Ավագ դպրոցները խառնաշփոթ են առաջացրել, բայց պատասխանատուները խոստանում են, որ ամեն ինչ լավ կլինի:
Ավագ դպրոցների մասին խոսակցությունները դեռեւս նախորդ ուսումնական տարվանից անհանգիստ վիճակ են առաջացրել Արմավիրի մարզի ու թերեւս ողջ հանրապետության թե՛ դպրոցականների, թե՛ նրանց ծնողների շրջանում:
Արմավիրի մարզում մինչեւ օգոստոսի 20-ը դեռ որեւէ մեկը հստակ չէր կարող պատասխանել, թե մարզի քանի՞ եւ ո՞ր դպրոցներն են դառնալու ավագ, լինելու «ընտրյալները»: Տպավորությունն այնպիսին էր, կարծես կարեւոր մի բան դիտավորյալ գաղտնի է պահվում, որ դրա գաղտնազերծումից հետո ժամանակի սղությունը դպրոցականներին ու նրանց ծնողներին որոշակի քայլեր անելու հնարավորություն չտար:
Երբ օգոստոսի 26-ին պարզ դարձավ, որ ավագ դպրոց են դառնում մարզի չորս դպրոցները՝ երկուսը Էջմիածնում, մեկական՝ Արմավիրում եւ Մեծամորում, ծնողների անհանգստությունը նոր թափ ստացավ: Պաշտոնյաները նախ հայտարարեցին, որ ավագի կարգավիճակ ստացած Էջմիածնի թիվ 2 դպրոցից աշակերտների արտահոսք չի լինելու, իսկ երկու օր անց՝ օգոստոսի 28-ին, ծնողները տեղեկացան, որ առանց իրենց տեղյակ պահելու, առանց ծնողի եւ աշակերտի կամքը հարցնելու, կրթօջախի ղեկավարությունը երեխաներին բաժանել է մի քանի դպրոցների միջեւ: «Էդ բաժանողը գիտի՞ ես որտեղ եմ ապրում ու իմ 2-րդ դասարանի երեխան ամեն օր ո՞նց է քաղաքի էս ծայրից էն ծայրը հասնելու: Էդ ի՞նչ իրավունքով են նստել ու իմ փոխարեն երեխայիս դպրոցի հարցերը լուծել: Բա որ էդ մեծ-մեծ խաչմերուկները անցնելուց մի օր երեխես ընկնի մեքենայի տակ, ո՞ւմ եմ մեղադրելու դրա համար»,- ասաց Սուսաննան:
Թե Սուսաննան, թե մյուս ծնողները, որոնց երեխաներին, իրենց կամքից անկախ, տեղափոխել են այլ դպրոցներ, անկեղծորեն հավատացել էին 2-րդ դպրոցի ղեկավարության խոսքին՝ թե երեխաները շարունակելու են սովորել նույն դպրոցում: Բայց երբ գլխի են ընկել, որ դա ընդամենը «փափուկ բարձ» էր՝ ժամանակ շահելու համար, շտապել են երեխաների անձնական գործերը հանել ու տեղափոխել իրենց բնակավայրերին մոտ դպրոցներ: Եվ զարմացել են՝ մերժում ստանալով: Պարզվել է՝ մարզպետարանից հրահանգ է իջեցված՝ չընդառաջել որեւէ ծնողի:
Էջմիածինը հիմա կրթական «եռուզեռի» մեջ է: Ավագի կարգավիճակ ստացած թիվ 2 դպրոցի սաները, օրինակ, որոնց զգալի մասին կրթական ոլորտը համակարգողները «գործուղել» են թիվ 1 դպրոց, հրաժարվում են ուսումը շարունակել պարտադրված կրթօջախում: «Այդ դպրոցի դեմ ոչինչ չունեմ, բայց որ ստիպում են, անկախ իմ կամքից՝ ատելությամբ եմ լցվում: Երեխաս էլ չի սիրում: Ասում է՝ ինձ էդ դպրոցը չտանես»,- ասաց Ա. Սարգսյանը: Ծնողը վիրավորված է, որ, ոտնահարելով կրթական հաստատություն ընտրելու իրենց իրավունքը, երեխային պարտադրում են ուսումը շարունակել բնակավայրից մի քանի թաղամաս հեռու գտնվող դպրոցում: «Եթե մեր տանն ավելի մոտ է 4-րդ դպրոցը, ինչո՞ւ պետք է երեխաս հեռուն գնա: Եթե հիմա եղանակները տաք են, օրերը՝ երկար ու քաղաքի մի ծայրից մյուսը հասնելը՝ մի քիչ հեշտ, դա դեռ չի նշանակում, որ ձմռանն էլ է այդպես լինելու: Ինչո՞ւ պիտի երեխայիս կես ժամ էլ շուտ արթնացնեմ քնից, ինչ է թե՝ երկար ճանապարհ է գնալու: Ես հրաժարվում եմ ենթարկվել այն մարդկանց կամքին, ովքեր պարտադրում են մի բան, որի իրավունքը չունեն»,- ասաց Ա. Սարգսյանը: Ծնողներն ասացին, որ դպրոցների տնօրենները կտրականապես հրաժարվում են երեխաների անձնական գործերը ետ տալ: «Ես չեմ հասկանում, իրե՞նք պիտի ասեն, թե իմ երեխային որ դպրոցը տանեմ: Թող ինձ ցույց տան մի օրենք կամ որոշում, որ իրավունք ունեն բռնանալու իմ ազատ կամքին: Եթե ես իմ երեխայի գործերն եմ ուզում, ինչո՞ւ չեն տալիս»,- հարցրեց Գայանե անունով մի ծնող:
Ամբողջությամբ՝ անուն-ազգանունով ներկայանալ չցանկացող ծնողներն իրենց մտավախությունը հիմնավորեցին տնօրենների կողմից երեխաների նկատմամբ հնարավոր հաշվեհարդարով: Իսկ երբ փորձեցինք զրուցել նաեւ մի քանի դպրոցների տնօրենների հետ, պարզվեց, որ պակաս վախեցած էլ նրանք չէին: Տնօրեններն էլ իրենց հերթին էին խնդրում անունները չհրապարակել, բայց ասացին, թե «կրթության վարչությունից հրահանգված է. ոչ գործեր ետ տալ, ոչ՝ նորերը ընդունել: Ինքս էլ եմ դեմ, որ բռնանում են ծնողի եւ երեխայի ընտրության իրավունքին, բայց ի՞նչ կարող եմ անել: Այստեղ, կարծում եմ, ծնողները պետք է ըմբոստանան եւ թույլ չտան, որ իրենց հետ վարվեն այնպես, ինչպես իրենք են ուզում»:
Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը համաձայնեց ծնողների բողոքի միայն երկրորդ մասին եւ հերքեց լուրերը, թե ավագ դպրոցների ձեւավորումը գաղտնի է եղել. «մայիս-հունիս ամիսներից ուսուցիչները գնացել են վերապատրաստման, բնականաբար գաղտնի չի եղել»: Իսկ ահա երեխաներին առանց ծնողների համաձայնության այս կամ այն ավագ դպրոց տեղափոխելու բողոքները իրականությանը համապատասխանում են, սակայն տիկին Սայադյանը դրա բացատրությունը ունի. «700 տեղանոց դպրոց 1100 աշակերտ է ընդունվում, իսկ 1500 տեղանոց դպրոց՝ 600 աշակերտ: Մենք էլ որոշեցինք թույլ չտալ որեւէ տեղափոխություն: Ես շաբաթ-կիրակի օրերին էլ եմ աշխատել, ծնողների հետ եմ հանդիպել ու նրանց խնդրել եմ մինչեւ սեպտեմբերի 3-ը սպասել, տեսնենք ովքեր են գալիս դպրոց, տեսնենք իրական հաճախումները եւ դրանից ելնելով էլ անպայման փոփոխություններ կանենք: Մենք էլ ենք հասկանում, որ չի կարող ծայրամասում ապրող քույր ու եղբայր գնան իրարից հեռու տարբեր դպրոցներ: Մի քիչ էլ մեր ծնողներն են մեղավոր, երեխային վերջին օրերին են բերում դպրոց ընդունում»:
Գայանե Սայադյանը չի կարծում, թե այսկերպ կտուժի կրթական գործընթացը: «Սեպտեմբերի 1-ին մենք գիտելիքի օրը կնշենք, երեխայի համար կապ չունի՝ որ դպրոցում: Ներկա-բացակայից հետո կտեսնենք իրական պատկերը ու երկու-երեք օրվա ընթացքում ամբողջ շարժը կանենք»: