ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ խորհրդարանում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին: Զրուցել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը առնչվող հարցերի շուրջ։ Պաշտոնական տեղեկատվության մեջ նաեւ նշված է. «Տիկին Զոհրաբյանը փաստել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազում խնդիրների լուծմանը: Տիկին Զոհրաբյանը ԵՄ-ի դերակատարությունը կարեւոր համարեց տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու հարցում՝ որպես լավ նախադրյալ նշելով «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը», ինչպես նաեւ՝ «Արեւելյան գործընկերություն» նոր ծրագրի մեկնարկը: Խոսելով հանձնաժողովի հետագա աշխատանքների մասին՝ տիկին Զոհրաբյանը կարեւորեց հայկական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործընթացի շարունակականությունը՝ նշելով, որ եվրոպական չափանիշներին համապատասխանության փորձաքննության համար խորհրդարանն ունի լրացուցիչ փորձագիտական օժանդակության անհրաժեշտություն»: