Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 01,2009 00:00

«Ժառանգությանը» մեղադրելով օտարների պատվերները կատարելու մեջ՝ ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, ինքն արտահայտել է ՀՀԿ խմբակցության կարծիքը:

\"\"\"\"

«Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերն անընդմեջ ինչ-որ սադրիչ հայտարարություններով են հանդես գալիս, որոնք, չէի ուզենա կոշտ բնութագիր տալ, բայց ինչպես գովազդներից մեկում է ասված՝ ամեն անգամ պարզվում է, որ հարվածը շե՜ղ է, դարպասը նե՜ղ է: Ու այդպես էլ չես հասկանում՝ արդյոք մտածվա՞ծ է եղել, արդյոք ուղղությունը ճի՞շտ է վերցված եղել, արդյոք սեփական դարպասներին չէ՞, որ խփում են, եւ արդյոք ուսանողների պե՞ս չեն, որ նախ պիտի սովորեն երգել՝ հետո երգեն, արդյոք ֆալշը հստակ չի՞ երեւում,- երեկ «Դե Ֆակտո» ակումբում հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:- Արդյոք Հանրապետականի այս ներվային շարժումները խոսո՞ւմ են նրա մասին, որ ինքը հասկանում է, թե չի կարողանում եւ քայլեր չի ձեռնարկում արդարացնելու հասարակության այն մասի հույսերը, որն ընտրել էր ՀՀԿ-ին՝ նախագահական կամ Երեւանի քաղաքապետի ընտրություններում: Չպետք է մտածենք, թե այդպիսի ընտրազանգված ընդհանրապես գոյություն չունի: Եվ ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն հիմա կորցնում է իր ահա այդ ընտրազանգվածի վստահությունը»:

«Առավոտն» ավելի ուշ հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀԿ-ականների հայտարարությունների վերաբերյալ իր այս ակնարկը պատասխան էր էլի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՞ն՝ «Ժառանգության» հետ նրա անվերջ բանավեճի համատեքստում, թե՞ այս անգամ նկատի ուներ ավելի թարմ պնդումները, որոնք արել էր Ռաֆիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ի ասուլիսում ՀՀԿ խմբակցության այս պատգամավորը, որը նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է՝ հայտարարել էր, թե «Ժառանգությունը» ոչ թե միայն ընդդիմություն է, այլ «օտարերկրյա պետությունների պատվերները կատարող մի կազմակերպություն»: Լարիսա Ալավերդյանն ի պատասխան նշեց, թե նկատի ուներ երկուսին էլ. «Բայց Ռաֆիկ Պետրոսյանի ասածի կապակցությամբ, կարծում եմ՝ կարծես թե պահը հասել է, որ տեսնենք` Հայաստանում սուտ մատնության համար բոլորի՞ն են դատում այդպես, ինչպես Հացպանյանին, այդքան կոշտ: Վերջապես նա ուսանող չէ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր է, եւ եթե ինքն անում է այդ հայտարարությունը՝ ըստ էության, նախ եւ առաջ՝ ինքը պետք է բերի այն ապացուցողական բազան, որով կարդարանա իր՝ թե՛ դոկտոր, թե՛ քաղաքական ուժի փորձառու քաղաքական գործիչ լինելը»: Լարիսա Ալավերդյանը հավելեց, թե ճիշտ կլիներ, որ Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացներ իրավապահներին իր հայտարարությունը հիմնավորող ապացույցներ:

Մեր մյուս հարցին, թե արդյոք եթե չներկայացվեն նման ապացույցներ՝ «Ժառանգությունը» մտադի՞ր է պատասխանատվության կանչել ՀՀԿ խմբակցության պատգամավորին սուտ մատնության համար՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Այդպիսի բան քննարկվում է: Պարզապես մենք պետք է նկատի ունենանք՝ իսկ դատավորնե՞րն ովքեր են, արդյոք այդ ճանապարհը միա՞կն է, եւ հենց առաջին քայլը դա՞ պետք է լինի»: Եվ առաջարկեց սպասել, թե Ռաֆիկ Պետրոսյանը կներկայացնի՞ ապացույցներ:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահը մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ հեռանկարին, որ ապացույցներ չներկայացնելու դեպքում «Ժառանգությունը» կարող է դիմել իրավապահներին՝ իրեն սուտ մատնության համար պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, պատասխանեց. «Դա իմ կարծիքը չէ, ամբողջ հասարակության կարծիքն է՝ մեկ: Ու նաեւ այսօր մեր խմբակցությունում էլ խոսակցություն եղավ այդ մասին՝ ամբողջ խմբակցության կարծիքն է: Եվ եթե «Ժառանգությունն» ուզում է իրավական ճանապարհով գնա՝ խնդրեմ, ինչ ուզում է, թող անի»: Մեր հարցին, թե որպես իրավաբան չի՞ կարծում, որ իր հայտարարության մեջ կան սուտ մատնության կամ վիրավորանքի ու զրպարտության հիմքեր՝ Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ մի վիրավորանք, ոչ մի բան չկա: Մենք ասում ենք, որ նրանք արտասահմանյան պետությունների քաղաքականությունն են մեզ մոտ իրականացնում: Եվ իսկապես այդպես է, որովհետեւ մեր նիստերին նրանց լիդերն ընդհանրապես գրեթե չի մասնակցում եւ ամբողջ օրն Ամերիկայում կամ այլ բաներում է։ Եվ երկրորդ՝ սեւին էլ է սեւ ասում, սպիտակին էլ է սեւ ասում: Մեր հանրապետությանն ամեն ձեւով խայտառակելու գիծ են բռնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել