Օգոստոսի 31-ի երեկոյան Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունների համատեղ հրապարակված արձանագրությունները ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը մտահոգիչ է համարել մի քանի պատճառներով: Նախ, նրա ասելով, մտահոգիչ է այն, որ արձանագրությունները կարող են խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առկա ոչ նպաստավոր առաջարկների շուրջ բանակցությունների արագացմանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները կապվում են հարցի կարգավորման հետ, ինչը, նրա դիտարկմամբ, անընդունելի է: «Չի կարելի հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղի բանակցություններով եւ հարցի խաղաղ կարգավորմամբ: Դրանք լրիվ առանձին գործընթացներ պետք է լինեն, եւ կողմերը որեւէ նախապայման չպետք է առաջ քաշեն»,- ասել է նախկին նախարարը՝ արձանագրելով, որ թեեւ նման հավաստիացումներ երկու կողմերից էլ կան, բայց կան նաեւ առաջադրված նախապայմաններ: «Անհասկանալի է, թե ինչու է փաստաթղթում նշվում, որ արձանագրությունները պետք է վավերացվեն: Միջազգային հարաբերությունների պրակտիկայում ընդունված չէ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունները վավերացնելը: Հայաստանը 140 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, բոլորի հետ ստորագրել է նման արձանագրություններ, բայց ոչ մեկի հետ չի վավերացրել, քանի որ կա միջազգային պրակտիկա՝ 1961թ. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որը կարգավորում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ողջ սպեկտրը, եւ արձանագրություններում ընդամենը նշվում է, որ հիմնվել է Վիեննայի կոնվենցիայի վրա»,- նշել է Ալ. Արզումանյանը՝ շեշտելով, որ այդ Կոնվենցիան վավերացրել են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Թուրքիան: Նա եզրակացրել է, թե այդ փաստաթղթերը խորհրդարաններում վավերացնելը հնարավորություն է տալիս ձգձգելու այդ արձանագրության ուժի մեջ մտնելու պահը, «այսինքն՝ պատանդի վիճակում պահելու հայ-թուրքական հարաբերությունները՝ սպասելով, թե երբ կկարգավորվի ԼՂ հիմնահարցը»:
Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, ապա նա դա համարել է անընդունելի. «Ես ինքս ջատագովն եմ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Մենք հարեւաններ ենք, դատապարտված ենք կողք կողքի ապրելու: Հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների»: