Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դատավորները խայտառակում են Հայաստանը»

Սեպտեմբեր 01,2009 00:00

Ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը

\"\"Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակը այս շաբաթվանից սկսել է «ՀՀ դատաիրավական համակարգը որպես քաղաքական հետապնդումների գործիք» թեմայով քննարկումների շարք: Անդրանիկ քննարկումը սկսվեց ամենաթունդ ընդդիմադիրի՝ Մուշեղ Սաղաթելյանի (լուսանկարում) գործի ներկայացմամբ: Հիշեցնենք, որ համաներումը չտարածվեց շիրակցի այս քաղբանտարկյալի վրա, եւ նա մինչեւ օրս գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը, խոսելով իր պաշտպանյալի գործի մասին, կրկնեց, որ լեւոնականներին ոստիկանություն են տարել հատուկ ցուցակներով, այսինքն՝ նախապես որոշել են, որ, օրինակ, Մուշեղ Սաղաթելյանին զրկելու են ազատությունից: Իսկ որ ամենաաբսուրդն է, ոստիկանները բերման ենթարկված ընդդիմադիրների ներկայությամբ ցուցակում «պլյուս» են դրել նրանց անվան դիմաց` հայտարարելով, որ այս մեկին կարողացանք բռնել, մնաց մյուսը: «Նրան դատապարտեցին, որովհետեւ նա Մուշեղ Սաղաթելյանն էր, նրա անունը եւս կար էդ ցուցակում, նա 1999-ից նրանց տհաճություններ էր պատճառել: Սաղաթելյանը միշտ պետք է մեկուսարանում լիներ»,- ասաց Սեդա Սաֆարյանը: Ըստ փաստաբանի, մարտի 1-ի առավոտյան, ժ. 6.30-ի սահմաններում, Մամուլի տան տարածքում 20-25 հոգուց բաղկացած դիմակավորված անհայտ անձինք, ծեծի ենթարկելով ու ինչ-որ գազ փչելով Մ. Սաղաթելյանի երեսին, նրան հարկադրաբար մտցրել են մեքենա ու տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն: Նախ փորձել են նրան հարցաքննել որպես վկա, ապա մեղադրել են «հակաօրինական» հանրահավաքներ կազմակերպելու, իշխանության անհայտ ներկայացուցչին վիրավորելու, դիմադրություն ցույց տալու համար: Ամիսներ հետո մեղադրել են, որ նա դանակով զինված է եղել, այնուհետեւ ինչ-որ ոստիկաններ են հայտնվել ու կեղծ ցուցմունքներ տվել, թե իբրեւ Սաղաթելյանը ծեծել է իրենց: «Ի սկզբանե մենք շատ ըմբոստացանք, որ իշխանության ներկայացուցիչ չունեք, ո՞նց կարող էր Մուշեղ Սաղաթելյանը դիմադրել 20 հոգու եւ ինչպե՞ս կարող էր նա էդքան մարմնական վնասվածքներ ունենալ: Պաշտպանական կողմը նախաքննական մարմնի դիրքորոշումը անհավասար գտավ, որովհետեւ բացարձակապես ոչ մեկը չէր մտահոգվում, թե ովքեր են մարմնական վնասվածքներ հասցրել Սաղաթելյանին: Մեղադրանքը տարվում էր նախապես պլանավորված ծրագրով, որ նրանք, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, կատարել են հանցավոր արարքներ եւ պետք է պատժվեն: Այսինքն, ի սկզբանե կանխակալ էր այդ մեղադրանքը, քաղաքական ուղղվածություն ուներ»,- նշեց նա: «Առաջին օրը խուզարկությամբ արձանագրվել է, որ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Հետագայում ոստիկանների բանավոր ցուցմունքներով պարզվեց, որ փողոցից գտել են մի դանակ: Նշանակել են փորձաքննություն, որի մասին մեզ տեղյակ չեն պահել, իսկ օգոստոսի 5-ին մեղադրանք են առաջադրել, թե մի դանակ կա, որը Մուշեղինն է»,- հավելեց Ս. Սաֆարյանը: Փաստաբան Սաֆարյանի գնահատմամբ, երկիրը խայտառակելու մեջ մեծ դերակատարություն ունեն նաեւ դատավորները, որոնք, դառնալով քաղաքական հետապնդումների գործիք ու ոչ մի նեղություն չտալով նախաքննական մարմնին, իրենց վրա վերցրել են սարսափելի բեռ. «Դատավորները խաթարեցին արդարադատության բուն էությունը, մարդկանց մեջ արդարադատություն հասկացությունը երեւի մարտի 1-ով իսպառ վերացրին եւ, ես կարծում եմ, որ դատարանների հանդեպ հավատը վերականգնելու համար տասնյակ տարիներ են պետք: Ես ուզում եմ, որ դատավորները իրենք հասկանան, որ իրենց վարքագծով խայտառակում են Հայաստանը»: Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ Սաղաթելյանի գործով երեք բողոք կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել