Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑ

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"ՀՌԱԿ-ը երեկ անհամաձայնություն է հայտնել «աշխարհասփյուռ հայության համար կարեւորագույն հայ-թուրքական հարաբերությունների «զարգացումները» գաղտնի պայմաններում նախապատրաստելու եւ հերթական լրատվական«նյութ» դարձնելու կապակցությամբ՝ որպես արդեն կայացած իրողություն»:

Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան հրապարակվեց հայ-թուրքական համատեղ երկրորդ հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը համաձայնել են սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ՝ շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ, որոնք վերաբերում են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում այդ համատեղ հայտարարությունը թվով երկրորդն էր, որը առաջինի պես հրապարակվեց հայերի համար կարեւոր իրադարձության նախաշեմին: Եթե հիշում եք, առաջին համատեղ հայտարարությունը հրապարակվեց ապրիլի 24-ից, իսկ երկրորդը՝ ԼՂՀ անկախության տարեդարձից ընդամենը երկու օր առաջ: Արդյոք սրանում միտում կամ չարագուշակ նրբերանգներ կա՞ն, թե՞ չէ՝ դժվար է ասել: Փաստը միայն այն է, որ երկրորդ համատեղ հայտարարությունը իսկական անակնկալ էր հայաստանյան քաղաքական ուժերի եւ հասարակության համար, ինչպես պարզ երկնքում պայթած ամպրոպը: Արձագանքներն էլ հրապարակված այս փաստաթղթերին, այդ թվում՝ գործողությունների ժամանակացույցին, միանգամայն տարբեր էին: Եվ եթե միջազգային հանրությունը՝ ի դեմս Եվրամիության, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ պետ. դեպարտամենտի կամ Ելիսեյան պալատի, ողջունեց այդ փաստը, ապա հայ-թուրքական հարաբերություններով ուղղակիորեն շահագրգռված Հայաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում հնչող մեկնաբանություններն ու արձագանքները տարբեր են: ՀՌԱԿ-ն, օրինակ՝ «ՀՀ նախագահի նախաձեռնողականությունը գնահատելով համարձակ», այնուամենայնիվ, հայ-թուրքական «մերձեցմանն» ուղղված քայլերը գնահատում է «խոցելի հենց իրավական տեսանկյունից, քանի որ թուրքական պետական քարոզչամեքենան շարունակում է Թուրքիան ներկայացնել աշխարհիկ ու ժողովրդավար, հարեւանների հետ համագործակցության պատրաստ պետություն եւ արդեն շահում ցանկալի քաղաքական դիվիդենդներ»:

Ուստի ՀՌԱԿ-ը առաջարկում է «Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հայ-թուրքական հարաբերություններին ուղղված միջնորդական առաքելությանը զուգահեռ ՀՀ իշխանությունների կողմից սկսել գործընթաց՝ հայության հանդեպ Թուրքիայի կառավարությունների իրականացրած ցեղասպանության փաստերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարան ներկայացնելու ու իրավական գնահատական ստանալու ուղղությամբ» եւ պնդում է ՀՀ ԱԺ-ին արած իր առաջարկը՝ «ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարանի որոշումների իրավական գերակայության մասին» օրենքի ընդունումը մոտ ապագայում օրակարգային հարց դարձնելու վերաբերյալ:

Հայ ազգային կոնգրեսի 4 կետից բաղկացած արձագանքն ավելի զուսպ է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը»։

Եթե ընդհանրացնելու լինենք հրապարակված հայտարարություններին տրված քաղաքական ուժերի, փորձագետների մեծամասնության գնահատականները, ապա դրանք պարունակում են միեւնույն մտահոգությունները: Այն է՝ ինչպես առաջին համատեղ հայտարարության, նաեւ այս մեկի դեպքում Հայաստանը, ըստ էության, համաձայնել է Թուրքիայի առաջադրած 3 նախապայմաններին էլ: Դրանք առավել ամբողջական ներկայացված են «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության երեկ տարածած հայտարարությունում, ըստ որի՝ այդ փաստաթղթով փորձ է արվում վերջնականապես լուծել Հայկական հարցը՝ ի նպաստ Թուրքիայի. «Կասկածի տակ է դրվում Ցեղասպանության փաստն իսկ, որի լինելիության մասին վերջնական գնահատական կարող են տալ հայ, թուրք, շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետները: Ձեռք է բերվում պայմանավորվածություն, որով վերահաստատվում է ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով, որով վավերացվում է 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, ինչը փաստորեն ՀՀ-ի կողմից Թուրքիայի ճանաչումն է վերջինիս ներկա սահմաններով: Այսինքն՝ ՀՀ-ն այլեւս ամրագրում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ներկա բաժանարար գիծը որպես սահման՝ ի չիք դարձնելով Արեւմտյան Հայաստանի՝ Հայոց բնօրրանի գոյության փաստը: ՀՀ-ն վերահաստատում է հավասարության, ինքնիշխանության եւ այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները, որով արձանագրում է, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին գործն է՝ միաժամանակ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Քաղաքագետ, «Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը նախ անհեթեթություն համարեց նաեւ այն դիտարկումը, թե օրերս հրապարակված փաստաթուղթը՝ երկու արձանագրություններով հանդերձ, համաձայնեցված է եղել դեռ ապրիլի 22-ին, բայց չի հրապարակվել: Իր այդ կարծիքը նա փաստարկեց այն հանգամանքով, որ նախորդ հայտարարությունից հետո համատեղ վերջին հայտարարության մեջ էական փոփոխություններ են կատարվել, եւ վերջին փաստաթուղթը անհամեմատ ավելի հավասարակշռված է, օրինակ՝ ԼՂ-ն ընդհանրապես չի հիշատակվում. «Դա նշանակում է, որ Թուրքիան, գոնե դե յուրե, հրաժարվեց այս մի նախապայմանից»: Նա չհամաձայնեց նաեւ, թե փոխարենը փաստաթղթում մնացել է պատմաբանների հանձնաժողով ձեւավորելու նախապայմանը: «Նոր փաստաթղթում «պատմաբանների հանձնաժողով» ձեւակերպում չկա: Այստեղ խոսվում է «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով» ձեւավորելու մասին, որը, ըստ իս, ավելի շատ հաշտեցման գաղափարին է սպասարկելու: Իսկ պատմական հարթությունում առկա խնդիրների քննարկումը ես վտանգավոր չեմ համարում: Ավելին, կարող են լինել նաեւ մեզ հուզող հարցեր, որոնք արժե քննարկել այդ ենթահանձնաժողովում»,- հայտարարեց Ստ. Գրիգորյանը՝ շեշտելով, որ, ի վերջո, հնարավոր չէ համաձայնության գալ մի փաստաթղթի շուրջ, որտեղ արտացոլված են երկու կողմերից միայն մեկի հետապնդած շահերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել