Երեկ վստահեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ դռնփակ՝ առանց լրագրողների հանդիպում էր ունեցել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների եւ առաջին կուրսի ուսանողների հետ: Նա նաեւ հրաժարվել էր պատասխանել թղթակիցների հարցերին: Սակայն հետո ԱԳՆ կայքէջում տեղադրվեց ԵՊՀ-ում Էդվարդ Նալբանդյանի ելույթի ձայնագրությունը:
Ըստ այդմ՝ ԱԳ նախարարը մասնավորապես ասել էր. «Կցանկանայի խոսել մեր դիվանագիտական գործունեության արդյունքների ընկալման մասին մեր գործընկերների եւ զրուցակիցների կողմից՝ ոչ միայն արտերկրում, այլ նաեւ մեր երկրի ներսում: Միջազգային ասպարեզում Հայաստանն այսօր ներկայանում է որպես հուսալի գործընկեր, որի մոտեցումներն աշխարհում ընկալվում են եւ ողջունվում: Մինչդեռ ներսում երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեզանում մի տեսակ անվստահություն կա մեր իսկ ուժերի նկատմամբ: Կարծես չենք ուզում հավատալ, որ Հայաստանն ի վիճակի է հանդես գալ հաշվենկատ նախաձեռնություններով, միջազգային ասպարեզում անցկացնել իր տեսակետները, բարդ ու բազմաքայլ իրավիճակներից դուրս գալ ոչ միայն առանց կորստի, այլեւ շահած: Թույլի, ուրիշների ենթադրյալ ճնշումների պարտադրության տակ գործողի հոգեբանությամբ մենք երբեք չենք կարող հասնել այն հավակնոտ ծրագրերի իրականացմանը, որոնք դրել ենք մեր առջեւ: Ասվածը հատկապես վերաբերում է երկու ուղղությունների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցություններին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին»:
Էդվարդ Նալբանդյանը վստահեցրել է, որ ԼՂ հիմնահարցի առնչությամբ «Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն ընկալելի է միջազգային հանրության կողմից. այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանում՝ նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ անխափան կապի առկայություն, ԼՂ համապարփակ, բազմաշերտ անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ միջազգային: Սրանք են մեր հիմնարար սկզբունքները, որոնք արտացոլված են նաեւ տարվա ընթացքում տարբեր միջազգային ատյաններում ընդունված փաստաթղթերում»: Նա նաեւ հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կլինի՝ հնարավոր է, հոկտեմբերին. «Ղարաբաղի մասով կցանկանայի ասել, որ այս մեկ տարվա ընթացքում որեւէ միջազգային ատյանում չի արվել որեւէ հայտարարություն, որեւէ փաստաթուղթ չի ընդունվել (բացի Իսլամական կոնֆերանս կազմակերպության կողմից արված հայտարարությունները), որոնք համահունչ չլինեն մեր դիրքորոշումներին»:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների առնչությամբ էլ ԱԳ նախարարը վերահաստատել է, թե դրանց նպատակն է «հասնել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման: Այս փոխըմբռնմամբ է, որ սկսվել ու վարվել են բանակցությունները»: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո, ըստ պրն Նալբանդյանի՝ «Հակառակ վերջին շրջանում ձեր լսած տարաբնույթ պնդումների ու հայտարարությունների՝ ակնհայտ դարձավ, որ չկա՛ որեւէ կապակցվածություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ոչ էլ որեւէ առնչություն Հայոց ցեղասպանության ճանաչման հետ»: Նաեւ առաջարկել է. «Ընդդիմախոսներին, որոնք առավոտից երեկո քննադատում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը՝ խորհուրդ տվեք հասարակությանը չձգել մոլորության մեջ. մեր ազգային շահերից չի բխում Թուրքիայի հետ մնալ հավերժական հակադրության մեջ: Համոզված եմ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում հայության մեծամասնությունը ճիշտ կգնահատի հաշտության ուղղությամբ մեր ձեռնարկած քայլերը»: