Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում «Խատինը» էլի կհիշեն

Սեպտեմբեր 01,2009 00:00

Այսօր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկնելու է Լեհաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես փոխանցում է Newsru.com-ը՝ լեհերը ՌԴ վարչապետից ակնկալում են «խատինյան հանցագործության» հարցում նոր եւ, միգուցե, նաեւ առաջընթաց հայտարարություններ: Բայց Պուտինը, ըստ ամենայնի, կսահմանափակվի լեհերին ուղղված հաշտեցման կոչով: ՌԴ կառավարությունը Պուտինի այցի նախօրյակին պաշտոնական Վարշավային զգուշացրել է, որ իմաստ չունի փոխզիջումներ փնտրել «խատինյան գործի» բոլոր փաստաթղթերը գաղտնազերծելու պահանջի համատեքստում: Աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ կառավարության աշխատակազմի պետի տեղակալ Յուրի Ուշակովն այս առնչությամբ հայտարարել է. «Փաստաթղթերի գաղտնազերծման մասով մենք որոշակի կարգ ունենք, եւ, որքան ես գիտեմ, ինչ հնարավոր է եղել՝ արդեն գաղտնազերծվել է, եւ այդ համատեքստում մեզ ուղղված առարկությունները պարզապես տրամաբանական չեն: Չեմ կարծում, թե այս հարցում հնարավոր է ինչ-որ փոխզիջում գտնել»:

Հիշեցնենք, որ «խատինյան հանցագործություն» ձեւակերպումը ընդհանրական է եւ նշանավորում է 1940 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ «ԷնԿաՎեԴե»-ի ճամբարներում եւ բանտերում մոտ 22 հազար լեհ քաղաքացիների գնդակահարության փաստը: Նրանցից 4 հազարը սպանվել էին Սմոլենսկից քիչ հեռու գտնվող Խատինում: Քաղաքացիների զանգվածային գնդակահարության փաստը ամենանուրբն է ռուս-լեհական հարաբերություններում: Բանն այն է, որ 1980-ականներին խորհրդային քարոզչությունը պնդում էր, թե Խատինը ֆաշիստների ձեռքի գործն է, իսկ 1992թ. ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի հանձնարարությամբ Լեհաստանի նախագահ Լեհ Վալենսային էին փոխանցվել ԽՄԿԿ-ում պահվող գաղտնի փաստաթղթեր, որոնք առաջին անգամ հրապարակվեցին՝ ապացուցելով, որ լեհերի զանգվածային գնդակահարությունը կատարվել է Կրեմլի հրահանգով: Այդ փաստաթղթերի հրապարակումից հետո լեհ-ռուսական հարաբերություններում որոշակի սառնության փուլ սկսվեց, եւ լեհերը բազմաթիվ անգամներ պնդեցին «Խատինի» հանցագործությունը ճանաչել որպես ցեղասպանություն եւ այդ գործը փոխանցել միջազգային դատարան: Ռուսական կողմը կտրականապես մերժել է այդ առաջարկները:

Ապօրինի եւ ցինիկ հայտարարություն

«Աբխազիայի ծովային տարածքը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից վերահսկելու մասին հայտարարությունը աննախադեպ է, ապօրինի եւ ցինիկ»,- «Trend.az»-ի մատուցմամբ երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի ԱԳ փաստացի նախարար Սերգեյ Շամբայը (նկարում) հայտարարել էր, թե՝ աբխազական կողմը ողջունում է ռուսական կողմի նախաձեռնությունը՝ Ռուսաստանի ծովային պահպանության ծառայության եւ աբխազ սահմանապահների հետ համատեղ ապահովելու այն նավերի անվտանգությունը, որոնք մտնում են Աբխազիայի ծովային տարածք: Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը անընդունելի է համարել, որ «ինքնիշխան պետության՝ Վրաստանի ջրերում ագրեսոր երկիրը պատրաստվում է, այսպես կոչված, կարգուկանոն հաստատել»:

Թուրքիան՝ միջնորդի դերում

\"\"Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի պաշտոնական ացով մեկնել է Բաղդադ, որից հետո մտադիր է այցելել նաեւ Դամասկոս՝ Իրաքի եւ Սիրիայի միջեւ ծագած քաղաքական ճգնաժամը հարթելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Թուրքիան, որն ավելի վաղ հանդես էր եկել սիրիա-իսրայելական բանակցություններում որպես միջնորդ, հայտարարել է արաբական երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը օգնելու իր մտադրության մասին: Երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարը բանակցելու է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկի հետ: Այդ մասին երեկ փոխանցել է «Al Jazeera»-ն: Հիշեցնենք, որ Իրաքի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Իրաքի ղեկավարությունը Սիրիայից պահանջել էր իրեն հանձնել երկու շաբաթ առաջ Բաղդադում տեղի ունեցած խոշոր ահաբեկչական ակտի կազմակերպիչներին: Ահաբեկչական այդ գործողության արդյունքում սպանվել էր 95 եւ վիրավորվել ավելի քան 500 մարդ: Սակայն Դամասկոսը հերքում էր իր հասցեին ուղղված մեղադրանքները, որի արդյունքում անցյալ շաբաթ երկու երկրներն էլ ետ էին կանչել իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին:

Ի դեպ, թուրք նախարարի այցը տեղի է ունենում Իրանի արտգործնախարար Մանուչեխրա Մոթաքիի՝ կիրակի օրը Բաղդադ եւ Դամասկոս կատարած այցի ֆոնին:

ԽՈԴՈՐԿՈՎՍԿԻՆ ՀՈՒՇԵՐ Է ԳՐՈՒՄ

\"\"GQ ռուսական պարբերականի սեպտեմբեր ամսվա համարում հրապարակվել են ՅՈՒԿՈՍ-ի նախկին եւ դատապարտված ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հիշողությունները՝ ճամբարային փորձառության մասին: Հրապարակումը կառուցված է Խոդորկովսկու եւ 60-ական թվականներին խորհրդային ճամբարներում 20 տարի անցկացրած գրող Վարլամ Շալամովի հիշողությունների համեմատության վրա:

«Եթե փոխենք ճամբարի աշխատակցի եւ դրա «բնակչի» տեղերը՝ ոչինչ չի փոխվի: Ընդ որում, այդ փաստը ընդունում են երկու «կողմերն» էլ»,- գրում է Ռուսաստանի խոշոր նավթային ընկերության նախկին ղեկավարը, որն այժմ իր պատիժն է կրում Չիտայի մարզի ճամբարում: «Ճամբարը հանցագործների համար փոխարինում է համալսարանին. դա ե՛ւ կրթություն է, ե՛ւ կապեր: Ճամբարը դա հակաաշխարհ է, այստեղ սուտը նորմա է, ճշմարտությունը՝ բացառություն: Ինտրիգները ճամբարում նման են Կրեմլի ինտրիգներին, դրանց տարբերությունը միայն մասշտաբներն են»,- ընդգծել է Խոդորկովսկին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ, ԲԱՅՑ ՆՐԱ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ քննարկում է այդ երկրի օդային տարածքը իր անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտի կողմից օգտագործելու հնարավորությունը՝ Աֆղանստանում գործողություններ իրականացնելու նպատակով: «Մենք այդ հարցով բանակցում ենք մի շարք երկրների հետ, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանի»,- «Ինտերֆաքսին» Բրյուսելից հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը չի ցանկացել իր անունը հրապարակել:

Միաժամանակ, աղբյուրն անդրադարձել է նաեւ վերջերս գերմանական Deutsche Welle-ում տպագրված տեղեկությանը, ըստ որի՝ Ադրբեջանն ու Թուրքմենստանը ձախողել են ՆԱՏՕ-ի առաքելությունը, թույլ չտալով, որպեսզի Դաշինքի՝ հակաահաբեկչական նպատակներով Աֆղանստան ուղեւորվող գերմանացի զինծառայողները իրենց օդային տարածքով մտնեն Աֆղանստան: «Մենք հարցն այդպես չենք դնում եւ չենք ասում, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի մեղքով: Մենք խոսում ենք այն մասին, որ այդ երկրի օդային տարածքի օգտագործման հարցը քննարկման առարկա է»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎՃԱՐԵԼ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԻՆՔՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ

\"\"ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը որոշել է նահանգի ոստիկանության կողմից տեղի հանցագործներից առգրավված ավտոմեքենաներն ու մոտոցիկլետները Սակրամենտոյում հանել վաճառքի՝ իր ինքնագիրը դրանց վրա թողնելուց հետո: Շվարցենեգերը, այսպես կոչված, «քաղաքացիական վաճառք» է կազմակերպել՝ նահանգի $1,5 մլնի դեֆիցիտ ունեցող բյուջեն համալրելու նպատակով: BBC-ի մատուցմամբ, գնորդ մասնակիցներից մեկը հրաժարվել է ի սկզբանե $2200-ով վաճառքի հանված BMW մոտոցիկլետին եւս $800 հավելյալ գումար վճարել Շվարցենեգերի ինքնագրի համար՝ նահանգապետի ստորագրությունը համարելով «գրաֆֆիտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել