Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն մի ծուռ բան կա»

Օգոստոս 29,2009 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը մտավախություն ունի, որ դպրոցների կառավարման խորհուրդների թվակազմում մանիպուլյացիաներ կլինեն:

Հուլիսի 10-ին ԱԺ-ի ընդունած օրենքի վերաբերյալ երեկ իր դիտարկումները «Հայացք» ակումբում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Բավականին բարեփոխված օրենքում կան որոշ բաց կետեր: Օրինակ, դպրոցների ինքնակառավարման հարցը: Հայտնի է, որ մինչ այժմ դպրոցների կառավարման խորհուրդները իրական դերակատարություն չունեին, քանի որ, չնայած իրենք էին իբրեւ ընտրում տնօրենին, սակայն վերջինիս հետ պայմանագիրը կնքում էր մարզպետը: Եվ արդյունքում, ըստ տիկին Բախշյանի. «Դպրոցի տնօրենները մարզպետների ձեռքին խամաճիկներ էին դառնում: Բայց ներկայիս օրենքով վերացվեց այդ երկակիությունը»: Բանն այն է, որ այժմ, ըստ օրենքի, դպրոցների խորհուրդները ոչ միայն ընտրում են տնօրենին, այլեւ նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր՝ դրանով իսկ մարզպետներից կախվածությունը հասել է մինիմումի: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կոտրեցին մարզպետարանների դիմադրությունը: Տիկին Բախշյանը ծիծաղով հիշեց. «Մարզպետներից մեկը հուլիսի 10-ին օրենքը ընդունելուց հետո հայտարարել էր՝ այսինչը չլինեմ, եթե նախագահը ստորագրի: Իսկ մինչ հուլիսի 10-ին հասնելը այդ երկակիության մասին նամակներով ուղղակի ռմբակոծեցինք արդարադատության նախարարին՝ պարզաբանում պահանջելով»:

Օրենքի բացը երեւում է հատկապես այժմ, երբ ընթանում են խորհուրդների կազմի ձեւավորման գործընթացները: Դպրոցների կառավարման խորհուրդներն ունեին 7 անդամներ, որոնցից 3-ը մարզպետարանի (Երեւանում՝ քաղաքապետարանի) ներկայացուցիչներն էին: Այժմ ԿԳՆ-ն էլ հավակնություն ունի խորհրդում ներկայացուցիչ ունենալու: Ա. Բախշյանն ասաց. «Առաջարկություն կար, որ օրենքում ամրագրենք խորհրդի կազմը, թե քանի հոգի եւ որտեղից է ընդգրկվելու: Սակայն առաջարկը չընդունվեց, եւ մտավախություն ունեմ, որ խորհրդի թվի մեջ այսօր կլինեն լուրջ մանիպուլյացիաներ: Այն, որ Երեւանում հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամների թիվը որոշել են 7-ի փոխարեն 8 դարձնել, արդեն մտավախություն է»: «Առավոտը» պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում ԿԳՆ-ի՝ խորհրդի կազմում ներկայացուցիչ ունենալու հավակնությունները: Ա. Բախշյանը պատասխանեց. «Դա անհրաժեշտ է, քանի որ կրթական քաղաքականության պատասխանատուն նախարարությունն է: Հին օրենքով ԿԳՆ-ն որեւէ լծակ չուներ, դպրոցում էլ լծակները շատ չեն: Նախարարությունը դպրոցում իր աչքն ու ականջը պիտի ունենա: Ուղղակի քաղաքապետարանը իր երեք տեղերից մեկը պիտի տար ԿԳՆ-ին, ինչը համառորեն չարեց: Իսկ 4/4 հարաբերակցությունն այնքան էլ լավ չէ: Արդեն մի ծուռ բան կա»:

Ավագ դպրոցների թեժացող հարցն էլ քննարկվեց: Հետաքրքրվեցինք՝ մի՞թե հնարավոր չէր մշակել այնպիսի մեխանիզմ, որ այժմ ավագ դպրոցների բարեփոխումների անվան տակ դպրոցի որոշ տնօրեններ չփորձեին ազատվել իրենց ոչ հաճելի ուսուցիչներից: Ա. Բախշյանը մեջբերեց 2008-ի մարտի 27-ին ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի ենթադրվելիք ռիսկերին վերաբերող մի փաստաթղթից. «Անհրաժեշտ կլինի դպրոցի վերակազմակերպման ընթացքում հստակ մշակել նաեւ մանկավարժների վերաբաշխման մեխանիզմներ, մանկավարժական եւ վարչական կադրերի կրճատման անհրաժեշտության դեպքում հարկ կլինի մշակել նաեւ սոցիալական լարվածության թուլացման մեխանիզմներ»: Հետո էլ ասաց. «4 օր առաջ նամակ եմ հղել նախարարին, ասելով՝ եթե այդ ռիսկը գրել եք, ապա արդյոք կա՞ն մեխանիզմները, քանի որ օրական կարդում ենք, թե ինչքան մարդու են կրճատել: Չափորոշիչը մեկն է. ինչքանով է դպրոցի, երեխայի կրթության շահերից բխում տվյալ մանկավարժի առկայությունը դպրոցում: Իհարկե, սուբյեկտիվ է, երբ տնօրենն ասում է, թե իմ համախոհը չես, եթե միտինգի կանչեցի, համարձակվեցիր ասել, որ չես գալիս, ուրեմն քեզնից կազատվեմ: Պիտի մանկավարժի՝ դպրոցում մնալ-չմնալու հարցը որոշեն աշակերտները»: Ա. Բախշյանը մի առաջարկությամբ էլ հանդես եկավ. «Լավ կլինի, որ ԳԹԿ-ն միայն միասնական քննություններ կազմակերպելով չզբաղվի, այլ պետք է նրան տալ անկախ կարգավիճակ, որ դառնա հանրակրթության աուդիտը: Այդ դեպքում նախարարությունը նրան մրցակից կտեսնի, նրանք կտեսնեն միմյանց թերությունները: Այսինքն՝ մի օղակը կլինի կրթություն տվող, մյուսը՝ կրթություն գնահատող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել