Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 29,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ քսաներկուերորդ

ՉԱՐԸ ԽԱՓԱՆՎԵՑ

Եվ Գագոն ժպտալով ասաց՝ «ամենից շատ հենց Արմենն ա փոխվել. էն վախտերն ո՞ւմ մտքով կանցներ, որ օրերից մի օր կարող ա գիրք գրի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղս էլ փոխվել ենք», եւ ես կրկնեցի ու ասացի՝ «մարդ կա՝ հեչ չի փոխվել», եւ Գեւորն ինձ հարցրեց՝ «ո՞վ չի փոխվել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Դերոն», եւ Գեւորը ծիծաղելով ինձ ասաց՝ «տնաշեն, մինչեւ անգամ Դերոն ա սոտըվի պահում», եւ ես ասացի՝ «մեկ ա՝ չի փոխվել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «նույն Դերոն ա», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «բայց մաբիլնի ա պահում», եւ ես ասացի՝ «էդ ոչ մի կապ չունի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չի կարա կապ չունենա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն ինչն էլ մարդու հոգեբանության վրա ազդում ա», եւ ես ասացի՝ «Դերոյի վրա չի ազդել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «էդ լա՞վ ա, թե՝ վատ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Աստված գիտի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես է՛լ գիտեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն գիտեմ, որ եթե կյանքն առաջ ա շարժվում, դու իրավունք չունես նույն տեղում մնաս», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «հաստատ չես կարա ասես», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչը հաստատ չեմ կարա ասեմ», եւ Գեւորն ասաց՝ «հաստատ չես կարա ասես՝ կյանքն առա՞ջ ա շարժվում, թե՝ հետ», եւ ես Գեւորին ասացի՝ «շատ ուժեղ ասեցիր» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «դո՛ւ պիտի գրող ըլնեիր», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «որ Գեւորը գրող ըլներ, Շիլաչու հին գողերի մասին ընենց բաներ կգրեր, որ իրա գրքերը ձեռից ձեռ կխլխլեին», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «դու էլ պակաս գրքեր չէիր գրի», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «ինչքան ուզում ես կպի, մեկ ա՝ ծպտուն չեմ հանելու», եւ Գագոն ժպտալով Սաքոյին հարցրեց՝ «կարող ա՞ վատ բան եմ ասում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «վատ բան էլ ասես՝ ծպտուն չեմ հանելու», եւ Գեւորը ժպտալով Սաքոյին ասաց՝ «ճիշտ ես ասում, Սաքո ջան. էսօր իրա օրն ա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «չգիտեմ ում օրն ա, բայց գիտեմ, որ Գագոն մեր մեծ ախպերն ա», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ ձեր մեծ ախպերը», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ուրիշների մասին բան չեմ կարա ասեմ, բայց ինձնից էրկու օրով մեծ ես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դու էիր գլուխ գովում, որ ինձնից էրկու օրով մեծ ես», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ գլուխ գովացել», եւ Սաքոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «փոքր վախտ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու մարտի չորսի ծնունդ ես, ես՝ վեցի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «դու էիր մի գլուխ ասում, որ ինձնից էրկու օրով մեծ ես», եւ Գագոն շփոթված ասաց՝ «ես ըտենց բան չեմ հիշում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ես շատ լավ եմ հիշում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դե որ հիշում ես՝ սրանից հետո քեզ փոքրի պես կպահես», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ շատ ենք ձգձգում, տղերք», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ենք ձգձգում», եւ Գեւորն ասաց՝ «մեր ընկերության կենացը» եւ ժպտալով ավելացրեց՝ «էդ կենացը շատ ա հասունացել», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «էնքան ա հասունացել, որ հես ա-հես ա՝ ցած կընկնի», եւ Գեւորն ինձ ասաց՝ «մի բան ասա, Արմեն ջան», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեմ», եւ Գեւորն ասաց՝ «գրող մարդ ես. մեր ընկերության կենացի վրա մի էրկու խոսք ասա՝ խմենք», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ խոսք չի հասնում, Գեւոր ջան», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «խի՞ չի հասնում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ մեջներիցդ փոքրն եմ» եւ ժպտալով ավելացրի՝ «մարտի քսանութի ծնունդ եմ», եւ Սաքոն բաժակիս մեջ ջերմուկ լցրեց ու ասաց՝ «որ ըտենց ա՝ ջուր խմի», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ասում են, չէ՞. ջուրը փոքրին, խոսքը՝ մեծին», եւ Գեւորն ասաց՝ «որ ըտենց ա՝ ես եմ որոշում. մոռանում եք, որ ես հունվարի ծնունդ եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «որոշի, Գեւոր ջան», եւ Գեւորն ասաց՝ «արդեն որոշել եմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես որոշել», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «որոշել եմ, որ մեր ընկերության կենացի վրա խոսք պիտի ասես», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց խոսքը մեծինն ա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծը ես եմ ու իմ խոսքը քեզ եմ զիջում», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «կարա՞մ ուրիշ կենաց ասեմ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ընենց կենաց պիտի ասես, որ գոնե որոշ չափով մեր ընկերության հետ կապ ունենա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ունի», եւ Գեւորն ասաց՝ «ասա տենանք՝ գրողների կենացները մեր կենացներից շատ ե՞ն տարբերվում», եւ ես բաժակս բարձրացնելով ու Գագոյին նայելով ասացի՝ «ուզում եմ Դերոյի կենացը խմենք», եւ խոսքիս վրա անակնկալի եկած Սաքոն ու Գեւորն էլ Գագոյին նայեցին, եւ Գագոն շփոթված ասաց՝ «ի՞նձ խի եք նայում. ես կարող ա՞ դեմ եմ, որ իրա կենացը խմենք», եւ Սաքոն ասաց՝ «ես դեմ եմ», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն ես դեմ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «դեմ եմ, որ իրա կենացն իրա բացակայությամբ խմենք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Սաքոյին հարցրեց՝ «ի՞նչ ես առաջարկում», եւ Սաքոն ասաց՝ «առաջարկում եմ՝ իրան կանչենք ու իրա ներկայությամբ իրա կենացը խմենք», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց կանչենք», եւ Սաքոն ժպտալով ինձ ասաց՝ «Արմո ջան, մոռանում ես, որ, ի տարբերություն քեզ, Դերոն սոտըվի ունի. կարանք զանգենք՝ գա», եւ Գեւորը ոգեւորված ասաց՝ «զանգենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար թե գա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «հաստատ կգա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին հարցրեց՝ «խի՞ ես էդքան վստահ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ ես իրան ավելի լավ եմ ճանաչում, քան՝ դու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ասում եմ՝ չի գա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու Գագոյին հարցրեց՝ «գրազ գա՞նք», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ գրազ», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «գրազ գանք, որ կգա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինչի՞ վրա ենք գրազ գալի», եւ Սաքոն առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «մի հատ ըսենց սեղան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «դու կարա՞ս ըսենց սեղան քցես», եւ Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ արդեն իմ պրոբլեմն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի ինքը երեւի Շիլաչի կըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ո՞նց ա գալու», եւ Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ էլ իրա՛ պրոբլեմն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դժվար բան չի. տաքսի կնստի՝ կգա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «տաքսու փող կունենա՞», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի կունենա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հասկացա», եւ Սաքոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ հասկացար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կզանգես իրան, կասես, որ սեղանի վրա ենք գրազ էկել, ինքն էլ վազելով կգա, որ քեզ վիռուչատ անի», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ըտենց ա՝ թող Գեւորը զանգի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գեւորն էլ էդ նույն բանը կարա հեռախոսով իրան բացատրի», եւ Գեւորը նեղացած ասաց՝ «էդքան էլ դավերիա չունե՞մ, այ Գագո», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դավերիա ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց խիղճ էլ ունես», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «խի՞ղճն ինչ կապ ունի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չես թողի, որ Սաքոն ըսենց մեծ ծախսի տակ մտնի», եւ Գեւորն ասաց՝ «իմ ի՞նչ գործն ա. ոնց որ վիզ ա վեկալել, ըտենց էլ թող տակից դուս գա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ընենց եք խոսում՝ ոնց որ գրազն արդեն կրվել եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս գրազն էն գլխից կրված գրազ ա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «հիմի գրազ գալի՞ս ես», եւ Գագոն օդի մեջ Սաքոյի մեկնած ձեռքը բռնելով՝ Գեւորին ասաց՝ «կտրի», եւ Գեւորը գրազը կտրելով հարցրեց՝ «հիմի ո՞նց ենք անում», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «ես ասե՞մ», եւ Գեւորն ասաց՝ «ասա, Արմեն ջան», եւ ես Գեւորին ասացի՝ «հիմի մեր ներկայությամբ զանգում ես Դերոյին ու առանց ավելորդ բացատրությունների կանչում ես» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «թե էկավ՝ Գագոն ա կրված, թե չեկավ՝ Սաքուլն ա կրվում», եւ Գեւորն ասածիս վրա մի քիչ մտածեց ու հիացմունքով բացականչեց՝ «գրողի խելքը սավսեմ ուրիշ ա», եւ մինչ Գագոն ու Սաքոն էլ խելքիս վերաբերյալ իրենց հիացմունքը կհայտնեին, Գեւորն իր բջջայինով Դերոյի համարը հավաքեց ու որոշ լռությունից հետո բջջայինի մեջ գոռաց՝ «էդ ո՞ւր ես, այ Դերո», եւ ընդամենը վայրկյան անց Գեւորի դեմքին զարմանքի էնպիսի արտահայտություն հայտնվեց, որ ներկաներս լարվեցինք, եւ Գեւորը բջջայինով Դերոյին ասաց՝ «արի» եւ որոշ դադարից հետո ավելացրեց՝ «արի. գործ կա» ու էդ ասելով՝ բջջայինն անջատեց ու սկսեց քրքրջալ, եւ մինչ ապշահար իրեն կնայեինք, իր քրքիջի վրա նախ մատուցողը հայտնվեց, այնուհետեւ՝ ժպտադեմ Դերոն, եւ, բնականաբար, Դերոյի անակնկալ հայտնությունն ամենից շատ երեքիս՝ ինձ, Գագոյին ու Սաքոյին էր ապշեցրել, եւ ապշահար Սաքոն Դերոյին հարցրեց՝ «էս ե՞րբ էկար», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց երբ էկա», եւ Սաքոն հարցրեց՝ «բա չէիր գնացե՞լ», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «ո՞ւր պիտի գնայի», եւ Սաքոն ուսերը թոթվելով ասաց՝ «եսիմ», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «էս ռեստորանի դռանը կայնած էի», եւ Գեւորը քրքջալով հարցրեց՝ «ռեստորանի դռանը կայնած՝ ի՞նչ էիր անում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ի՞նչ պիտի անեի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ծխում էի», եւ Գեւորը հռհռալով հարցրեց՝ «խի՞ էիր ծխում», եւ Դերոն զարմացած ասաց՝ «չհասկացա» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ ծխելն էլ ա արգելված», եւ Գագոն Դերոյին ասաց՝ «մտածում էինք՝ գնացել ես», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդքան էլ անշնորհք չեմ, որ առանց նախազգուշացնելու էթայի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ էթալու ըլնեի, գոնե հաջողություն կասեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով կրկնեց՝ «էդքան էլ անշնորհք չեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «մտածեցինք՝ նեղացել ես», եւ Դերոն ժպտալով Գագոյին հարցրեց՝ «ումի՞ց», եւ Գագոն ուսերը թոթվելով ասաց՝ «եսիմ», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մտածել եք՝ նեղացել եմ, ուրեմն հասկացել եք, որ նեղացրել եք», եւ Գեւորը փռթկացնելով Դերոյին ասաց՝ «քո պատճառով Գագոն թավանի տակ ա մնացել», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ թավան», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «քո հաշվով ինքն ու Սաքոն գրազ էկան», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գրազ», եւ Գեւորը Դերոյին բացատրեց ու ասաց՝ «որ մտածում էինք՝ քեզ զանգենք կանչենք, Գագոն ասեց՝ չես գա», եւ Սաքոն Դերոյին ասաց՝ «ես էլ ասեցի՝ կգաս, ու գրազ էկանք», եւ Դերոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բայց խի՞ չպիտի գայի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտածում էի՝ արդեն քաղաք ես իջել», եւ Սաքոն Դերոյին ասաց՝ «ես էլ էի մտածում քաղաք ես իջել, բայց հավատում էի», եւ Դերոն հարցրեց՝ «ինչի՞ն էիր հավատում», եւ Սաքոն ասաց՝ «հավատում էի, որ եթե նույնիսկ քաղաք էլ իջած ըլնես, որ զանգենք՝ կգաս», եւ Դերոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց խի՞ պիտի քաղաք իջած ըլնեի», եւ Գագոն ասաց՝ «մտածում էինք՝ նեղացել ես», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ումի՞ց պիտի նեղանայի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ասենք՝ ինձանից», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով Գագոյին հարցրեց՝ «բայց դու ինձ նեղացրե՞լ ես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ուսերը թոթվելով ասաց՝ «եսիմ», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «թե նեղացրել ես, ասա՝ իմանամ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին հարցրեց՝ «ճիշտն ասե՞մ», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ասա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սկզբում դու ինձի նեղացրիր, հետո նոր՝ ես քեզ», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ես քեզ ե՞րբ եմ նեղացրել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենի ծանոթին մի գլուխ ձեռ էիր առնում», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «Արմենի ծանոթն ո՞վ ա», եւ Գագոն ասաց՝ «էն՝ որ իրար հետ Մոսկվա սովորել են», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ են սովորել», եւ Սաքոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «գրել», եւ Դերոն ժպտալով Գագոյին հարցրեց՝ «Արմոյի ընկերուհուն ձեռ ենք առել՝ դու ե՞ս նեղացել», եւ Գեւորը Դերոյին բացատրեց ու ասաց՝ «Արմենի էդ բոյով ընկերուհին էսօրվա դրությամբ մեր Գագոյի ընկերոջ՝ Պավլիկի կնիկն ա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «բայց ե՞ս ինչ մեղք ունեմ», եւ Գեւորը Դերոյին բացատրեց ու ասաց՝ «էդ բոյովին ձեռ էիր առնում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու Գեւորին հարցրեց՝ «դու ձեռ չէիր առնո՞ւմ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամեն մեկս մեր արածի չափով ա պատասխանատու», եւ Դերոն մի քիչ մտածեց ու անսպասելի հարցրեց՝ «ուզո՞ւմ ես՝ ներողություն խնդրեմ, Գագ ջան», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Դերոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քեզ նեղացնելու համար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պետք չի», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «ուզում ես ասես՝ չես նեղացե՞լ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քիչ նեղացել եմ», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «որ նեղացել ես՝ բա խի՞ չես իջել քաղաք», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի քաղաք իջնեի», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «բա ե՞ս խի պիտի քաղաք իջնեի», եւ Գեւորը ծիծաղելով Դերոյին հարցրեց՝ «որ Գագոն քաղաք իջներ, էս սեղանի հաշիվն ո՞վ պիտի փակեր», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թող հաշիվը փակեր ու նոր իջներ քաղաք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարող ա՞ առանց իրա չկարենայինք քեֆ անենք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար թե կարենայինք», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ հայ ենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հայերը մարդավարի ուրախանալ ու քեֆ անել չգիտեն», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «կամաց-կամաց կսովորենք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս անգամ որ չստացվի՝ մյուս անգամ հաստատ կստացվի», եւ Դերոն հարցրեց՝ «ի՞նչ մյուս անգամ», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «փաստորեն, Գագոն մի հատ սեղան պարտք ա», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ սեղան», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մի հատ ըսենց սեղանի վրա ենք գրազ էկել», եւ Դերոն մեղավոր ժպտալով Գագոյին ասաց՝ «կներես, Գագ ջան», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «որ իմանայի գրազ եք էկել՝ չէի գա», եւ Սաքոն ժպտալով Դերոյին ասաց՝ «որ չգայիր՝ էդ գրազը ես էի կրվելու», եւ Դերոն մի քիչ մտածեց ու Սաքոյին ասաց՝ «ավելի լավ կըլներ դու կրվեիր, քան՝ Գագոն», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ Դերոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Գագոն արդեն մի հատ սեղան քցել ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ պետք ըլնի՝ ես տասը հատ սեղան էլ կքցեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ծախսից վախեցող չեմ», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «գիտեմ, Գագ ջան», եւ Գագոն շարունակեց ու ասաց՝ «ես տասը հատ սեղան էլ կքցեմ, մենակ թե՝ դու ինձնից նեղացած չմնաս», եւ Դերոն ասաց՝ «որ իրարից նեղացած մնայինք, իմ սիրտն ավելի էր նեղվելու, քան՝ քոնը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ չգնացի. մնացի», եւ Գեւորն ասաց՝ «հազար տարվա ընկեր ենք. որ չենք բաշարում իրար լավություն անենք, գոնե վատություն չպիտի անենք», եւ Դերոն ասաց՝ «մենք վատություն անող տղերք չենք», եւ Գեւորն ասաց՝ «վատությունը պոզովպոչով ա՞ ըլնում», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վատություն», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ մեկդ մեկիդ տրամադրությունը փչացնում ա, էդ վատություն չի՞», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անցած ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես Գագոյի տրամադրությունը փչացնելու համար կարամ ներողություն խնդրեմ» ու էդ ասելով՝ Դերոն բաժակը բարձրացրեց, որ խփի Գագոյի բաժակին, բայց թեւով կպավ իր ափսեին, եւ երբ ափսեն ընկավ գետնին ու փշրվեց, Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մենք ենք խմել՝ Դերոն ա հարբել», եւ Դերոն շփոթված ասաց՝ «միամիտ ստացվեց», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «չարը խափանվեց», եւ երբ մատուցողը հայտնվեց, Գագոն մատուցողին ասաց՝ «մի հատ ըստեղ մաքրի, տղա ջան», եւ երբ մատուցողը գնաց, Գագոն Դերոյին ասաց՝ «արդեն իսկականից նեղացնում ես, Դերո ջան», եւ Դերոն շփոթված նայեց հատակին թափթփված ափսեի փշուրներին ու կմկմալով ասաց՝ «պատահական ստացվեց, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի ավելի ես նեղացնում», եւ Դերոն շիվարած հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Գագոն ասաց՝ «որ մտածում ես՝ էս տարելկի հաշվով եմ ասում», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ հաշվով ես ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ասում ես՝ կարամ Գագոյից ներողություն խնդրեմ», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «այսինքն, չես հավատո՞ւմ, որ կարամ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, ուզում ես, որ ես էլ քեզնի՞ց ներողություն խնդրեմ», եւ էդ պահին մատուցողն արդեն հայտնվել ու ավլում էր ափսեի փշուրները, եւ Գեւորը Գագոյին ու Դերոյին ասաց՝ «հերիք ա էս էրեխի մոտ իրարից ներողություն խնդրեք», եւ երբ մատուցողը գնաց, Գագոն ասաց՝ «ներողության հարց չկա, Դերո ջան. դու մեր ախպերն ես», եւ Գեւորը ժպտալով Դերոյին ասաց՝ «դու մեր փոքր ախպերն ես» եւ ժպտալով Գագոյին ասաց՝ «մեր Դերոն մայիսի ծնունդ ա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով Դերոյին ասաց՝ «ընենց որ՝ արխային կարաս էս ռեստորանի սաղ ամանչամանը ջարդես», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «ես ատվիչա եմ, Դերո ջան», եւ Դերոն ժպտալով Գագոյին ասաց՝ «ներողության հաշվով լրիվ լուրջ եմ ասում», եւ Գագոն նեղսրտելով ասաց՝ «էս մարդը լրիվ ա գժվել», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մի շիշ պիվից լավ էլ հարբել ա», եւ Դերոն ասաց՝ «ես լրիվ լուրջ եմ ասում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ես լուրջ ասում», եւ Դերոն ասաց՝ «ես որ սխալ բան եմ անում, ներողություն խնդրելուց չեմ ամաչում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «էս մարդը թազա կռիվ ա ման գալի», եւ Գեւորը փռթկացնելով Գագոյին ասաց՝ «ասում եմ, չէ՞», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ ես ասում», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մենք խմել ենք՝ ինքն ա հարբել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն էլ ա մի բաժակ խմել», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «ինքը որ մի բաժակ խմում ա՝ ներողություն խնդրելը բռնում ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ումից ուզում ա թող ներողություն խնդրի՝ բացի ինձանից», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «պրինցիպի հարց ա, Գագ ջան», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պրինցիպի հարց», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սխալիդ համար որ ներողություն ես խնդրում, դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա», եւ Գագոն նեղսրտած ասաց՝ «բայց ես չեմ պահանջում, որ ինձնից ներողություն խնդրես», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իսկական տղամարդն առանց պահանջելու պիտի իրա սխալի համար ներողություն խնդրի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու շփոթված հարցրեց՝ «բայց ինչի՞ համար ես ուզում ներողություն խնդրես, այ Դերո», եւ Դերոն ասաց՝ «քեզ նեղացնելու համար», եւ Գագոն հարցրեց՝ «ինձ ե՞րբ ես նեղացրել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «էն բոյովի հաշվով՝ որ հանաք արինք», եւ Սաքոն ասաց՝ «հանաք արինք՝ անցավ», եւ Դերոն ասաց՝ «հեչ էլ չի անցել. մեր Գագո ախպերը նեղացած ա մնացել», եւ Գագոն նեղսրտելով ասաց՝ «ես էլ քեզ եմ նեղացրել» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «այսինքն, ես էլ քեզնի՞ց պիտի ներողություն խնդրեմ», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն քու իրավունքն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «դո՞ւ ինձ երբ ես նեղացրել», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «չէիր նեղացե՞լ», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ», եւ Գագոն հարցրեց՝ «բա խի՞ էիր դուս գնացել», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուս էկա ծխելու», եւ Սաքոն ծիծաղելով Դերոյին հարցրեց՝ «ըստեղ չէիր կարա՞ ծխես», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մաքուր օդին լավ ա», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մաքուր օդին ծխելը սավսեմ ուրիշ հաճույք ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես որ ծխող չեմ՝ էդ բարդ բաները չեմ հասկանում», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «էս ամեն ինչի մեղավորն Արմենն ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞ս խի եմ մեղավոր», եւ Գեւորն ասաց՝ «մեր Դերոյի կենացը շատ ջանջալացրիր», եւ ես ասացի՝ «Դերոյի կենացը չի. մեր ընկերության կենացն ա», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «դու չէիր ասո՞ւմ՝ Դերոյի կենացը խմենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ինքը չկար, դրա համար էի ասում՝ իրա կենացը խմենք» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «հիմի որ ինքը էկել ա, արդեն կարանք մեր ընկերության կենացն ընդհանուր խմենք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «համաձայն եմ. ընդհանուր խմենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեր ընկերության կենացի վրա մի էրկու գրողական խոսք պիտի ասես», եւ ես համաձայնվելով ասացի՝ «աչքիս վրա», եւ խոսքիս վրա Դերոն ասաց՝ «ես մի րոպեով դուս գամ ու գամ», եւ Գեւորը ծիծաղելով Դերոյին հարցրեց՝ «գնում ես՝ մաքուր օդին ծխե՞ս», եւ Գագոն ժպտալով Դերոյին ասաց՝ «կարաս ըստեղ արխային ծխես» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էս ամաններն էլ ինչքան ջարդես՝ ատվիչա եմ», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «գնամ գամ՝ էս սաղ կջարդեմ», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «որ մին զարկի՝ ջարդի հազար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել