Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՎԻՐԻ ՋՈՒՐԸ ՋՈՒՐ ՉԷ

Օգոստոս 29,2009 00:00

Ըստ Արմավիրի մարզպետարանից ստացված տեղեկության, մարզի եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են մարզում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրները եւ պարզվել է, որ պրոբլեմները քիչ չեն:

Առատաշենի գյուղի խմելու ջրի ներքին ցանցը «Հայջրմուղկոյուղուն» հանձնելու հարցը մինչեւ այժմ կարգավորված չէ, «Նոր ակունք» ՓԲԸ-ն մինչեւ օրս չի լուծել Տարոնիկի գյուղական համայնքի խմելաջրի ներքին ցանցի շահագործման հարցը, նույն ընկերությունը Բաղրամյանի տարածաշրջանի մի շարք համայնքների խմելաջրի խնդիրներն էլ չի լուծել, նույն ընկերությունը պետք է ջուր մատակարարի Նորապատ գյուղի հինգ բազմաբնակարան շենքերին, բայց չի անում: Իսկ մարզկենտրոն Արմավիրում խմելու ջրի որակը այնքան վատն է, որ բնակչության մեծամասնությունը այն չի օգտագործում, եւ ջրավաճառ շրջիկ մեքենաներից խմելու ջուր է գնում: Տեղ-տեղ էլ «Նոր ակունքը» փոսալցում չի արել: «Նոր ակունք» ընկերության ղեկավար Ա. Թորոսյանը, սակայն, նախատինքի խոսք չի լսել: Նրան ուղղակի ասել են, որ բացատրություն տա:

Ոռոգման ջրի հարցում էլ խնդիրները շատ են: Արտաշար գյուղով անցնող ջրատարը չի մաքրվում եւ ջրի արտահոսքից պարբերաբար ջրածածկ են լինում ջրատարի մատույցների մշակվող հողերը: Այս առթիվ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ա. Այվազյանը պարզաբանել է, որ մարզում կան որոշ ջրատարներ, որոնք ոչ ջրային տնտեսությունների եւ ոչ էլ գյուղապետարանների հաշվեկշռում չեն գտնվում, դրանցից մեկ էլ Արտաշարի ջրատարն է:

«Տերով» եւ «անտեր» ջրատարների վիճակի համար մեղավոր են հենց մարզի բնակիչները, քանի որ ջրատարներում աղբ են լցնում եւ զավթում դրանց հարակից գոտիները:

Պարզ է նաեւ, թե ինչու են Արմավիրի մարզպետարանում ջրի խնդիրը քննարկել: Եկող ամիս Արմավիր է այցելելու ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Սակայն եթե վարչապետը պետք է զբաղվի ճանապարհային երթեւեկությամբ, իսկ փոխվարչապետը՝ խմելու եւ ոռոգման ջրի որակի բարելավմամբ, էլ ինչի համար են ավելի ցածր պաշտոնյաները, հատկապես՝ մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել