Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտարարություն

Սեպտեմբեր 02,2009 00:00

2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:

Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:

Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.

ա. Իբրեւ հարեւան պետություններ՝ Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն: Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:

գ. Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին:

Այս սկզբունքներից մեկնելով՝ ՀՅ Դաշնակցությունը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահարցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում» եւ Հայաստանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով:

Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները։ Այն է՝ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել, հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը՝ որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն՝ շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել ղարաբաղյան խնդրով:

ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ելնելով այս ամենից՝ ՀՅ Դաշնակցությունը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարավորություններն օգտագործելու է փաստաթղթերում առկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով:

Մենք կոչ ենք անում հայ հանրությանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, հնարավոր բացասական արդյունքները եւ առավելագույն համախմբվածությամբ բացառել անշրջելի կորուստների հավանականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել