Если в слове “ХЛЕБ” сделать четыре ошибки, получится “ПИВО”
Русская народная мудрость
Սկիզբը՝ նախորդ համարում:
Պետք է նկատել, որ հայոց լեզվին էլ են դիպել անգրագետ հասարակության ձեռքերը: Ընդ որում, սխալներն այնքան էլեմենտար են, այնքան պարզունակ, որ դրանց հանդիպելիս մարդ մտածում է, թե այդ գրի հեղինակը դպրոց գոնե առաջին դասարանում հաճախե՞լ է, թե՝ ոչ: Այդպիսի մի սխալ ֆիքսեց իմ ֆոտոխցիկը Դիլիջանում, որտեղ ավտոկայանի մոտ տեղադրված հայտարարությունների վահանակի վրա մնացել էր հետեւյալ գիրը՝
Իմ հարազատ համալսարանի՝ Պոլիտեխնիկի առջեւ գտնվող մի խանութի վրա փակցված էր այսպիսի մի հայտարարություն՝
Ինչ ասեմ… Այսպիսի փոքր հայտարարությունը, կարծում եմ, մեզ բոլորիս հստակ պատկերացում է տալիս, թե դրա հեղինակը ինչ «պայծառ» կրթություն է ստացել: Աչքի են ընկել նաեւ սանտեխնիկայի եւ էլեկտրական սարքերի վերանորոգմամբ զբաղվող վարպետները, որոնք փակցրել են հետեւյալ հայտարարությունը՝
3 սխալ: Գովելի է, որ այս հայտարարությունը կազմելիս գրողի մտքի հեռու գաղտնարաններում ինչ-որ տեղ առկայծել է «Ա»-ից ու «Ո»-ից հետո «Յ» գրելու կանոնը, սակայն նա, դժբախտաբար, երեւի համոզված չի եղել իր ուժերի վրա եւ որոշել է օգտագործել «Ե» տառի «Յ» հնչյունը, ինչի արդյունքում եւ ստացվել է «սանտեխնիկաեի» անտաղանդ ու դժվար արտասանելի բառը: Որքան էլ լարեցի երեւակայությունս, միեւնույն է, չկարողացա պատկերացնել, թե ինչպես են վերանորոգում Էլեկտրականությունը: Վերանորոգում են էլեկտրական սարքերը: «ԷլԷկտրականությունը» հնարավոր է միայն «վերանորոՔել», այնպես որ, կարելի է փաստել, որ այս ամենը շատ էլ ճիշտ է:
Հայերենի համատարած անտեսման եւ ստորադասման ֆոնի վրա կան նաեւ դեպքեր, որոնք, մեղմ ասած, վայել չեն իրեն հայ համարող ցանկացած անհատի: Կան բաներ, որոնք յուրաքանչյուր, գոնե Հայաստանում ապրող հայ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ: Ինչի՞ մասին եմ խոսում: Մեր այբուբենի…
Բերեմ մի սխալ, որին նայելիս մարդու լաց է գալիս: Այս տախտակը տեղադրված էր իմ alma-mater-ի առջեւ, ինչի շնորհիվ ամեն անգամ դասի գնալիս ստիպված եմ տեսնել այն:
Խոսքեր չկան… Միայն մտքեր են… Ախր ինչպե՞ս կարելի է չիմանալ մեր մեսրոպատառ այբուբենի «Տ» տառը: Ախր խիղճն էլ լավ բան է, չէ՞: Լավ կլիներ սա գրեին անգլերեն: Գոնե սրտներիս դարդ չէր լինի: Սրան ես արդարացում չեմ տեսնում: Ընդ որում, «Բիստրո» բառի մեջ «Տ» տառը ճիշտ է գրված, իսկ «ուտեստներ» բառի մեջ երկու անգամ Տ-ն հակառակ է գրված: Սա կարող է նշանակել միայն մի բան. հեղինակը պարզապես չգիտի, թե ինչպես են գրում Տ տառը, ու որոշել է երկու ձեւն էլ փորձել: Ոնց չլինի՝ մեկը ճիշտ կլինի: Մեր դպրոցում մի լավ ուսուցչուհի կար՝ Գայանե Վլադիմիրովնան, որը մի անգամ շատ լավ բան ասաց: Նա ասաց. «Ամեն ինչ իր չափն ունի: Բացի մարդկային դեբիլությունից»: Այս միտքը նոր չէ: Անգամ Էյնշտեյնն է այս հարցով արտահայտվել, ասելով, թե «Միայն երկու բան են անսահման՝ տիեզերքն ու մարդկային բթությունը: Ընդ որում, առաջինի հարցով ես այդքան էլ համոզված չեմ»: Կան բաներ, որոնք չիմանալը ամոթ չէ: Օրինակ, եթե Դուք ֆիզիկոս չեք, ապա լիովին ներելի է, եթե չգիտեք Նյուտոնի երկրորդ օրենքը կամ չեք հիշում գրավիտացիոն հաստատունի թվային արժեքը: Սակայն մի՞թե 21-րդ դարում ապրող մարդը, որքան էլ որ ֆիզիկայից հեռու լինի, իրավունք ունի չիմանալ, որ սառույցը, ջուրն ու գոլորշին դա նույն բանն է, կամ որ Երկիրն է պտտվում արեւի շուրջը եւ ոչ հակառակը: Լեզվի ասպարեզում տառերը չիմանալը դրան համազոր մի բան է, ու մեր, հիրավի, հիասքանչ լեզվի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը առնվազն պախարակելի է:
Հայերեն սխալների մեջ կան այնպիսիները, որոնք չի կարելի մտցնել «սխալ» հասկացության մեջ այնպես, ինչպես մենք դա օգտագործում էինք մինչ հիմա: Դրանք սխալ չեն զուտ լեզվական տեսանկյունից, սակայն իմաստային առումով դրանք ավելի շատ վանում են պոտենցիալ հաճախորդին, ինչը, կարծում եմ, գովազդային վահանակների ու հայտարարությունների գործառույթների մեջ չի մտնում:
Օրինակ կարող է ծառայել մի խանութ, որի վահանակին նայելով՝ դուք իսկույն կասեք, թե այն որտեղ է գտնվում՝
Դե լավ, ասենք հասկացանք, թե ինչու է խանութը կոչվել հենց այսպես, սակայն մի՞թե սա լավագույն անունն էր, որով կարելի էր անվանել վաճառքի կետը: Չեմ կարծում: Չէ՞ որ «ծախս» բառը մեր մտքում ասոցացվում է դրամից բաժանվելու պրոցեսի հետ, ինչը, համաձայնեք, այդքան էլ հաճելի չէ: Իսկ եթե խանութի անվանումը հաճելի չէ, ապա եւ փոքրանում է այդ խանութը մտնելու ու էլ չեմ ասում՝ այդտեղից ինչ-որ բան գնելու (փող ծախսելու) ցանկությունը: Այսինքն՝ վահանակը սխալ է, եւ մարդկանց գրավելու փոխարեն, նրանց վանում է: Չնայած, չեմ կարող չհիանալ այս անվանումը հորինողների հնարամտությամբ: Հիրավի, ձմռանը Ծաղկաձորը վերածվում է Ծախսաձորի:
Գովազդներն ու հայտարարությունները արտացոլում են նաեւ մեր արդի պահանջները: Օրինակ սա՝
Կհրավիրեմ Ձեր ուշադրությունը, թե ինչ անհարմար անկյունից եմ ես նկարել այս նկարը: Դա իր բացատրությունն ունի: Հեռախոսս հանելուն պես, դեպի ինձ շտապեց այս սննդի օբյեկտի մատուցողներից մեկը, գոչելով՝ «Էդ ինչ ես նկարում, արա այ…»: Ես էլ արագ նկարեցի ու հեռացա ջղային մատուցողի ռադիոծածկույթից: Իրոք, այս սննդի օբյեկտին ոչ միայն սպասարկման, այլ նաեւ էթիկայի կանոններից հասկացող մատուցող է պետք: Թերեւս մատուցողներին վերաբերող բոլոր անհրաժեշտ հատկանիշները Jerome Coffee Break-ը ի մի է բերել եւ քաղաքի փողոցներում փակցրել շատ դիպուկ այս հայտարարությունը.
Իրոք որ, մեզ հիմա խելքը գլխին ոչ միայն մատուցողուհիներ են պետք…
Ցավալի է փաստել, որ մեզ մոտ՝ Հայաստանում, խնդիրներ են առաջանում, որոնք այլ երկրներում նույնիսկ քննարկման առարկա չեն: Անգամ այս ոլորտը կարգավորելու համար օրինագիծ հանելն է ծիծաղելի: Մի՞թե մենք պետք է ստիպենք գործարարներին, որ ճիշտ գրեն: Դա է՞լ ստիպենք: Մի՞թե գործարարը չգիտի, որ իր խանութի արտաքին գովազդը կամ դռանը կպցրած հայտարարությունը այդ օբյեկտի դեմքն է, որ դրանով հաճախորդը կարծիք է կազմում խանութի ղեկավարության եւ աշխատակազմի մասին: Մի՞թե ակնհայտ չէ, որ խանութիդ ինչ անուն որ դնես, այնպես էլ այն կաշխատի: Իսկ քանի պատճենահանման կետերը անվանվեն «XEORX», այնտեղ արված պատճենահանումն էլ «քսեՕռքս» կլինի, քանի խանութի վերեւում կախված է “EVRO” մակագրությունը, այդտեղից երբեք Դուք «EURO» հագուստ չեք գնի ու քանի մեր ամառային արձակուրդները տեւում են հուլիսի 1-ից մինչյեվ օգոստոսի 20-ՆԸ, մեզ միշտ էլ անհրաժեշտ կլինեն խելքը գլխին մատուցողուհիներ…
Հ. Գ. Արդեն սույն հոդվածը պատրաստ էր եւ վերջին կոսմետիկ խմբագրումներն էի անում, երբ հայրիկիս կոլեկտիվի հետ մեկնեցինք Ապարան: Հայրիկիս ընկերներից մի քանիսը որսորդներ էին, եւ լորի որսի գնալիս ինձ էլ հետները տարան: Երկնքում այնպիսի արեւ էր, ինչպիսին լինում է միայն այն ժամանակ, երբ Meteo TV-ն ամպամած եղանակ է խոստանում: Այդ կիզիչ արեւից հոգնած, ջրի սպառված շշերով գալիս էինք տուն, մեզ հետ բերելով նաեւ որսած լորերի բավական մեծ պաշար, եւ պապակ սրտներս միայն մի բան էր ցանկանում՝ ջուր: Ի վերջո, հեռվում երեւացին գյուղի տները, եւ դրանց մեջ նշմարվեց նաեւ մի խանութ: Խանութում մեզ դիմավորեց մի բարեհամբույր տիկին, որը ժպիտով եւ քաղաքավարությամբ մեզ շնորհեց բաղձալի ջրի շշերը, մաքուր գրական հայերենով հետաքրքրվեց մեր որսի արդյունքների մասին եւ մեղմիկ ժպիտով մեզ հաջողություն մաղթեց: Խանութից դուրս գալիս նկատեցինք, որ ամպեր են հավաքվել եւ որոշակիորեն փակել են արեւը, ինչի շնորհիվ այն այլեւս այդքան կիզիչ չէր: Ու այդ ժամանակ աչքիս ընկավ այդ խանութի անվանումը՝
Հույս… Մի պահ ինձ թվաց, թե այս խանութը ստեղծվել է իմ հոդվածի հետգրությունում տեղ գտնելու համար: Այո, բարեկամներ, կա դեռ հույս, որ ամեն ինչ կփոխվի, հույս կա, որ էլ չեն մնա սխալ գրված անտաղանդ գովազդային վահանակներ ու հայտարարություններ եւ կա դեռ հույս, որ մեզ մոտ Լեզվի պետական տեսչությունը այլեւս անելիք չի ունենա արտաքին գովազդային վահանակների ու հայտարարությունների հայեցիությունը պահպանելու գործում: Կգա մի այդպիսի օր, երբ մենք, հոգնած բթության կիզիչ արեւի ծակող ճառագայթներից, կգտնենք մեր «Հույսի խանութը», որի վահանակին ոչ մի սխալ չի լինի եւ որտեղ մեզ կսպասարկի բարեհամբույր տիկինը…
Հուսով եմ, այդ խանութը չի փակվի…
ԿԱՐԱՊԵՏ ԳՅՈՒՄՋԻԲԱՇՅԱՆ