Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովրդի համար էական չէ՝ կգնա, թե չի գնա»

Սեպտեմբեր 01,2009 00:00

ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը վստահ է, որ Թուրքիա գնալ-չգնալու հարցը քչերին է հուզում:

BBC-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ես երկու անգամ հայտարարել եմ դա եւ ասել եմ հետեւյալը. ես կգնամ Թուրքիա՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու, եթե մեր սահմաններն արդեն բաց լինեն, կամ եթե մենք դրա նախաշեմին լինենք: Այսինքն՝ եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները, դա մի բան կլինի, իսկ եթե չկատարեն՝ մեկ այլ բան: Մենք պայմանավորվածություններ ունենք: Եվ ես կարծում եմ, որ նորմալ եւ ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք, ես մինչեւ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է նույնը. հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»:

ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, գնահատելով BBC-ին Սերժ Սարգսյանի հարցազրույցի որոշ դրվագներ, «Առավոտին» ասաց, որ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա գնալ-չգնալու հարցը այսօր այն հարցը չէ, որը պետք է այսքան ծանրութեթեւ արվի. «Ես կարծում եմ, այդ հարցերի պատասխանները Սերժ Սարգսյանը եւ նրա ամբողջ թիմը պետք է ունենային այն ժամանակ, երբ Գյուլը եկավ Հայաստան: Այդ ժամանակ նրանք արդեն պետք է որոշած լինեին՝ գնալու են, չեն գնալու, ինչ պայմաններում են գնալու, ինչ պայմաններում չեն գնալու: Սա է նորմալ դիվանագիտությունը, սա է նորմալ երկրի եւ ղեկավարի դիրքորոշումը: Բայց հիմա, վերջին չորս ամսում իսկապես հոգնեցնել բոլորին՝ «գնում է – չի գնում» հարցերով, սա շատ անհասկանալի է եւ անիմաստ, Հայաստան պետությունը վարկաբեկող: Իսկ այդ պաշտոնն իրենք ընդհանրապես վարկաբեկել են: Սազական չէ նորմալ երկրի ղեկավար մարդուն, պետությունը ներկայացնող մարդուն նման մեկնաբանություններ տալ: Եվ հաստատ՝ մեր ժողովրդի համար էլ էական չէ՝ կգնա, թե չի գնա»: Մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ր մեկնաբանությունները նկատի ունի պարոն Խաչատրյանը, երբ ասում է, թե սազական չեն: Բացատրեց այսպես. «Երբ Գյուլին ընդունեցին, պետք է հստակ իմանային իրենց հաջորդ քայլը որն է: Եվ հիմա, երբ մեկ տարի հետո սկսում են այդ ամեն ինչի մասին խոսել, ես արդեն անլրջություն եմ տեսնում եւ գտնում եմ, որ այսօր Հայաստանի իշխանության պահվածքը շատ անլուրջ է, անլուրջ է այդ հարցը այսպես հանրային քննարկումների առարկա դարձնելը»:

Ուզեցինք իմանալ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքը՝ սահմանի բացումը օգտակա՞ր է լինելու մեր երկրի տնտեսությանը: Ըստ մեր զրուցակցի՝ սահմանը վերջիվերջո բացվելու է. «Ինչ որ բնական է, դա պիտի լինի, չես կարող հարեւանիդ հետ առհավետ թշնամի լինել, այդ հարեւաններին մենք չենք ընտրել, այդպես է ստացվել: Իսկ այն, որ սահմանի բացումը տնտեսապես արդյունավետ կլինի, սա միանշանակ: Ես պատրաստ եմ բոլոր այն մարդկանց հետ երկխոսել եւ բանավիճել, որոնք սահմանների բացմանը դեմ են: Սահմանների բացումը ճիշտ է: Հայաստանի պետությունն այլընտրանք չունի, սա վերաբերում է նաեւ Ադրբեջանի սահմաններին: Պետք է հարեւանների հետ ապրել համերաշխ, սահմանները պետք է բաց լինեն, որպեսզի մեր նման երկիրը, որն ունի չափերով փոքր տնտեսություն, փոքրաքանակ մարդ եւ հնարավորություններ, օգտագործի իր ամենամեծ հնարավորությունները, որոնք կոչվում են հարեւաններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել