաքսակետով, որին էլ բաժին է ընկնում դեպի հարեւան երկիր ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների հիմնական ծավալը: Այդ երթուղով Երեւան-Բաթում ճանապարհը 650 կմ է, մինչդեռ նոր կառուցվող մայրուղին հեռավորությունը կկրճատի 200 կմ-ով, այսինքն՝ 10-12 ժամվա փոխարեն Երեւանից Բաթում հնարավոր կլինի հասնել 6-7 ժամում: Ճանապարհի կառուցապատման աշխատանքներն արդեն սկսված են եւ նախատեսվում է, որ 2010-ին այն արդեն պատրաստ կլինի շահագործման: Ա. Շաբոյանի հավաստմամբ, շահագործման պահից նոր ճանապարհը բեռնափոխադրումների զգալի ծավալ կապահովի:
Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, օրերս աշխատանքային այցով հայկական պատվիրակության հետ Վրաստան էր այցելել նաեւ Ա. Շաբոյանը: Նրա խոսքերով. «Աշխատանքային քննարկման ժամանակ պայմանավորվեցինք սեպտեմբերի առաջին տասնօրյակում հանդիպել հայ-վրացական սահմանակետում, հավանաբար՝ Բագրատաշենում, արդեն ավելի կոնկրետ քննարկելու մաքսակետի ստեղծան տեխնիկական հարցերը»: ՊԵԿ նախագահի տեղակալը տեղեկացրեց նաեւ, որ նախատեսված է միացյալ մաքսակետեր ունենալ Վրաստանի հետ բոլոր երեք սահմանակետերում՝ Բագրատաշենում, Բավրայում, Գոգավանում: