Մշակութային օջախներում այս կարգավիճակում են գեղարվեստական խորհուրդները
Արդեն քանի տարի հատկապես թատրոններում՝ երաժշտական ու դրամատիկական, խոսում են այն մասին՝ պե՞տք են, արդյոք, գեղարվեստական խորհուրդները, կարեւո՞ր են այն գործընթացները, որոնք թատրոնում «փակ դիտում» են կոչվում եւ որոնք կոչված են քննարկելու արված գործը, գնահատելու, դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու: Ինչպես շատ բան մեր երկրում, պարզվում է, այս քննարկումներն էլ դարձել են ձեւական ու անիմաստ, քանի որ դրանց ոչ ոք նշանակություն չի տալիս, ընթացքում հնչած մտքերն էլ չեն մտահոգում ու անհանգստացնում բեմադրիչներին, դիրիժորներին, նկարիչներին, մենակատարներին, դերակատարներին… Դրանք երեւի պետք են միայն նրա համար, որ մշակույթի նախարարությունից գան ու տեսնեն, որ գեղարվեստական խորհրդի արձանագրությունները կարգին են, կանոնավոր կերպով գրանցված եւ … ուրիշ ոչինչ: Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար հիշենք Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Արշակ Երկրորդ» եւ «Դավիթ-Բեկ» օպերաների փակ դիտումներից հետո տեղի ունեցած մասնագիտական քննարկումները: Դրանք, իրենց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դրսեւորումներից բացի, ունեին նաեւ օգտակար շատ բան՝ կոչված էին օգնելու թատրոնին ու բեմադրիչին, նպաստելու այն բանին, որ մինչեւ առաջնախաղը շտկումներ արվեն, որպեսզի հանդիսատեսին, որն առանց այն էլ շատ է հեռացել մեր օպերային արվեստից, մատուցվեն ոչ անավարտ, ճիշտ չմեկնաբանված, պրոֆեսիոնալ որակներով զիջող գործեր, այլ այնպիսի բեմադրություններ, որոնք հետաքրքրություն ծնեն… Մինչդեռ, քննարկումներում հնչած մտքերը մնացին արձանագրություններում, իսկ բեմադրությունների հեղինակներն էլ ինքնագոհ-հպարտ հեռացան՝ ոչինչ չանելով դիտողություններին ուշադրություն դարձնելու համար: Նույնը տեղի ունեցավ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Բ. Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» պիեսի բեմադրության քննարկման ժամանակ: Ինչպես մասնագետներն էին նշում, իսկ նրանց կարծիքներից մի քանիսին «Առավոտն» արդեն տեղ է տվել, այս բեմադրությունը հեռու էր բրեխտյան գեղագիտությունից, այստեղ սխալ էին ընկալվել բրեխտյան սկզբունքները, մի շարք տեսարանների լուծումներ պրոֆեսիոնալ չէին, վարկաբեկում էին ակադեմիական թատրոնը, սխալ էին մեկնաբանված մի շարք կերպարներ: Այս ամենի մասին խոսվեց, առաջարկվեց բեմադրիչին շտկումներ անել, բայց նա քթի տակ ծիծաղեց ու հեռացավ՝ արդեն երկար ժամանակ բեմական խոտանը հրամցնելով հանդիսատեսին որպես «բրեխտյան նվաճում»…
Նույն վիճակն է տիրում մյուս թատրոններում եւ ստեղծագործական կոլեկտիվներում, ամենուրեք այս քննարկումները դառնում են ինքնանպատակ, պարապ վախտի զբաղմունք, որովհետեւ ասված ճշմարիտ խոսքը մեր «հանճարներին» պետք չէ, որովհետեւ վաղուց արդեն նրանք արվեստ են բերել այն, ինչն ամենաթողություն, եսապաշտություն է կոչվում: Մի շարք թատրոններ վախենում են իրենց գեղարվեստական խորհուրդների կազմում պրոֆեսիոնալներ ընդգրկելուց, որպեսզի ճշմարիտ խոսք չհնչի, որպեսզի «ծածկադմբոց» անելով ընդունվեն բեմադրությունները՝ թատրոնները վերածելով անհասկանալի կառույցների: Եթե Գյումրիի Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական խորհրդի կազմից հանում են քաղաքում ապրող միակ թատերագետին, եթե Վանաձորի թատրոնում մի շարք բեմադրիչներ քննարկումների ժամանակ ասվածը դիտում են որպես անձնական թշնամանք, ապա մյուս թատրոններում այս քննարկումներն էլ չեն անում՝ գիտենալով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնելու ասվածի վրա, որ բեմադրությունները հանդիսատեսին են հանձնելու ճիշտ այնպես, ինչպես «հանճարեղորեն» բեմադրել են դրանց հեղինակները… Մենք տեղեկացանք, որ թատերական գործիչների միությունում թատերագիտության հարցերով քարտուղար կա, որը հետաքրքիր ծրագիր է կազմել, ցանկություն ունեցել օգտակար լինել թատրոններին, բայց, պարզվում է, թատրոնները ԹԳՄ քարտուղարին, թատերագետներին չեն հրավիրում փակ դիտումներին, որպեսզի, հավանաբար, իրենց համար անհաճո գնահատականներ չհնչեն, չասվեն ճշմարտություններ… Ասենք, եթե անգամ ասվեն էլ՝ ո՞ւմ են դրանք պետք, երբ ոչ ոք ուշադրություն չի դարձնելու…