Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՇԱՏ ՎՍՏԱՀԵԼ ՊԵՏՔ ՉԷ»

Սեպտեմբեր 02,2009 00:00

Ասում է Պետական գնումների գործակալության պետի տեղակալ Արթուր Առաքելյանը

\"\"Նախորդ ամիսների ընթացքում Պետական գնումների գործակալությունը զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հայտարարում էր այս կամ այն մրցույթի անցկացման մասին: Օրինակ, այս տարվա օգոստոսի 27-ին հայտարարվել է «պետության կարիքների համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցույթ», ընթացիկ ամսվա ընթացքում հայտարարվել է նաեւ գույքի, շինանյութերի, բժշկական սարքավորումների գնման եւ մի շարք այլ մրցույթներ: Տպավորություն է ստեղծվում, թե կառավարության այն պահանջը, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական կառույցները հնարավորինս պետք է կրճատեն ծախսերը, անտեսված է: «Առավոտը» փորձեց գնումների գործակալությունից պարզել, թե նախորդ տարիների համեմատությամբ ինչքանո՞վ են նախարարությունները կամ պետական այլ գերատեսչությունները կրճատել իրենց գնումները: «Առավոտի» հետ զրույցում Պետական գնումների գործակալության պետի տեղակալ Արթուր Առաքելյանը պարզաբանեց. «Անցյալ տարի կնքած պայմանագրերի ողջ գումարը կազմել է 106,6 միլիարդ դրամ, այս տարի, սեպտեմբերի 1-ի դրությամբ այդ գումարը դեռեւս 99,9 միլիարդ է»:

Մեզ հետ զրույցում Ա. Առաքելյանը նշեց նաեւ, որ չնայած իրենց գործակալությունում ամեն ինչ չէ, որ իդեալական է, սակայն իրենք փորձում են թերությունները շտկել. «Հանրության մեջ էլ կան դժգոհություններ: Երեւի թե առաջին անգամ է, որ մենք խոսում ենք մեր պրոբլեմների մասին: Շուտով այս կամ այն մրցույթին մասնակցելու համար ընկերությունները ստիպված չեն լինի մի ամբողջ թղթապանակով փաստաթղթեր ներկայացնել: Այդ թղթապանակը կներկայացնի այն ընկերությունը, որը հաղթող կճանաչվի հայտարարված մրցույթում: Այս նորությունը դեռեւս չի կիրառվում, սակայն շուտով այն շրջանառության մեջ կդրվի»:

Մեր այն հարցին, իսկ թերությո՞ւն չէ նաեւ այն, որ հայտարարած պարբերական մրցույթների ժամանակ հաղթող է ճանաչվում միայն մեկ ընկերություն, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Պարբերական մրցույթների ընթացակարգից մենք էլ էինք դժգոհ: Ամբողջ աշխարհում այդ մրցույթները ընդունված պայմանագրային ձեւեր են: Այն ապրանքները, որոնք պարբերաբար սպառում ունեն, դրանց համար առանձին ընթացակարգ կիրառելը համարվում է սխալ: Դրա համար կան երկարաժամկետ տեւողությամբ պայմանագրեր, որոնք գործում են այսօրվա օրենսդրությամբ, դրանց ժամկետը 3 տարի է: Ինչ վերաբերում է մեկ ընկերության հաղթելուն, ապա ասեմ, որ սա շատ էր դժգոհություններ առաջացնում: Ելնելով դրանից, մենք առաջարկեցինք նոր պայման: Եթե նախկինում տեղի էր ունենում մրցույթ եւ կնքվում էր պայմանագիր 2 տարով, եւ այդ 2 տարում որեւէ ձեւով մենք չէինք կարողանում ազդել գնագոյացման վրա եւ այն ընկերությունը, որն ավելի էֆեկտիվ առաջարկ էր անում՝ չէր կարողանում մտնել գործընթացի մեջ, մենք դա արդեն փոփոխել ենք: Հիմա ով՝ որ պահից ցանկանա կարող է գալ, գրանցվել եւ դառնալ մատակարար: Այսպես մենք ապահովել ենք մեծ մրցակցություն: Դրա արդյունքում մենք բենզինը ձեռք ենք բերում շատ ցածր գնով: Այս ամենին մենք հասել ենք մրցակցության հաշվին: Ամեն 3 ամիսը մեկ անգամ 3 խոշոր ընկերություններ գին են առաջարկում: Չեմ ցանկանում ձեզ նկարագրել մի իրավիճակ, որ ամեն ինչ գերազանց է, չէ, այստեղ ամեն ինչ ռիսկային է: Գնումներն ամբողջ աշխարհում այն ոլորտներից են, որոնք պարունակում են իրենց մեջ շատ մեծ ռիսկեր»:

Մեր այն հարցին էլ, թե որեւէ պաշտոնյա կարո՞ղ է այնպիսի պետական գնում հայտարարել, որը պետբյուջեով ներառված չլինի, Ա. Առաքելյանը պատասխանեց. «Այդ հարցը ձեր մեջ չէր առաջանա, եթե հիմա մեզ մոտ լիներ նորմավորում: Օրինակ՝ սովետմիության ժամանակ կային հաստափոր գրքեր, որտեղ ամրագրված էր, թե պաշտոնյան ինչ տիպի գրիչով պետք է իր կանոնադրական պարտականությունները կատարի կամ քանի քմ պետք է լինի նրա առանձնասենյակը, ինչ մեքենա պետք է նա վարի: Մենք հիմա դա չունենք: Ֆինանսների նախարարության հետ միասին նախաձեռնեցինք եւ սահմանեցինք ավտոմեքենաների գինը, օրինակ՝ նախարարների համար սահմանվեց 12 միլիոն դրամը: Ինչպես ավտոմեքենաներինը արեցինք, այնպես էլ պետք է մնացած ապրանքներինն անել»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ հայտարարված մրցույթներում հաճախ հաղթող են ճանաչվում գործակալության աշխատակիցների ծանոթներն ու բարեկամները, պարոն Առաքելյանն ասաց. «Այդ խոսակցությունները չեմ կարող բացառել: Եթե մենք ունենք մրցույթի 10 մասնակից, 9-ը դժգոհ է մրցույթի ընթացքից: Պատճառն այն է, որ չեն հաղթել: Պատի տակի խոսակցությունները հաճախ իրական չեն լինում: Մրցույթի հայտերը կարող են հանձնվել ցանկացած պահի, սակայն մեր պրակտիկան ցույց է տալիս, որ մրցույթների մասնակիցները դրանք հանձնում են ամենավերջին օրը, ամենավերջին ժամին, վերջին րոպեին: Նորմալ է, ես կարծում եմ, որ պետք չէ շատ վստահել մեզ: Բերում են ծրարը, հանձնում են քարտուղարին, այն գրանցվում է: Բոլորը միասին բարձրանում են նիստի: Բոլորի աչքի առջեւ բացվում են ծրարները: Միայն մեկ հնարավորություն կա մրցույթի մասնակցի շահը ոտնահարելու, երբ նրա ծրարը առանց բացելու պարզապես պատռեն: Սակայն, եթե պրոցեսին մասնակից դառնաք, կտեսնեք, որ եթե հանձնաժողովի անդամը աճպարար չէ, ապա նման բան անել անհնար է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել