Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության՝ օգոստոսի 30-ին, ժամը 11.21-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Աթոյան փողոցի թիվ 91 տանը:
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ: Հասնելով հրդեհի վայր՝ նրանք օգնություն են պահանջել: Քիչ անց այնտեղ է ուղեւորվել եւս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.59-ին, մարվել՝ 12.18-ին: Այրվել է նախկինում «Հ1»-ի, ներկայումս «Արմենիա» TV-ի հեռուստամեկնաբան Ֆելիքս Խաչատրյանին պատկանող տան տանիքը՝ 150 քմ մակերեսով: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ֆ. Խաչատրյանի տան հրդեհը պատահականություն չէ, այլ՝ վրեժի արդյունք: Հեռուստամեկնաբանը «Առավոտին» ասաց, որ անձամբ ինքը կատարվածում որեւէ միտում չի տեսնում, եւ հրդեհը հոսանքի պատճառով է. «Ես տանն էի, երբ հրդեհ բռնկվեց, ուղղակի ոչինչ չկարողացանք անել եւ տունը հալվեց-գնաց»: