Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՇԽՈՒՄ Է ԿԵՂԾԻՔԸ

Օգոստոս 29,2009 00:00

\"\"Օգոստոսյան խորհրդակցություն՝ Սյունիքում

Օգոստոսի 28-ին Կապանում տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցություն, որին ներկա էին ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը, մարզի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, համայնքապետեր: Խորհրդակցության սկզբում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը ամփոփ ներկայացրեց 2008-2009 ուստարվա արդյունքներն ու խոսեց եկող ուսումնական տարվա հիմնախնդիրների մասին: Վարչության պետը հատկապես մտահոգիչ համարեց աշակերտների թվի նվազումը: Աշակերտների թիվը նվազել է 78-ով, իսկ դասարանների թիվը կկրճատվի 16-ով: Նախնական կոմպլեկտավորմամբ՝ մարզում կլինի 1133 դասարան՝ 1725 աշակերտով: Ուրախացնողն այն էր, որ ավելանում է առաջին դասարան հաճախողների թիվը:

Նոր ուստարում կավելանա նաեւ թերկոմպլեկտ դասարանների թիվը՝ ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային դպրոցներում: Անելանելի վիճակում են գտնվում հատկապես Ճակատենի, Շրվենանցի, Բագրուշատի, Դիցմայրիի, Աղվանիի եւ մի շարք այլ գյուղերի կրթօջախները: Կրթության վարչության պետը նկատեց նաեւ, որ ավագ դպրոցների ստեղծման հարցում դժվարություններ կան:

Իսկ ահա կրթօջախների տնօրեններն ու ուսուցիչները ներկայացրին առաջնահերթ լուծման կարիք ունեցող բազմաթիվ խնդիրներ: Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Առաքելյանը նշեց, որ իրենց դպրոցը նախատեսված է 500 աշակերտի համար, բայց այսօր այնտեղ սովորում է 700 աշակերտ, լրացուցիչ դասասենյակների խիստ կարիք կա: Վերիշեն գյուղի դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանին էլ դուր չի գալիս դպրոցական խորհուրդների եւ դրանց անդամների աշխատանքը ու առաջարկեց սահմանել 6-օրյա դասապրոցես, աշակերտների առողջությունն ու կրթությունն արդյունավետ կազմակերպելու համար: Մի շարք դպրոցներում էլ տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով խորացնելուն խոչընդոտում են լաբորատոր եւ այլ անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը, զգացվում է նաեւ աշակերտական սեղան-աթոռների խիստ անհրաժեշտություն: Կրթության ոլորտի մասնագետներից ոմանք էլ առաջարկում են կրթության որակի բարձրացման նպատակով վերականգնել խորհրդային տարիներին գործած տեսչությունները, որոնք պետք է հսկող գործառույթ ունենան: ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հավաքվածներին ասաց, որ ծնունդով սյունեցի է, յուրահատուկ մոտեցում կցուցաբերի մարզին, բայց մարզի կրթօջախների տնօրեններն իրենք պետք է ու կարող են շատ հարցեր լուծել հենց տեղում: Կրթության փոխնախարարը անկեղծորեն նշեց, որ իրեն չեն գոհացնում կրթության ոլորտում գրանցված ներկայիս առաջադիմությունը եւ չի հավատում այն բարձր գնահատականներին ու արձանագրված առաջադիմության ցուցանիշներին, քանի որ կրթության համակարգում դեռեւս կեղծիքը շարունակում է իշխել՝ սկսած աշակերտ-ուսուցիչ հարաբերություններից, մինչեւ համակարգի վերջին օղակը:

Հ. Գ. Արագածոտնի մարզում էլ են նախապատրաստվում նոր ուսումնական տարվան: Այս տարի Արագածոտնում 1,371 միլիարդ դրամի բարեկարգման եւ նորոգման աշխատանքներ են իրականացվել՝ 46 դպրոցում:

Իսկ տարբեր հիմնադրամների, բարերարների, համայնքների եւ ծնողների աջակցությամբ թարմացվել է կրթօջախների գույքը: 2005-ից այսկողմ մարզի դպրոցներին տրվել է ավելի քան 8000 սեղան-նստարան, 531 գրատախտակ, 435 պահարան, 608 համակարգիչ, ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության լաբորատոր սարքավորումներ, համակարգիչներ եւ այլն, կրթօջախները ապահովվել են ինտերնետ կապով:

Այս ամենով հանդերձ, կրթական հաստատություններում ներկայումս, այնուամենայնիվ, բացակայում են ժամանակակից լաբորատոր սարքավորումներն ու նյութերը, դպրոցների մեծ մասը դեռեւս աշակերտական, ուսուցողական սեղան-նստարանների, գրատախտակների, փափուկ գույքի խիստ կարիք ունի, հրատապ է նաեւ լոկալ ջեռուցման խնդիրը, դպրոցական գրադարանների գրքային ֆոնդում գույքագրված գեղարվեստական եւ մեթոդամանկավարժական գրականության գրեթե կեսը հնամաշ է, մի մասն էլ բարոյապես է մաշված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել