Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «ԱրմԻնֆո»-ի սեփական թղթակիցը, Շուշիի Մուրացանի անվան դպրոցը դառնալու է ավագ դպրոց: Մուրացանի անվան դպրոցի ուսուցիչները վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել, նախաձեռնվել են քայլեր՝ ավագ դպրոցի համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովման, շենքի բարեկարգման ուղղությամբ: Նախատեսվում է ստեղծել 4 լաբորատորիա: Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հատկացրել է քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի եւ այլ լաբորատորիաների համար համապատասխան գույք: Դպրոցում երկու հոսք է գործելու՝ բնագիտական-մաթեմատիկական եւ հումանիտար: Այսօրվա դրությամբ կատարվում է աշակերտների ընդունելություն: Դեռեւս ավագ դպրոց ընդունվելու համար դիմել են մեծ մասամբ շրջկենտրոնի բնակիչները, սակայն սպասվում է, որ հայտեր կլինեն նաեւ շրջանի գյուղերի աշակերտներից: