«Գիտությունով կչալե»-ի երգացանկում ռաբիսը տեղ չունի
«Երեւանի սիրուն աղջիկ», «Ով սիրուն, սիրուն», «Ծաղիկներ». այսօր էլ քաղաքային ֆոլկլորի հենց այս սիրված երգերի միջոցով են շատ հայ երիտասարդներ իրենց սերն արտահայտում, բայց մեքսիկական յուրահատուկ հանդերձներով ու կիթառներով զինված երաժիշտների միջոցով սիրո խոստովանության ականատես լինում է ոչ միայն սիրելին, այլեւ հարեւանները… Մայրաքաղաքի ու մարզերի շենքերի բակերում հանդիպող երիտասարդները կոնսերվատորիայի ուսանողներ են, ովքեր աշխատում են «Գիտությունով կչալե» կազմակերպությունում, որը սերենադային ծառայություններ է առաջարկում: Հետաքրքիր անվանումը մտահղացման հեղինակները վերցրել են հայկական «Եռանկյունի» ֆիլմից, որտեղ մի հատված կա. երեխան գալիս է, որ ջութակ նվագի, ֆիլմի հերոսն էլ ասում է՝ մի շնորհքդ ցույց տուր՝ տեսնենք, ի պատասխան երեխան ասում է՝ ես եղանակով չեմ նվագում, այլ՝ նոտաներով, հերոսն էլ այսպես է մեկնաբանում՝ «ան գիտությունով կչալե»:
«Ցավալի է, որ այսօր ազգաբնակչության միայն մի մասն է լսում դասական, ջազ ու ժողովրդական երաժշտություն: Մշակութային օջախներից դուրս հիմնականում գերիշխում է ռաբիսը: Երկար մտորումներից հետո որոշեցի ստեղծել կազմակերպություն, որը կմատուցի միայն բարձրաճաշակ երաժշտություն. շենքերի բակերում էլ միայն որակյալ երաժշտություն ենք հնչեցնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է կազմակերպության տնօրեն, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող Տարոն Գասպարյանը: Բացի սերենադային ծառայությունից, կազմակերպությունը որակյալ երաժշտություն է մատուցում տոնախմբություններին, հավաքույթներին, օդանավակայանում՝ հյուրեր դիմավորելիս եւ այլն: «Գիտությունով կչալե»-ն նաեւ աշխատանքով է ապահովում բուհն ավարտած այն երաժիշտներին, ովքեր համապատասխան աշխատանք չգտնելու կամ քիչ վարձատրվելու պատճառով թողնում են գործը:
«Մոտ 2 տարի առաջ ես սիրահարվել էի, ցանկացա սիրածս աղջկա համար սերենադ պատվիրել, բայց նման կազմակերպություն չկար, երաժիշտ ընկերներիս օգնությամբ կազմակերպեցինք: Որոշեցի, որ երաժշտական կազմակերպության մեջ լինի նաեւ սերենադային ծառայություն»,- նշեց Տ. Գասպարյանը:
Սերենադը, որը ծագել է Իտալիայում, Հայաստանում դեռեւս արտառոց երեւույթ է դիտվում, բայց, Տարոնի համոզմամբ, կամաց-կամաց սկսել է արմատավորվել նաեւ մեզանում: Այն հիմնականում լինում է կիթառներով ու երգիչներով, սակայն կլառնետահար տնօրենի խոսքով՝ հնարավոր է, որ ուղարկեն, օրինակ՝ դասական կվարտետ, այսինքն, պատվիրատուն ինքն է որոշում, թե քանի երաժիշտ ու ինչ գործիքներ պետք է լինեն: Երաժիշտների թվից էլ կախված է, թե ինչ կարժենա ծառայությունը. գները սկսվում են 15 հազար դրամից: Տնօրենից հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են հիմնականում սերենադ պատվիրում: Պարզվում է՝ բացի երիտասարդ տղաներից, սիրահարված աղջիկներն էլ ընկերոջ նկատմամբ սերն արտահայտում են սերենադի միջոցով. «Վերջերս Կոմիտասում մի աղջիկ սերենադ էր պատվիրել, տղան հիացել էր ընկերուհու արարքից: Սերենադը սերն արտահայտելու յուրահատուկ արտահայտչամիջոց է: Օրինակ, մի անգամ աղջիկը սերենադ էր պատվիրել Սեւան-Երեւան մայրուղու վրա, գիշերը ժամը 12.30-ին, խարույկ էր վառել ու շամպայնով սիրո խոստովանություն էր անում, սերենադն էլ այս ամենը ավելի յուրօրինակ դարձրեց»: Հետաքրքիր մի դեպք էլ մեր զրուցակիցը հիշեց ծննդատան բակում. «Երեխա էր ծնվել, ամուսինը կնոջ համար սերենադ էր պատվիրել, շենքում ներկա գտնվողները պատուհաններից դուրս էին նայում, այնպիսի տպավորություն էր, որ երաժիշտները բոլորի համար են նվագում»: Սերենադ պատվիրում են նաեւ մեծահասակները՝ «արծաթե», «ոսկե հարսանիքներին», ծննդյան տոներին, պատահում է, որ թոռներն իրենց տատիկ-պապիկների համար են պատվիրում: Տարոնը մի դեպք էլ հիշեց. «Ամուսինները վիճել էին, իսկ սերենադից հետո զանգեցին եւ շնորհակալություն հայտնեցին հաշտվելու համար»: Սերենադը յուրահատուկ նվեր է ծննդյան տոներին, երբ երաժիշտները «Ծնունդդ շնորհավոր» երգելով՝ ներս են մտնում: Պատահել է, որ երաժիշտները «դեպքի վայր» այցելել են անվճար. «Մի տղա պատմեց սիրո իր պատմությունը, հասկանալով, թե ինչքան է սիրում ընկերուհուն, ուղարկեցի երաժիշտներին»,- հիշեց մեր զրուցակիցը:
Իսկ հարցին՝ ի՞նչ ոճի երգեր են ավելի շատ նախընտրում, տնօրենն ասաց. «Բացառվում է միայն ռաբիս երաժշտությունը՝ անկախ գումարից: Ունենք սկզբունքներ, որոնց դեմ չենք գնում: Կա երգացանկ, պատվիրատուներն իրենք ընտրում են երգը, հիմնականում` քաղաքային ֆոլկլոր»:
Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես է սերենադը հասանելի լինում, ասենք՝ 15-րդ հարկի բնակչին: Զրուցակիցս ասաց. «Քանի որ կատարողները մասնագետ երաժիշտներ են, օրինակ՝ օպերային երգիչներ, իրենց ձայնը մինչեւ 20-րդ հարկ էլ հասնում է, խնդիր չի լինում: Եթե շատ բարձր է, անհրաժեշտության դեպքում միկրոֆոն ենք օգտագործում»: Սերենադի համար կոնկրետ ժամ չկա: Տարոնի կարծիքով՝ սերենադ պատվիրողները համարձակներն են. «Պարտադիր պայման է, որ տղան երաժիշտների կողքին կանգնած լինի, որպեսզի աղջիկն իմանա, թե ով է սերենադ պատվիրել»: Տարոնի կարծիքով՝ այս առումով ոչ բոլորը համարձակություն կգտնեն կանգնել կատարողների կողքին ու իրենց սերը բացահայտ ցույց տալ ամբողջ շենքի առջեւ»:
Տ. Գասպարյանը համոզվել է՝ տղաները սերենադ պատվիրում են այն աղջկա համար, ում ընտրյալ են համարում: «Կան երիտասարդներ, որ ասում են՝ լավ ընկերուհի ունենամ, նոր կպատվիրեմ»: Պատվիրատուի նախասիրությունից է կախված, թե ինչ փոխադրամիջոցով կլինեն երաժիշտները՝ կազմակերպության ավտոմեքենայո՞վ, կառքո՞վ, թե՞ «Պոբեդա» մակնիշի խորհրդային մեքենայով: «Բացասական որեւէ արձագանք չի եղել, որտեղ էլ նվագում ենք, ամբողջ շենքի բնակիչները դուրս են գալիս, ծափահարում, նկարահանում»,- ասաց է Տարոնը՝ հավելելով. «Եթե մարդ կյանքում գոնե մեկ անգամ սիրահարված լինի, չեմ կարծում, որ երբեւիցե դեմ լինի սերենադ երեւույթին»: