Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ – ԹՈՒՐՔԻԱ. ՔԱՅԼ ԱՌԱՋ

Սեպտեմբեր 01,2009 00:00

ՍԿՍԵԼՈՒ ԵՆ ՆԵՐՔԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները տարածել են մամուլի հաղորդակցություն, որում ասված է.

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ՝ շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:

Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին՝ վավերացման համար: Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար՝ համաձայն իրենց սահմանադրական եւ օրենսդրական գործընթացների:

Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը հանձն են առնում շարունակել համատեղ ջանքերը Շվեյցարիայի օժանդակությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը.

Ղեկավարվելով նույն օրը ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ,

Նկատի ունենալով վստահության եւ երկկողմ շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,

Որոշելով զարգացնել եւ խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակույթի, գիտական, տեխնիկական եւ այլ ոլորտներում՝ հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,

Աջակցելով երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Եվրատլանտյան գործընկերության խորհրդում եւ ՍԾՏՀ-ում,

Հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը՝ համագործակցելու տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանի ժողովրդավարական եւ տեւական զարգացման ապահովման,

Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային եւ միջազգային վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա,

Վերահաստատելով իրենց պատրաստակամությունը ակտիվորեն սատարելու միջազգային հանրության գործողություններին՝ ընդդեմ տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերի եւ զենքի ապօրինի առք ու վաճառքը,

1. Համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,

2. Համաձայնեցին նաեւ

երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդատվություններ,

իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար,

առավելագույնս օգտագործել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,

զարգացնել երկկողմ իրավապայմանագրայի ն դաշտը՝ երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով,

համագործակցել գիտության եւ կրթության ոլորտներում՝ համապատասխան հաստատությունների միջեւ հարաբերությունների խրախուսման եւ մասնագետների ու ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով, եւ աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման եւ համատեղ մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով,

համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում՝ Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով,

ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջեւ առեւտուրը, զբոսաշրջությունը եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,

երկխոսություն ծավալել եւ ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերում,

3. Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ՝ սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց, կստեղծվի աշխատանքային խումբ՝ երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձեւերը կհաստատվեն նախարարական մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո:

Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ քան մեկ ամիս անց եւ կգործեն շարունակաբար՝ մինչեւ իրենց մանդատի ավարտը:

Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:

Սույն Արձանագրության իրագործման համար երկուստեք համաձայնեցված ժամանակացույցը եւ տարրերը ներկայացված են հավելվածում, որը հանդիսանում է սույն Արձանագրության անբաժան մաս:

Սույն Արձանագրությունը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ Դիվանագիտական Հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միեւնույն օրը՝ վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Ստորագրված է ……………, հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը.

Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում՝ ի շահ իրենց ժողովուրդների՝ համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,

Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները,

Հաշվի առնելով երկու երկրների միջեւ՝ ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի եւ վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարեւորությունը,

Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

Կարեւորելով իրենց որոշումը՝ բացելու ընդհանուր սահմանը,

Հաստատելով իրենց հանձնառությունը՝ ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

Դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը՝ անկախ դրանց պատճառներից եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում,

Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխըմբռնման, խաղաղության եւ ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձեւեր եւ ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,

Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից՝ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, եւ փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:

Սույն արձանագրությունը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միեւնույն օրը՝ վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Կատարված է …… ………, հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՏԱՐՐԵՐ

Ձեռնարկվող քայլեր                                                                                                                      

1. ընդհանուր սահմանի բացում 

Ժամկետ
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում

2. երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում` միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով

Ժամկետ
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երկու ամիս անց

3. միջկառավարական հանձնաժողովի եւ իր ենթահանձնաժողովների աշխատաձեւերի հաստատում նախարարների մակարդակով

Ժամկետ
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երեք ամսվա ընթացքում

4. միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարում

Ժամկետ
միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո՝ նախարարական մակարդակով

5. ստորեւ նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում.

– քաղաքական հարցերով ենթահանձնաժողով,

-ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ եւ ենթակառուցվածքների հարցերով

ենթահանձնաժողով,

-իրավական հարցերով ենթահանձնաժողով,

-գիտության եւ կրթության հարցերով ենթահանձնաժողով,

-առեւտրի, զբոսաշրջության եւ տնտեսական համագործակցության հարցերով ենթահանձնաժողով,

-բնապահպանական հարցերով ենթահանձնաժողով:

-պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ,

Ժամկետ
միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ քան մեկ ամիս անց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել