Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՐԻԱԼԻ ԻԶԱՆ՝ ԻՐԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին խոստովանում է, որ ավելի հանրահայտ է դարձել սերիալի շնորհիվ

«Իմ բնավորությունն այնպիսին է, որ եթե ես ցանկանում եմ ինչ-որ բանի հասնել, հասնում եմ»,- ասում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի արդեն վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը: Տասնմեկ տարի է, ինչ ռուսական թատրոնում նա մարմնավորում է տարբեր կերպարներ: Առաջինը Շանթի «Ընկած բերդի իշխանուհին» ստեղծագործությունում իշխանուհու կերպարն էր, որով նա գրավեց ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ուշադրությունը:

Դերասանուհին ավարտել է Տամբովի թատերական ինստիտուտը, իր ասելով՝ ե՛ւ դերասանուհի է, ե՛ւ ռեժիսոր: «Մանկուց ով ինձ տեսնում էր, ասում էր՝ էս երեխան դերասանուհի է դառնալու: Ու այդպես էլ եղավ (ժպտում է- Մ. Ա.): Տամբովի թատերական ինստիտուտում շուրջ հինգ տարի սովորեցի ռեժիսուրա եւ դերասանական արվեստ: Այնտեղ որեւէ թատրոնի հետ չհամագործակցեցի ու եկա Հայաստան»,- պատմում է դերասանուհին:

Երեւան գալով՝ Իրինան վստահ էր, որ աշխատանք չի գտնի եւ իրեն տեսնում էր ապագա լրագրողի «կարգավիճակում». «Սկզբում չէի կողմնորոշվում: Մի օր ասացի՝ պետք է լրագրող դառնամ, քանի որ գրելու, ինչ-որ բան ասելու ցանկություն մեջս շատ կար: Ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ, բայց շատ չդիմացա. սովորեցի երկու տարի ու չշարունակեցի… Հաղթեց թատրոնը»:

Նշենք, որ Իրինան թատրոնի այն դերասանուհիներից է, որոնք հիմնականում հանդես են գալիս գլխավոր դերերով: «Թե ինչո՞ւ են ինձ վստահում գլխավոր դերեր, անկեղծ ասած, չգիտեմ: Երեւի, որ չափից շատ աշխատասեր եմ: Բավական դժվար է անընդհատ գլխավոր դերերով հանդես գալը, դա չափազանց պատասխանատու բան է»,- նշում է արտիստուհին:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ տվեց վերջերս շնորհված վաստակավոր արտիստուհու կոչումը: «Նախ՝ ես հասկացա, որ իմ կատարած աշխատանքը գնահատվում է: Երկրորդ՝ ավելի մեծացրեց պատասխանատվությունս արած գործի հանդեպ: Հիմա սկսել եմ ինձ վրա ավելի շատ աշխատել, անթերի չեմ եւ դեռ շտկելու շատ բաներ ունեմ»,- ասում է Իրինան:

Նա խոստովանում է, որ այսօր փողոցով քայլելիս հաճախ են մարդիկ իրեն ճանաչում «Կյանքի գինը» հայտնի հեռուստասերիալից ու հերոսուհու անունով՝ Իզա կանչում: «Ինձ էլ, թատրոնի մյուս դերասանների նման, ճանաչում բերեց հեռուստասերիալը: Կերպարս ինձ հարազատ է, կոլեգաներիս հետ էլ եմ մտերմացել, պրոֆեսիոնալ թիմ է,- վստահեցնում է դերասանուհին ու հիշում,- մի անգամ մեկը հետեւիցս Իզա էր կանչում, մեկ էլ մի կին շրջվեց ու ասաց՝ բայց դուք նրա Խանուման տեսե՞լ եք…»:

Հեռուստասերիալի սցենարում նա որոշակի փոփոխություններ էլ է անում: Պատմում է, որ երբ նոր-նոր էր նկարահանվում, դժվարանում էր հայերեն սովորել՝ ռուսական կրթության պատճառով: «Պատահում էր՝ նկարահանման անպատրաստ էի գնում ու տեղում իմպրովիզների էի դիմում. մեկ հայերեն էի խոսում, մեկ՝ ռուսերեն: Հետո սցենարիստը հասկացավ, որ պետք է կերպարում փոփոխություններ լինի ու որոշեց, որ ես կիսահայերեն- կիսառուսերեն պետք է խոսեմ: Կարծում եմ՝ կերպարս սիրվել է հեռուստադիտողի կողմից»,- նշում է դերասանուհին:

Ի. Հարությունյանը նաեւ դասախոսում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: «Սիրում եմ այն ուսանողներին, որոնք աշխատասեր են, սովորում են: Շնորհալիներին, եթե բացակայել են, երբեմն ներում եմ, բայց գնահատականներ հեշտությամբ չեմ շռայլում»,- պատմում է մեր զրուցակիցը:

Դառնալով ռուսական թատրոնի իր կոլեգաներին, Իրինան անկեղծացավ, թե կոլեգաներ ունի, որոնք կարգին ռուսերեն չգիտեն, ու ինքը նրանց փոխարեն ամաչում է բեմում: «Շատերը հայերեն առոգանությամբ են ռուսերեն խոսում, ինչը շատ տգեղ է»,- սրտնեղում է Իրինան: Թատրոնի մասին էլ ասաց, որ ինչպես բոլոր մշակութային օջախներում, այստեղ էլ վեճերն ու «պատերազմները» անպակաս են. «Մեր թատրոնում էլ եղել են վեճեր, իրարից հաճախ նեղացել ենք, բայց ժամանակի ընթացքում նման բաները հարթվել են: Չնայած դերասաններ էլ կան, որոնց միայն բեմում եմ հանդիպում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել