Если в слове “ХЛЕБ” сделать четыре ошибки, получится “ПИВО”
Հիշում եմ, երբ փոքր էի ու նոր էի կարդալ սովորում, ինքս ինձ համար մի խաղ էի հորինել: Ամեն անգամ փողոցով քայլելիս ուշադրությամբ նայում էի գովազդային վահանակներին եւ փորձում դրանք արագ կարդալ: Այն ժամանակ վահանակները այսքան շատ չէին, լիներ-չլիներ կհանդիպեիր “Храните деньги в сберегательной кассе” (կարծես մարդիկ այլընտրանք ունեին) մակագրությունների կամ էլ անգլերեն հատուկենտ վահանակների: Ինչեւէ, այսպես ես որոշակիորեն խթանեցի իմ լեզուների իմացությունը, ու արդեն ինձ համար անգլերենի դասին խորթ չէին թվում «Food», «Shoes» եւ նմանատիպ այլ բառեր: Սակայն հիմա, նայելով գովազդային վահանակներին՝ ես ինքս ինձ հարց եմ տալիս, թե եթե ներկայիս միտումը շարունակվի, ապա ի՞նչ է սովորելու իմ ապագա երեխան, երբ, ըստ հայրական սովորության, իր կարդալու հմտությունները փորձի գովազդային վահանակների վրա: Մտածեցի եւ սարսափեցի…
Ես պրպտող բնավորություն ունեմ եւ ամեն ինչի նկատմամբ ուշադիր եմ: Գովազդային վահանակներն էլ բացառություն չեն եւ դրանցում առկա սխալները աչքիցս չեն վրիպում: Կար մի ժամանակ, երբ ես գտնում էի դրանք, ծիծաղում եւ անցնում էի առաջ: Սակայն հիմա, երբ ունեցա նոր բջջային հեռախոս, որը զինված է 3.2 մեգապիկսելանոց ֆոտոխցիկով (եւ, ի դեպ, հասկանում է հայերեն տառերը, այնպես որ, հեռախոսով ինտերնետ մտնելիս ես զրկված եմ հայերեն տառերի փոխարեն քառակուսիներ տեսնելու «հաճույքից»), որոշեցի տեսածս նաեւ նկարել, եւ ստացվեց մի փոքր հավաքածու, որի գոհարներն էլ պատրաստվում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը:
Շատ գործարարներ, հատկապես միջին բիզնեսի ներկայացուցիչները, փորձում են իրենց խանութները ավելի ներկայանալի դարձնել՝ օգտագործելով անգլերեն մոդայիկ բառեր, այդպիսով փորձելով ավելի բարձր վարկանիշ շահել տեղացիների աչքում եւ գրավել արտասահմանցիներին, որոնք տեսնելով, որ իրենց հարգել են ու անգլերեն ինչ-որ բան են գրել, շտապ կգրոհեն վաճառքի համեստ կետը: Երեւի այդպես է մտածել մեր առաջին հերոսը եւ իր հագուստի խանութի առջեւ փակցրել այսպիսի մի վահանակ:
Հնարավոր է, որ այս գովազդը պատրաստողները դպրոցում լավ են սերտել «Ոնց լսում ես, այնպես էլ գրում ես» կանոնը եւ փորձել այն տարածել նաեւ անգլերենի վրա, մոռանալով, սակայն, որ «Euro» բառը անգլերենում V տառով չի գրվում: Այս վահանակը լուսանկարելուց երեք շաբաթ անց, խանութի կողքով անցնելիս նկատեցի, որ գովազդը փոխել են: Այժմ այն ուներ ավելի թարմ տեսք եւ փակցված էր այլ կերպ: Թեթեւամտորեն կարծեցի, թե փոփոխությունը անդրադարձել է նաեւ իմաստի վրա: Ցավոք…
Ինձ հետաքրքիր է, թե ում է ուզում զարմացնել այս գովազդը: Եթե միայն անգլերեն գիտես, ապա բացի սխալ գրված բառից՝ ուրիշ բան չես հասկանա, իսկ «Evro» գրածը կարող է միայն տարադրամի փոխանակման կետ մատնանշել, այն էլ դատելով, թե ինչպես է գրված, պետք է ենթադրել, որ այդտեղից ավելի շուտ EVRO դրամներ ձեռք կբերես, քան իսկական EURO: Սակայն ավելի լավ է կեղծ EVRO ունենալ, քան գնալ Հաղթանակի զբոսայգի եւ զմայլվել հաջորդ գրվածքով՝
Դուք Breg Dans պարե՞լ եք: Անձամբ ես՝ ոչ: Ու անգամ չեմ էլ տեսել, թե ինչպես են դա պարում: Ես տեսել եմ Break Dance ու ինձ համար ընդհանրապես մութ կմնա, թե ինչ կապ ունի Break Dance-ը համեստ ու ստանդարտ մի երեխայական ատրակցիոնի հետ: Չնայած, հնարավոր է, որ Break Dance-ը կապ չունի, բայց Breg Dans-ը հաստատ մի կապ կունենա: Մարդիկ որ գրել են՝ մի բան գիտե՞ն, չէ… Կամ էլ այդ հանճարեղ գաղափարը մեկից գողացել են, այլ կերպ ասած, «քսերոքս են արել»: Ի դեպ, «քսերոքսի» մասին:
Անգլերեն սխալների շարքում այս մեկին ես առանձնակի ակնածանքով եմ վերաբերվում, քանի որ, ըստ իմ խորին համոզման, այսպիսի Սխալ (մեծատառով) հորինելու համար հարկ է լուրջ գիտական աշխատանք կատարել:
Նախ անհրաժեշտ է նշել, որ Xerox-ը դա ամերիկյան ընկերության անուն է: Պարզապես այս ընկերությունը առաջիններից մեկն է սկսել արտադրել պատճենահանման սարքերը, ինչի շնորհիվ էլ մենք դրա պատվին ամեն պատճենահանման գործողություն «քսեՌոքս անել» ենք անվանում: Պարզվում է, որ կան մարդիկ, որ «քսեՕռքս» էլ են անում»: Երբ կարողացա ի վերջո սանձել ծիծաղիս պոռթկումը այս գլուխգործոցը տեսնելուց հետո, որոշեցի օգտվել այս բացառիկ հնարավորությունից եւ մի բան «քսեՕռքս» անել: Մտա «քսեՕռքսնոց», որտեղ ինձ դիմավորեց մի հակասանիտարական արտաքինով օբյեկտ, որը, հարցական հայացք նետելով վրաս, իր տեղը զբաղեցրեց սարքի մոտ: Նա ուներ այնպիսի հզոր բեղեր, որ դրանցով կարելի էր ձմռանը փողոցների ձյունը մաքրել, իսկ գլխին կպած չսանրված մազերը ոտքերը սրբելու շոր էին հիշեցնում, բայց առանց «Welcome» գրառման: Հանկարծ ինձ պարզ դարձավ, թե այս հանճարեղ միտքը ՈՒՄ պայծառ գլխում է հղացել: Հազիվ զսպելով ծիծաղս՝ դուրս եկա «քսեՕռքսնոց»-ից: Վերջում հավելեմ, որ արվածը իրոք որ «xeOrx» էր հիշեցնում եւ ոչ նորմալ պատճենահանում: Չնայած այդ մարդուն էլ կարելի է հասկանալ: Չէ՞ որ «Պատճենահանում» բառը դժվար թե տեղավորվեր այս խեղճ ծառի վրա…
Շարունակելով պատճենահանման թեման՝ չի կարելի բաց թողնել այն, ինչ անմահացրել է իմ հեռախոսի ֆոտոխցիկը «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանում գործող պատճենահանման կետերից մեկի վրա:
MAUS!!!!!!!!! Ահա «ինչպես լսում ես, այնպես գրում ես» կանոնի օգտագործման եւս մի ցայտուն օրինակ: Իսկ «LSD»-ի մասին խոսելն իսկ ավելորդ է: Այստեղ անգամ վերը նշված կանոնը չի լինի կիրառել, քանի որ արտասանվում է «Էլ Սի Դի» (LCD – Liquid Crystal Display, հապավում): Այնուամենայնիվ, ուրախալի է նշել, որ գտնվել է ի վերջո այն ՄԵԿԸ, որը գրիչով համեստորեն ուղղումներ է կատարել այս խայտառակության վրա: Իրոք որ, դա լավ է: Ուրեմն դեռ հույս կա…
Սխալներ արվում են ոչ միայն անգլերենում, այլ նաեւ հայերիս համար այդքան հարազատ ռուսերենում: Դա է վկայում Չարբախի կենտրոնական հավաքակայանի մոտերքում մի քանի տեղ գրված գիրը: Սակայն սա դեռ ոչինչ է, եթե համեմատենք նրա հետ, թե ինչի եմ ես ականատես եղել քաղաքի պատերից մեկի վրա՝
Անգամ ավելացնելու բան չկա: Միանգամից երեւում է, որ մարդը բացակա է եղել, երբ ռուսաց լեզվից անցնելիս են եղել «A» տառը: Ահա եւ արդյունքը:
Օտար լեզուներից, մեր ազգի հանճարեղ գովազդները չեն վիրավորել նաեւ մաթեմատիկայի լեզուն՝ հակառակ գրելով տոկոսի նշանը՝
Ես կարծում եմ, որ այս քայլով խանութի տերերը ցանկացել են հաղորդել հաճախորդներին, որ 70 տոկոս ոչ թե պակասելու է ապրանքի գնից, այլ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ, ավելանալու է այդքան, այսինքն՝ 1000 դրամանոց ապրանքի պարագայում 700 դրամ ոչ թե պակասելու է, այլ ավելանալու, եւ 300 դրամ պատրաստած ուրախ հաճախորդը ստիպված է լինելու 1700 դրամ վճարել: Ինչպես երեւում է, նորամուծությունը հաճախորդների դուրը չի եկել, այդ պատճառով էլ տարածքը տրվում է վարձով:
Ինձ միշտ հետաքրքրել է, թե որն է Լեզվի պետական տեսչության դերը այս հարցում: Չէ՞ որ այն կոչված է պահպանելու մեր հարազատ հայոց լեզվի անաղարտությունը: Հետեւաբար եւ իրավունք չունի ինչ-որ գործարարի պարտադրել, որ անգլերեն կամ ռուսերեն գրված որեւէ գիր լինի անթերի եւ ճիշտ: Բայց եթե չկա վերահսկող մարմին, ապա մի՞թե ընդհանրապես որեւէ մեխանիզմ գոյություն չունի, որը թույլ կտար ինչ-որ կերպ ազդել գործարարների կամ գովազդ պատրաստող ընկերությունների եւ անհատների վրա: Ախր դա մեր ազգի դեմքն է, այն կերպարը, որով մենք ներկայանում ենք զբոսաշրջիկների առջեւ…
Լեզվի պետական տեսչությունն առանց օտար լեզուների էլ բավական գործ ունի անելու: Ներկայումս հայերենը համատարած կերպով անտեսվում եւ նվաստացվում է: Գտնվում են նաեւ խելոքներ, որոնք ջանում են կամուրջներ կապել հայերենի եւ օտար լեզուների միջեւ: Արդյունքում ստացվում է, մեղմ ասած, թյուրիմացություն: Պատմեմ մի դեպք իմ կյանքից: Ցավոք, այս մեկի լուսանկարը չկա, քանի որ այդ ժամանակ ես դեռ հեռախոս չունեի:
Երեւի 5-րդ դասարանում էր, գնացինք մի մանկական սրճարան՝ ընկերոջս ծնունդը նշելու: Այս մանկական սրճարանում պատերին տարբեր նկարների կողքին մի մեծ մաս հատկացված էր Միկի Մաուսի (Mickey Mouse) ու Դոնալդ Դակի (Donald Duck) արկածների մասին պատմող մի կոմիքսի: Ամբողջ պատի վրա նկարված էր այդ կոմիքսը, ընդ որում, այն գրված էր անգլերեն, իսկ ներքեւում տրված էր դրա հայերեն արտասանությունը: Օրինակի համար «Hello! How are you?»-ի ներքեւի մասում հայերեն գրված էր «Հելլօ, Հաու ար յու»: Այս տարբերակով կառուցված էր ամբողջ կոմիքսը: Ու ամեն ինչ լավ էր, մինչեւ ես հասա մի հատվածի, երբ Դոնալդը ձեռքով «Սարսափների Լաբիրինթոսի» կողմը ցույց տալով, Միկիին ասում էր «Go, Mick!», ինչը հայերեն հնչում էր ինչպես «Գո միկ»: Թե ինչ էին ցանկանում մատաղ սերնդին սովորեցրած լինել այս թաքուն հաղորդագրությամբ՝ թողնում եմ ընթերցողի դատին:
Շարունակելի