Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՊԵԼՄԵՆԻ, ԽԻՆԿԱԼԻ ՈՒ ԿՈՏԼԵՏ ԵՆ ՏԱԼԻՍ

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Հարուստների 1,5 տարեկան երեխաներին մանկապարտեզներում սնում են «խորովածա-խաշլամային» սննդակարգով:

Բացի պետական մանկապարտեզներից, ներկայումս մայրաքաղաքում գործում են նաեւ բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ: Ի տարբերություն պետական, ավելի ճիշտ՝ համայնքապատկան մանկապարտեզների, մասնավորները երեխային վերցնում են անմիջապես իր բնակարանից, ողջ օրվա ընթացքում կերակրում նրան, զբաղեցնում ու օրվա վերջում բերում-հանձնում են ծնողներին: Այսինքն՝ այդ մանկապարտեզները կիսում են զբաղված եւ հարուստ ծնողների գործը՝ դրա դիմաց ստանալով բավականին բարձր վարձատրություն՝ ամսական 60-100 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ նույնիսկ անհատական խնամքի համար առանձին դայակ վարձելու դեպքում ծնողը կվճարի մոտ 80 հազար դրամ:

Որպեսզի արդարացված լինի 1 երեխայի պահելու համար այդքան խոշոր գումար վերցնելը, մանկապարտեզներում, պետական նման հաստատություններից տարբերվելու համար, երեխաներին բոլորովին այլ «մենյու» են առաջարկում՝ կոտլետներ, խինկալի, պելմենի, հավ, քյուֆթա եւ այլն:

«Հրաշք տնակ» մանկապարտեզում, որտեղ ամսական վարձը կազմում է 60 հազար դրամ, երեխաներին կերակրում են 4 անգամ: Մանկապարտեզի աշխատակցուհին վստահեցրեց, որ իմ մեկուկես տարեկան երեխայի մասին հարազատ ծնողի պես հոգ կտանեն. «Մենք տնական ճաշեր ենք պատրաստում՝ կարագով, գազարով ու մսով ճաշիկներ ենք տալիս: Օրինակ, նախաճաշին տալիս ենք պարտադիր թեյ, կարագ, մեղր, ջեմ, հաց, պանիր, մեկ-մեկ՝ կաթնաշոռ-թթվասեր, «հերկուլես», խավիծ: Հիմա քանի որ ամառ է, կաթ չենք տալիս: Իսկ ճաշին արդեն տալիս ենք կա՛մ հավի մսով, կա՛մ տավարի մսով, ձավարեղենով կամ մակարոնեղենով ապուրներ, տալիս ենք նաեւ տարբեր պադլիվկաներով ու կոտլետներով փլավիկներ, բլինչիկ ու տոլմա»: Երբ հարցրինք, թե ինչպե՞ս կարող է իմ մեկուկես տարեկան երեխան ուտել իրենց առաջարկած բլինչիկն ու տոլման, աշխատակցուհին պատասխանեց. «Մենք կօգնենք՝ կուտի, տոլմայի կաղամբը կհեռացնենք, նոր կտանք, մի անհանգստացեք»:

«Գուլիվեր» մանկապարտեզում էլ ասացին, որ երեխաներին ճաշի ժամին տալիս են պելմենի, կոտլետներ: Այստեղ վարձավճարը մեկ ամսվա համար 80 հազար դրամ էր, բայց խոստացան 2 երեխայի դեպքում զեղչեր անել ու ընդունել 154 հազար դրամով: Հաշվի առնելով, որ «Գուլիվերում» ընդունում են երեխաներ՝ 2 տարեկանից սկսած, բնականաբար, նման սննդակարգը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի առողջության համար: Աճման շրջանում երեխաներին անհրաժեշտ է ընդունել վիտամիններով հագեցած թեթեւ ապուրներ, կաթնամթերք, շիլաներ, աղցաններ, բայց ոչ՝ պելմենի ու խինկալի, որոնք շատ դժվարամարս են: Նույնիսկ մեծահասակներն այդ պատրաստի պելմենիներն ուտելիս մարսողության հետ կապված խնդիրներ են ունենում: 2 տարեկան շատ երեխաներ դեռ ծամող ատամները հանած չեն լինում ու դժվար է պատկերացնել, թե ինչպես է նրանց հաջողվում ուտել մանկապարտեզների կոտլետները:

Միայն «Օկի-դոկի» մանկապարտեզում, որտեղ ամսավճարը համեմատաբար ավելի մատչելի է՝ 40 հազար դրամ, վստահեցրին, որ իմ երեխային ոչ ճաշի, ոչ էլ ընթրիքի ժամին խորոված, քյաբաբ, խինկալի կամ տոլմա չեն տա. «Ճիշտ չէ երեխային այդպես սնել, եթե ուզում եք, տարեք տուն, ձեր երեխային պելմենի տվեք, մենք դա չենք անի»: Այս մանկապարտեզում վստահեցրին նաեւ, որ ոչ մի պատրաստի սնունդ երեխաների համար չեն գնում. «Ամեն ինչ տեղում պատրաստում է մեր խոհարարը, տալիս ենք թեթեւ ապուրներ, բորշ, կարտոֆիլի պյուրե, սպաս, սեզոնային աղցաններ, պերաշկի, բիսկվիթ եւ այլն»:

Նշենք, որ գրեթե բոլոր մասնավոր մանկապարտեզներում, որպես առավելություն, շեշտում էին, որ նախաճաշին երեխաներին կարագի հետ տալիս են նաեւ մեղր: Մինչդեռ բոլոր բժիշկները, ծննդատնից սկսած՝ մայրերին խորհուրդ են տալիս մինչեւ 3 տարեկան հասակը երեխաներին մեղր չտալ, որովհետեւ նախ մեղրը ալերգիկ է, նաեւ դժվարամարս է ու կարող է վնասակար լինել փոքր երեխաների օրգանիզմի համար:

Ի տարբերություն մասնավորների՝ համայնքային մանկապարտեզներում, որտեղ վարձավճարն ընդամենը 3-9 հազար դրամ է, տալիս են 3-անգամյա սնունդ, որը լրիվ բավարար է երեխային՝ կշտանալու եւ աճելու համար: Ընդ որում, քյուֆթայի ու տոլմայի փոխարեն այնտեղ տալիս են շիլաներ, սպիտակաձավարով թանձրապուր, հավի բուլյոն, թխվածքաբլիթով կաթ, թեյ, կարագ, մուրաբա եւ նման բաներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել