Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵԼ

Սեպտեմբեր 01,2009 00:00

Հիփոթեքային ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանը վստահեցնում է, որ վարկի տրամադրման պայմանները անմարդկային չեն:

Երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ վնասեց հայրենական տնտեսությունը, հատկապես շինարարության ոլորտը, ինչի արդյունքում տուժեց նաեւ հիփոթեքային շուկան, կառավարությունը որոշեց եւ խոստացավ աշխուժացնել այդ ոլորտը՝ ազգային հիփոթեքային ընկերություն ստեղծելով: Ընդամենը 1 ամիս է, ինչ ընկերությունը գործում է, տնօրենն արդեն իսկ վստահեցնում է, որ հիփոթեքային շուկայում տոկոսադրույքները զգալի նվազել են:

Այսօրվանից ազգային հիփոթեքային ընկերությունը իր հետ համագործակցող 6 առեւտրային բանկերին վարկ է տրամադրելու 7,5%-ով, իսկ մինչ այդ՝ վարկը տրամադրվում էր 9%-ով: Ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանի խոսքերով՝ «Մենք շուկային համահունչ ենք: ԿԲ-ի քաղաքականությունն այնպիսին է, որ տոկոսադրույքները նվազեն: Մենք վերաֆինանսավորում ենք 9 տարով, բանկերը տրամադրում են նվազագույնը 10 տարի ժամկետով, կան բանկեր, որ ավելի երկար ժամկետով են տալիս: Ակնկալում ենք, որ ընթացքում վարկերի տրամադրման ժամկետն էլ կերկարի, տոկոսադրույքներն էլ՝ կնվազեն»: Ըստ Մ. Եդիգարյանի, եթե հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները նախկինում հասնում էին մինչեւ 18%, ապա, այսօրվա դրությամբ, 12% կամ մի փոքր ավելի է: Մեր այն հարցին, թե ընկերությունը բանկերի համար տոկոսադրույքների ինչ-որ շեմ սահմանե՞լ է, պարոն Եդիգարյանն ասաց. «Մենք չենք կարող նման բան անել, որովհետեւ իրենք են դա որոշում: Բանկերին էլ ձեռնտու չէ, որ վերցնեն 7,5%-ով, դնեն՝ 20-ով, այդպես հաճախորդ կկորցնեն: Բացի այդ, բանկի միջոցները հիմնականում ձեւավորվում են ներգրավված գումարների արդյունքում, այսինքն՝ ինչքան շատ հաճախորդ, այնքան շատ միջոցներ»:

Հիփոթեքային ընկերության տնօրենը վստահեցրեց, որ իրենց գործունեությունն ուղղված է միջին խավին աջակցելուն, այլ ոչ թե շքեղ առանձնատներ ձեռք բերելուն, ինչի համար էլ հաշվարկել են, որ այսօր մոտ 20 մլն դրամով հնարավոր է բնակարան գնել, դրա համար էլ պահանջ են դրել, որ վարկը չպիտի գերազանցի նշված գումարը:

Համապատասխան եկամուտ ունենալու դեպքում, չալարելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում, շարքային քաղաքացիները կարող են վարկով բնակարան ձեռք բերել կամ այն վերանորոգել: Չնայած սրան, ըստ ԿԲ աշխատակիցների, կան մարդիկ, որոնք զլանում են բացահայտել իրենց աշխատանքն ու եկամուտները. «Մարդիկ էլ պետք է համագործակցեն բանկերի հետ: Կան մարդիկ, որոնք, այսպես ասած՝ ինքնազբաղվածներ են եւ, ասենք, տանն են ինչ-որ աշխատանք անում: Պարտադիր չէ, որ անպայման պաշտոնական կլոր պեչատով տեղեկանք լինի, տեղում ռեալ ստուգվում է տվյալ անձի վարկունակությունը: Մենք դեմ չենք, որ իրենք էլ վարկ ստանան, պարզապես պետք է բանկի մասնագետները գան, ստուգեն, տեսնեն, որ իսկապես գործ են անում, եկամուտ ունեն»: Մեր այն դիտարկմանը, թե մեր քաղաքացիները, թերեւս, վախենում են հարկայինից, դրա համար էլ չեն ցանկանում բացահայտել, որ իրենք տանը, ասենք, ատամնաբուժությամբ են զբաղվում, Մ. Եդիգարյանն ասաց. «Բանկերը հարկային մարմին չեն, նրանք պետք է հավաստիանան, որ մարդիկ բավարար եկամուտ ունեն տվյալ վարկը փակելու համար, կամ ինչ ծավալի վարկ է հավակնում եկամուտը»: Ինչ վերաբերում է նրան, թե ընկերությունը որքա՞ն է սահմանել նվազագույն եկամուտը՝ վարկին հավակնելու համար, ընկերության տնօրենն ասաց. «Մենք նվազագույն չափանիշներ ենք սահմանել, պարտադիր չէ, որ 1մլն դրամ եկամուտ ունենա: Կախված է նրանից, թե ինչ վարկ է ուզում: Նույն չափանիշները չեն կարող լինել 1 միլիոն եւ 20 միլիոն դրամ վարկի դեպքում: Սկզբունքը հետեւյալն է, որ մարդը իր եկամուտի 35%-ով բավարարի ամսական վճարները, քանի որ մնացած եկամուտներով պետք է կարողանա սոցիալական ծախսերը հոգալ, որ չասի, թե՝ ամբողջ աշխատածս բանկին եմ տալիս, մնացած 65%-ը ուղղի ընտանիքի պահպանմանը: Մենք չենք կարող որեւէ մեկի տունը քանդել»:

Որոշ տնտեսագետների այն դիտարկմանը, որ հիփոթեքային ընկերությունն ընդամենը բանկերին աջակցելու միջոց է եւ ավելի լավ կլիներ միանգամից վարկերը տրվեր քաղաքացիներին, պարոն Եդիգարյանն այսպես պատասխանեց. «Նախ մեր ռեսուրսները սահմանափակ են: Ընդամենը մի 500 վարկառուի կտայինք ու կվերջանար գումարը: Իսկ ներդրողից մենք պետք է 6,5%-ով ներգրավեինք, քանի որ ծախսեր ենք անում: Ո՞վ կաներ մեզ մոտ ներդրում: Բանկը ներդրողին 12-14% ավանդ է առաջարկում, իսկ մենք դա չէինք կարող անել: Բացի այդ, 7,5%-ով վարկ տալով, մենք բանկերին ոչ մրցունակ պայմաններ կստեղծեինք»:

Նշենք, որ հիփոթեքային ընկերության բյուջեն այս պահին 17 մլրդ դրամ է: Մ. Եդիգարյանը վստահեցրեց, որ կապիտալը մոտ ապագայում կավելանա ներդրողների հաշվին: Իսկ թե կոնկրետ որտեղի՞ց են ակնկալում այդ ներդրումները, Մ. Եդիգարյանը չասաց, պարզապես հավելեց, որ հնարավոր է իրենց հետ համագործակցող առեւտրային բանկերն էլ ներդրումներ կատարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել