Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունների վերաբերյալ պնդում են Եվրոպայի խորհրդում եւ Եվրոպական միությունում Հայաստանի դեսպանները:
Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, որը նաեւ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարն է, եւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը երեկ Ֆրանսիական համալսարան հանդիպման էին եկել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը լսելուց հետո: Եվ վերջինիս արտահայտած որոշ մտքեր ուղղակի արտացոլվեցին դեսպանների խոսքում: Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Կան քննադատներ, ովքեր համարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնությունը կանխեց ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի գործածումն իր ապրիլքսանչորսյան ուղերձում: Ես ասել եմ եւ ուզում եմ կրկնել. վստահ եմ, որ Միացյալ Նահանգներին մեր գործողությունները ոչնչով չխանգարեցին»: Ահա Ավետ Ադոնցն էլ Ֆրանսիական համալսարանի ուսանողուհիներից մեկի հարցին, թե որքանո՞վ էր ճիշտ հայ-թուրքական բանակցությունները սկսել ապրիլին՝ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ուղերձից առաջ՝ պատասխանեց, թե համաձայն չէ հարցադրման ձեւին. «Այն ժամանակ բավական մոտ եմ եղել այդ գործընթացին ու ձեզ հավաստիացնում եմ՝ համաձայնեցվեր այդ փաստաթուղթն ապրիլին, թե չհամաձայնեցվեր՝ այսպես թե այնպես ԱՄՆ նախագահը, միեւնույն է, չէր օգտագործի Ցեղասպանություն բնորոշումը: Եվ այդ երկու խնդիրներն իրար կապելն այնքան էլ ճիշտ չէ»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաստորագրված երկու արձանագրություններին՝ Սերժ Սարգսյանն ասել էր. «Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ»: Զոհրաբ Մնացականյանը եւս կարեւորեց այդ քննարկումները՝ մասնավորեցնելով. «Ներքաղաքական գործընթացներում այս հարցը, բնական է, իր տեղն է գրավում: Բայց ցանկալի կլիներ, որ այս ամենը ճիշտ գնահատվեր՝ դուրս բերվելով ներքաղաքական պարզ խնդիրներից»:
Եվ վերջապես՝ ՀՀ նախագահը դիվանագետներին ասել էր. «Ես կարեւորում եմ այս հարցում բոլորիդ ակտիվությունը: Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթացքում եւ Հայաստանում, եւ Սփյուռքում: Պետք է մանրամասնեք եւ բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները՝ դրական եւ, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով»: Ահա թե այս խնդիրը ինչպես փորձեցին լուծել ԵԽ-ում եւ ԵՄ-ում մեր դեսպանները:
Արձանագրությունների հրապարակմանը հետեւած քննադատություններից է, թե դրանք իրենց մեջ պարունակում են այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ էր քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու հայ-թուրքական սահմանը վերաբացելու համար: Եվ այս կապակցությամբ վկայակոչվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման յուրաքանչյուր փուլում Անկարան հաշվի է առնելու նաեւ Ադրբեջանի շահերը: Զոհրաբ Մնացականյանն այս կապակցությամբ հայտարարեց. «Մեզ համար խստորեն անընդունելի էր, որ հայ-թուրքական հարաբերությունների մեջ առկա լինի երրորդ կողմի գործոն: Եթե տեսնում եք՝ դա չկա: Սա շատ էական խնդիր է: Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առկայությանը հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների գործընթացում»: Ավետ Ադոնցը եւս պնդեց, թե նախաստորագրված փաստաթղթերում նման որեւէ նախապայման չկա. «Բայց թուրքական քաղաքական վերնախավն իրենց բոլոր հանդիպումների, հայտարարությունների ժամանակ բարձրացնում էր, իհարկե, Լեռնային Ղարաբաղի նախապայմանը: Դա չի աշխատի»: Ըստ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի՝ թուրքական կողմի ցանկացած փորձ իրար կապելու ԼՂ հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «անտրամաբանական, անընդունելի է եւ ձախողված կլինի»:
Արձանագրություններով Հայաստանը եւ Թուրքիան համաձայնում են «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման եւ առաջարկների ձեւակերպման համար»: Ընդդիմախոսները սա արդեն գնահատել են իբրեւ Հայոց ցեղասպանության իրողությունը վիճահարույց դիտելու եւ դրա միջազգային ճանաչումից Հայաստանի հրաժարում: Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչն այս կապակցությամբ ասաց. «Կարծում եմ, որ պետք է վստահ լինել. մեր ժողովրդի մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որեւէ երկրորդ կարծիք չկա պատմությանը գնահատական տալու: Այսինքն՝ եթե կա մեկնաբանություն, որ այսպիսով մենք հրաժարվում ենք մեր ցավագույն հարցից՝ ես չեմ կարծում, որ դա ճիշտ գնահատական է: Մեզ անհրաժեշտ է զարգացնել երկկողմ հարաբերությունները, եւ մյուս կողմից՝ մենք շատ նրբազգաց ենք նաեւ մեր անցյալի եւ այն անարդարության հանդեպ, որ գոյություն ունի մինչեւ հիմա հայ ժողովրդի համար: Եվ այս երկուսի համադրման մեջ, ես կարծում եմ, որ ճիշտ գործընթաց է»: Ավետ Ադոնցը հավելեց. «Ինչ քայլեր էլ ձեռնարկվեն՝ մեր սկզբունքը պետք է լինի մեր երկրի արժանապատվությունը: Որեւէ քայլ, որը չի ապահովի հայկական կողմի արժանապատվությունը՝ ես ավելի քան վստահ եմ, որ չի քննարկվի եւ չի իրագործվի»: Զոհրաբ Մնացականյանը եւս մեկ անգամ շեշտեց. «Վստահ եղեք՝ մեր համազգային լրջագույն խնդիրներին, ներառյալ այն խնդրին, որը վերաբերում է մեր պատմությանը՝ ՀՀ նախագահի վերաբերմունքը չի տարբերվում յուրաքանչյուր ուրիշի վերաբերմունքից»:
Ուսանողուհիներից մեկը հետաքրքրվեց, թե այս փաստաթղթերով միջազգային հանրության առջեւ Թուրքիա՞ն է առավելություն ստանում, որ համաձայնեց սահմանը բացել, թե՞ Հայաստանը, որ համաձայնեց «աչք փակել անցածի վրա»: ԵԽ-ում Հայաստանի դեսպանն ի պատասխան խորհուրդ տվեց խնդրին չնայել այն տեսանկյունից, թե ով է շահում եւ ով՝ պարտվում. «Մեր գործում շահողի եւ պարտվողի խնդիրը շատ նվազ է: Եթե դու գնում ես բանակցության, որ տեսնես՝ ոնց ես անելու, որ դու ամեն ինչ վերցնես, դիմացինդ ոչինչ չստանա՝ ոչնչի չես հասնի: Այսինքն՝ իրականությունն այդպես չէ, թե իրենք մեզ խաբում են, որպեսզի աչքերը փակեն, եվրոպացիներին, այսպես ասած, սիրաշահեն, մենք էլ՝ աչքերը ճպճպացնելով, նայում ենք, թե ինչպես են իրենք մեզ խաբում»: Եվ վստահեցրեց. «Մենք դա շատ լավ հասկանում ենք, որ իրենք փորձում են մեզ ներգրավել, որ մյուսին սիրաշահեն: Եվ բնական է, որ չենք գնա նրան, որ մենք մնանք ոչնչով, իսկ նրանք հասնեն իրենց բոլոր նպատակներին»: