Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդեմ Լալվարի՞

Օգոստոս 29,2009 00:00

\"\"Վաստակավոր մետալուրգը վստահ է, որ պղնձաձուլական գործարանի ընդլայնումը կհանգեցնի բնապահպանական աղետի:

Վերջերս Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը՝ խոսելով քաղաքի էկոլոգիական առողջ միջավայրի ապահովման մասին, ասել էր. «Մենք Ալավերդու «ACP» ընկերության հետ բանակցություններ ենք վարում, արդեն մեկ միլիոն դոլարի ծախսումների նախահաշիվ է կազմվում: Մինչեւ 2010 թվականի վերջը Կոշաբերդ սարի գլխին՝ քաղաքից 400-500 մետր հեռու, կտեղադրվի խողովակ եւ արտանետումները, որոնք բարձրանում են մթնոլորտ 750 մետրից, կարտանետվեն 1100 մետր բարձրությունից: Սրանով 6 անգամ կնվազեցնենք արտանետումները»:

Նման ծախսերի համար Ալավերդու «ACP» ընկերությունն էլ պետք է իր շահագրգռությունն ունենա: Ըստ տարածված լուրերի, ընկերությունը խողովակի տեղափոխմամբ նախապատրաստվում է պղնձարտադրության մեծացման իր հեռահար ծրագրերի իրականացմանը: Խողովակի տեղափոխման հարցը հրապարակային չի քննարկվել, ուստի դժվար է ենթադրել, թե այն էկոլոգիական լուրջ վերլուծությունների է ենթարկվել: Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում 40 տարվա աշխատանքի փորձ ունեցող մետալուրգ Միշա Պարանյանը խորհրդային տարիներին կոմբինատի բոլոր վառարանների վրա աշխատել է, եղել է հումքի կիզման, նախապատրաստական, ոսկու եւ այլ արտադրամասերի վարիչ եւ խողովակի տեղադրումը Կոշաբերդ սարի գլխին՝ համարում է անթույլատրելի:

«Բնապահպանական խնդիրների լուծման հարցում ես մեծ հույսեր ունեի, բայց տեսնում եմ, որ քաղաքում ոչ մի բան չի կատարվում: Այդ խնդիրները մի մարդը չի կարող լուծել, եթե չկա պետության աջակցությունը»,- վստահ է Միշա Պարանյանը: Նրա կարծիքով, խորհրդային տարիներին էլ են էկոլոգիական լուրջ հիմնախնդիրներ եղել. «Աշխատում էի հումքի կիզման արտադրամասում, իմ աչքով եմ տեսել, թե ինչպես մի կին, որ գնում էր բանվորական համազգեստը հագնելու, դեռ բաղնիքին չհասած՝ քարի պես ընկավ: Ի՞նչն էր պատճառը՝ գազոտվածությունը բարձր էր, 36%-ով նորմայից բարձր, ու մարդը չէր կարողանում գնալ իր շորերը փոխելու: Բնապահպանական խնդիրները այն ժամանակ ավելի բարդ էին»: Դառնալով պղնձաձուլական գործարանի արտանետումների խողովակը Կոշաբերդ սարի գլխին տեղադրելու մտքին, Միշա Պարանյանը ասաց. «Նոր չէ այդ հարցը: Դեռ սովետական իշխանությունների ժամանակ քննարկվում էր: Ժողովուրդը քաղաքի գազոտվածությունից անվերջ բողոքում էր Մոսկվա եւ այլուր: Որոշեցին խողովակը բարձրացնել Կոշաբերդ: Բայց գիտաշխատողները, բնապահպանները, բնությունից հասկացող մարդիկ հիմնավորեցին, որ մեր Լալվար սարը ամբողջովին շարքից կհանենք: Ալավերդու ձորերում հսկայական քանակի վայրի կենդանիներ, այդ թվում՝ աղվես, նապաստակ, վերացան գործարանի արտանետումների հետեւանքով էրոզիայի ենթարկված հողերի պատճառով: Ամբողջ այդ տարածքներում մնացին ցցված քարափները, առանց բուսականության՝ կենդանիները չեն կարող ապրել, սովից սատկում էին»:

Մեր զրուցակիցը վստահ է, որ խողովակը Կոշաբերդ բարձրացնելու դեպքում Օձուն, Աքորի, Կաճաճկուտ, Սանահին, Ակներ գյուղերում անասնապահությունը մեծ վնասներ կկրի: «Չի կարելի խողովակը բարձրացնել Կոշաբերդ: Երբեք: Դա ազգին թշնամություն կլինի: Եթե դա հնարավոր լիներ, եթե գտնեին, որ դա ճիշտ է, Սովետական Միության եկամուտները գործարանից շատ մեծ էին, շատ արագ կբարձրացնեին: Հիմա «կակոյ նիբուտ» մի մարդ ուզում ա վերեւ բարձրացնի»,- նեղսրտած ասաց Միշա Պարանյանը:

Նա կարծում է նաեւ, որ էկոլոգիական խնդիրները մեր պետությունը մասնագիտորեն չի քննարկում: «Տեղից վերկենողը էկոլոգիական խնդիր է ուզում լուծել: Առանց այդ էլ, մենք քաղաքի լանջերի հողից զրկվել ենք: Ալավերդու ձորը անանցանելի անտառ է եղել, բայց հիմա մի քանի թփուտ է մնացել: Դեբեդի ողջ եզրերին մրգատու հարուստ անտառ էր փռված ժամանակին, զկեռ, ընկույզ եւ էլի շատ հատապտուղներով լիքն է եղել էդ անտառը: Հիմա էդ անտառների հետքն էլ չի երեւում: Խողովակը Կոշաբերդի գլխին բարձրացնելու դեպքում նույն վիճակում կհայտնվի Լալվարի լանջերի ու դրան հարակից բնակավայրերի բուսական ու կենդանական աշխարհը: Իսկ պղնձաձուլական գործարանի արտադրության ծավալների հետագա ավելացման դեպքում Լալվարին հասցված վնասները, հատկապես անտառներին՝ աղետաբեր կարող են լինել»,- համոզված է նա:

«Մի հաճարի ծառը 500 լիտր անձրեւ է պահում: Հաճարը մարիչ է: Երբ վերեւից անձրեւը ուժգին խփում է ծառի տերեւներին, ընթացքը կոտրում է եւ ծառից թափվելու ժամանակ հանգիստ նստում է հողին ու հանդարտության մեջ հողը հասցնում է անձրեւաջուրը իր մեջ ներծծել: Այսօր ծառ չունենք, անտառ չի մնացել: Ես իմ աչքով եմ տեսնում, թե մեր անտառներում ինչ է կատարվում, հատկապես Ծաղկաշատի, Հաղպատի, Ակների անտառներում: Հիմա էլ ուզում են Լալվարի հրաշագեղ անտառները վերացնել»,- ցավով արձանագրեց Միշա Պարանյանը եւ հավելեց, թե նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ պետք է զբաղվի երկրի էկոլոգիական հիմնախնդիրներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել