Սեպտեմբերի 8-20-ը Երեւանում կմեկնարկի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Երկու տարի է՝ այն ընդլայնել է իր շրջանակները: Այս տարի, բացի մոնոներկայացումներից, հանդիսատեսի դատին կներկայացվեն նաեւ ավելի մեծ կտավի գործեր: Ի դեպ, այս տարվանից փառատոնը կրելու է Վահրամ Փափազյանի անունը: Այս տարի փառատոնի շրջանակներում հանդես են գալու թատերախմբեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ Իրանից: Առանձին ծրագրով նախատեսված են նաեւ Ալեքսանդր Կալյագինի «Ուբյու թագավոր» եւ Իրինա Բրուկի «Դոն Կիխոտ» ներկայացումները: Իրինան ճանաչված ռեժիսոր Փիթեր Բրուկի եւ դերասանուհի Նատաշա Պարիի դուստրն է: Նրա ներկայացումները խաղացվել են տարբեր երկրներում՝ սկսած Մոսկվայից, վերջացրած Տոկիոյով: Ի. Բրուկը հայ հանդիսատեսին կհետաքրքրի նրանով, որ աշխարհում առաջիններից մեկն էր, ով բեմադրեց «Հրշեշը լուսնի վրա» ներկայացումը՝ ըստ Ռ. Կալինոսկու, շոշափելով հայոց ցեղասպանության թեման:
Փառատոնն իր ներկայությամբ կպատվի Լեհաստանի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անջեյ Ժուրովսկին, որը կներկայացնի շեքսպիրյան ներկայացումների տեսագրությունների ցուցադրություններ՝ իր մեկնաբանություններով:
Փառատոնի օրերին, ժամը 22-ից սկսած, «Bridge» ակումբում տեղի կունենան հանդիպումներ փառատոնի մասնակիցների եւ ճանաչված հյուրերի հետ: