Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿ «ԼԻՄՈՒԶԻՆՈՎ», ՔՅՈՒՖԹԱՅՈՎ ՈՒ ՄԵԽԱԿՆԵՐՈՎ ՉԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ

Սեպտեմբեր 01,2009 00:00

Գեղանիստի միջնակարգ դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ ինքը ատեստատներ տպելով չի զբաղվում

\"\"
Գեղանիստի ավերակ դպրոցը:

 

Ամեն ուսումնական տարվա վերջին մեր օրաթերթը, տարբեր դպրոցների հետ կապված, ծնողներից բողոքներ է ստանում այն մասին, որ այս կամ այն դպրոցի տնօրենը «ատեստատներ է տպում ու փողով բաժանում», որ բազմաթիվ աշակերտներ դպրոց չեն հաճախում ու գումարի դիմաց լավ գնահատականներով ատեստատներ են ստանում եւ այլն: Նման մի բողոք էլ ստացանք օրերս՝ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցի մասին: Ըստ բողոքող ծնողների, որոնց անունները չենք հրապարակում, Գեղանիստի այդ դպրոցում ինչ անօրինություններ ասես, որ չեն կատարվում. «Որ ուսուցչի քեֆը չի տալիս՝ այդ օրը դասի չի գալիս, իսկ տնօրենն էլ չի կարողանում նրանց նկատողություն տալ, քանի որ կաշկանդված է. բոլոր ուսուցիչներն էլ գիտեն, որ տնօրենը ծնողներից գումար է վերցնում, այդ իսկ պատճառով ոչ ոքից չի կարողանում աշխատանք պահանջել: Ծեծկռտուքները դպրոցում դարձել են սովորական երեւույթներ, ամեն օր դպրոցից աղջիկ են առեւանգում, իրար են ծեծում, հանցագործություններ են կատարում: Մեր երեխաներն այդ դպրոցից որեւէ գիտելիք չեն ստանում, միայն սովորում են դասերի ժամին դրսերում թափառել, իրար ծեծել, ծխել, ուսուցիչներին կաշառք տալ եւ այլն»: Այս դիմում-բողոքին նաեւ կցված են այն աշակերտների անուն-ազգանունները, որոնք, ըստ բողոքող ծնողների, ոչ մի օր դպրոց չեն հաճախել, պարզապես անունների դիմաց դասամատյաններում բարձր գնահատականներ են գրանցվել, ոմանք այդպիսի գնահատականներով ստացել են լավ ատեստատներ. «Պատահական չէ, որ տարեվերջին Գեղանիստի դպրոցի դասամատյաններում ավելանում են երեւանաբնակ աշակերտների անուններ. նրանք պարզապես մուծվում են տնօրենին՝ ատեստատ ստանալու համար»:

Համոզվելու համար, թե իսկապե՞ս Գեղանիստի դպրոցն այդքան կրիմինալ վիճակում է՝ այցելեցինք այդ դպրոցը: Տնօրեն Լեւոն Գեւորգյանը հավաքեց ողջ մանկավարժական կազմը ու մեկ առ մեկ ցույց տվեց այս տարի ավարտած աշակերտների ատեստատների պատճեններն ու գնահատականները: Ծնողների բողոքի մեջ նշված աշակերտներից Աղաս Առաքելյանի, Շահեն Գասպարյանի, Մայիս Հակոբյանի, Գրիգոր Հախվերդյանի, Լուսինե Համազասպյանի ատեստատներում ամենաբարձր գնահատականը 7-ն էր, այն էլ ստացել էին 1-2 առարկաներից, իսկ մնացած գնահատականները 3-4 միավորի շրջանակներում էին, այսինքն՝ այդ աշակերտներն ավարտել էին դպրոցը բավականին ցածր գնահատականներով: Ըստ նամակագիր ծնողների՝ մի քանի ուսուցիչներ՝ Քսպոյանը, Գրիգորյանը, Պողոսյանը, տարին տասներկու ամիս արձակուրդի մեջ են ու չեն բարեհաճում դպրոց գալ, դաս պարապել, մինչդեռ մեր այցելության պահին այդ երեք ուսուցիչներն էլ ներկա էին:

Դպրոցի տնօրենը պարզաբանումներ տալիս վստահեցրեց, որ այդ բողոքներն անհիմն են, եւ որ դրանց հետեւում կանգնած է դպրոցի նախկին տնօրենը. «Նրանից հետո, ոչ բարով, ես նշանակվեցի տնօրեն, ու այդ օրվանից մեր կյանքը նա ուզում է դժոխքի վերածել: Տնօրեն դառնալուց հետո ես նաեւ ֆիզիկայի ուսուցչի եմ ազատել աշխատանքից, որը նույնպես տնօրենի հետ արդեն մի քանի տարի է՝ բողոք գրելով ու ինձ սեւացնելով է զբաղված: Այդ ուսուցիչն էլ, բացի այն, որ թոշակի պիտի գնար, նաեւ լավ մասնագետ չէր, ֆիզիկայից այնքան հեռու էր, որքան խոզը՝ աշխարհագրությունից: Արդեն բոլոր գերատեսչություններից նրանց բողոքների հիման վրա եկել են մեր դպրոց ու ստուգումներ են արել, ոչ մի անօրինական բան չեն հայտնաբերել: Մենք ամեն տարի սեպտեմբերի 1-ն այսպես ենք դիմավորում, ամեն տարի ուզում են խաթարել մեր նորմալ դասերը»: Լ. Գեւորգյանը նաեւ հիշեց, որ վարչապետի, ԿԳ նախարարության, մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցների՝ դպրոցում կատարած ստուգումներից հետո Գեղանիստի դպրոցի հասցեին տարածված բողոքներում արդեն ավելացրել են այս կարգի «փաստերը»՝ «դպրոցի տնօրենը ստուգումներից հետո նրանց սպիտակ «լիմուզինով», մեխակներով է ճանապարհել, հետները քյուֆթա է դրել, խորոված է պատիվ տվել եւ այլն»: Լ. Գեւորգյանն ասաց. «Ես այնքան եմ հոգնել այդ կարգի հերյուրանքներից, որ վախենում եմ դպրոցում «վերջին զանգ» կազմակերպել՝ ավելորդ խոսակցություններ չլսելու համար»:

Գեղանիստի դպրոց գնալու ճանապարհին զրուցեցինք մի քանի աշակերտների հետ, վերջիններս՝ թեեւ ոչ դպրոցի տնօրենից, ոչ որեւէ ուսուցչից որեւէ դժգոհություն չունեին, այնուամենայնիվ, որոշ խնդիրներ մատնանշեցին՝ կապված դասագրքերի ձեռքբերման հետ: 8-րդ դասարանի աշակերտներից մեկը բողոքեց, որ իրեն ընդամենը 1-2 դասագիրք են տվել, մնացածը հորդորել են այստեղից-այնտեղից ճարել: Դպրոցի տնօրենը չհերքեց, որ, իսկապես, որոշ դասագրքեր չեն բավականացնում, եւ աշակերտները ստիպված են իրենք այդ դասագրքերի հարցը լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել