Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի եւ 12 համերգներով մինչեւ սեպտեմբերի 23-ը կշարունակվի Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը, որն այս տարի անցկացվում է 3-րդ անգամ, տեղեկացնում է tert.am-ը: Այս տարի նույնպես փառատոնը կունենա բազում անվանի հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից. հրավիրված մենակատարների շարքում են Քիմ Քաշքաշյանը (ալտ, ԱՄՆ), Վոլֆգանգ Մայերը (կլարնետ, Գերմանիա), Անահիտ Չաուշյանը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա), Իլյա Գրինգոլցը (ջութակ, Ռուսաստան), Ջուզեպե Ջակոմինին (տենոր, Իտալիա), Կարինե Բաբաջանյանը (սոպրանո, Գերմանիա), Դայշին Կաշիմոտոն (ջութակ, Ճապոնիա) եւ ուրիշներ: Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Պետֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը՝ Մեծ Բրիտանիայից: Բոլոր համերգները կկայանան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: