Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Կրթության պատասխանատուները արձանագրում են խնդիրները եւ փորձում լուծումներ գտնել

Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում՝ ուսումնական հերթական տարվան ընդառաջ, մարզպետարաններում կայանում են արդեն ավանդական դարձած խորհրդակցություններ: «Առավոտը» արդեն անդրադարձել է չորս մարզերում՝ Սյունիքում, Շիրակում, Արագածոտնում եւ Լոռիում տեղի ունեցած հավաքներին եւ քննարկված հարցերին: Այսօր էլ՝ Տավուշի եւ Վայոց ձորի մասին:

Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը, բնականաբար, մասնակցում էին նաեւ դպրոցների տնօրեններ: Աշակերտներից կարգապահություն պահանջող տնօրենների մի մասը գլխավոր մանկավարժական հավաքին ներկայանալու հարցում կարգապահ չէր եւ հավաքին ներկայացավ մինչեւ 45 րոպե ուշացումով: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ հանդիմանում էր հերթական ուշացածին: Դպրոցում բջջային հեռախոսը արգելելու արդար որոշում կայացրած պատասխանատուները սեփական անձին պակաս խիստ են նայում եւ հավաքի ընթացքում պարբերաբար հեռախոսային տարբեր կանչ-երաժշտություն էր հնչում:

Այս պայմաններում արձանագրվեց, որ Տավուշի մարզի 81 հանրակրթական դպրոցներից 45-ը սահմանամերձ է: Դպրոցներից 22-ը քիչ թվով՝ 50-60 աշակերտ ունի: Փոքր համայնքների դպրոցները աշակերտների հավաքագրման խնդիր ունեն: Հանրապետության քաղաքների եւ խոշոր դպրոցների դասարաններում միջին խտությունը 18-20 աշակերտ է, իսկ Տավուշի փոքր դպրոցներում՝ 8-9 աշակերտ: Տարեցտարի նվազում է մարզի աշակերտների թվաքանակը: Անցած ուսումնական տարում մարզի աշակերտների թիվը 17 553 էր, այս տարի ակնկալվում է 17 400: Սա ֆինանսական լուրջ խնդիրներ է առաջացնում: Մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի վկայությամբ, խնդիրներ կան տարբեր մակարդակներում եւ կրթության կազմակերպման տարբեր փուլերում: Անցյալ տարի 7 առարկաներից 300 ուսուցիչներ եւ 100 դասվարներ վերապատրաստումներ են անցել: Սակայն ուսումնասիրություններից պարզվել է, որ վերապատրաստումից մեկ ամիս անց ուսուցումը նույն, հին ձեւով է իրականացվում: Խնդիրներ կան նաեւ միջին դպրոցի կրթության բովանդակության առումով: Չնայած կրթակարգի, կրթական չափորոշիչների առկայությանը, մարզի միջին դասարանների աշակերտները համապատասխան գիտելիքներ, գրագիտություն չունեն, որ դրսեւորվում է ավագ դպրոց անցնելիս: Դպրոցներում նորմատիվ ակտերի կիրարկման, գործավարության վարման բազմաթիվ խախտումներ կան: Մարզի սահմանամերձ, փոքր համայնքներում գործում են երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ, որտեղ նույն դասասենյակում միաժամանակ սովորում են տարբեր դասարանների երեխաներ, ինչի պատճառով կրթության որակ չի ապահովվում: Ֆինանսական միջոցների պակասը էական ազդեցություն է թողնում հանրակրթության ոլորտի բարեփոխումների վրա: Ավագ դպրոցների ծրագրերը եռամակարդակ են: Օրինակ, մաթեմատիկայի ուսուցումն իրականացվում է ֆիզմաթ, բնագիտական եւ հումանիտար հոսքերի մակարդակներով: Իսկ ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների համար տպագրվել է 13 անուն նոր դասագիրք, մնացած 10 առարկաների, բնագիտական ամբողջ հոսքի առարկաների նոր դասագրքեր չեն հրատարակվել: Տպագրված դասագրքերն էլ ոչ թե ծրագրերի նման եռամակարդակ, այլ՝ երկմակարդակ են: Կամ հանիրավի կերպով հայ գրականության դասագրքերից դուրս են մնացել մեր դասականների՝ Նար-Դոսի, Պերճ Պռոշյանի ստեղծագործությունները:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը, որը ծագումով Տավուշի մարզից է: Հայապահպանման գործում ավանդ ունեցող մարզի որոշ ուսուցիչների պատվոգրեր հանձնելուց հետո, նա անթույլատրելի համարեց, որ մեր դպրոցներում երեխաները խոսում են հայկական ցածրաճաշակ հեռուստասերիալների փողոցային լեզվով:

Վայոց ձորում կայացած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ մարզի 51 դպրոցներից 37-ում ավարտվել են դպրոցական շենքերի հիմնանորոգման աշխատանքները, իսկ մյուս դպրոցներում այդ աշխատանքները կավարտվեն մինչեւ 2010 թվականը: Բայց, ցավոք, տարեցտարի պակասում է աշակերտների թիվը: Այս ուսումնական տարում այն կկազմի 7891՝ նախորդ ուստարվա 8138-ի դիմաց, կամ 247-ով պակաս, կկոմպլեկտավորվի 510 դասարան՝ նախորդ ուստարվա 530-ի դիմաց, կամ 20-ով պակաս: Մի շարք դպրոցներ նույնիսկ կարող են հայտնվել փակվելու վտանգի տակ՝ արձանագրել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Դպրոցներում հաշվառված է 292 համակարգիչ, 17 դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ, կա ինտերնետ կապ: Դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը շարունակվում է, մինչեւ տարեվերջ եւս 5 դպրոց կհամալրվի 20 համակարգչով եւ սարքավորումներով:

Մարզում գործում է համայնքային ենթակայության 16 մանկապարտեզ, որոնցում ընդգրկված է 570 երեխա: Մի շարք համայնքներում չկան նախադպրոցական հիմնարկներ, ինչի հետեւանքով այդ համայնքներում անլուծելի է մնում նախադպրոցական կրթության խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել