Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճծառայությունը գնանկում է արձանագրել

Սեպտեմբեր 01,2009 00:00

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների, 2009-ի օգոստոսին, հուլիսի համեմատությամբ, ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0,4% գնանկում, ինչը, աղբյուրի հավաստմամբ, պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է:

Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 1,3%-ով: Հիմնականում գնանկում է արձանագրվել մրգի, բանջարեղենի, կենդանական եւ բուսական յուղի, հացամթերքի, ինչպես նաեւ ծխախոտի եւ խմիչքների շուկայում: Շաքարավազի, իսկ հանրապետության որոշ քաղաքներում՝ նաեւ սուրճի, թեյի, կակաոյի եւ ձկնամթերքի ապրանքախմբերում արձանագրվել է 0,1-0,5% գնաճ:

0,1-7,3%-ով թանկացել է նաեւ գորգեղենի, տեքստիլեղենի, շինանյութերի, կոշկեղենի, կահույքի, այգեգործական ապրանքների, կենցաղային էլեկտրաապրանքների եւ գրենական պիտույքների գնաճ:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա, վիճծառայության տվյալներով, 2009-ի օգոստոսին, հուլիսի համեմատությամբ, այս շուկայում գրանցվել է 0,3% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0,5% եւ 4,7% գնաճը: Այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 17,2 եւ 31,2%-ով, իսկ 2008-ի դեկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է հեղուկ վառելիքի, համապատասխանաբար, 19,1% եւ 0,8% գնաճ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում այս ամիս, նախորդ ամսվա համեմատությամբ, արձանագրված գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է ունեցել բուժսպասարկման 1,5%, օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 4% եւ հանրապետության ներսում միկրոավտոբուսներով ուղեւորների միջքաղաքային փոխադրավարձի 3,3% թանկացումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել