Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԵՐ՝ ԹԱԼԱՆ ՉԷՐ ԼԻՆԻ

Օգոստոս 29,2009 00:00

Պատերազմի տարիներին հակառակորդի հրետակոծություններից չէ, որ տուժել է ռազմաճակատից շատ հեռու գտնվող Արմավիրի մարզի Գայ գյուղը:

\"\"Արմավիրի մարզի Գայ գյուղում թալանչու ձեռքը խնայել է միայն երաժշտական դպրոցի շենքը, իսկ եռահարկ մշակույթի տունն այնպես է սրբել-տարել, որ «թամահ» է արել նույնիսկ պատերը զարդարող գիպսե նախշազարդերը:

Գյուղացիները հիշում են, որ բարբարոսության հեղինակն ինչ-որ մեկն էր հարեւան Արաքս գյուղից, որ 1992-93 թվականներին բարերարի անվան տակ եկել, վերանորոգման նպատակով մի մեքենա քար է բերել-դատարկել մշակույթի տան հարեւանությամբ՝ շահել գյուղացիների վստահությունը, եւ կամաց-կամաց կրել-տարել այն ամենը, ինչ հնարավոր է եղել:

\"\"Հարցին, թե՝ ինչո՞ւ չմիջամտեցիք, երբ հասկացաք, որ բարերարն ընդամենը սովորական խաբեբա կամ թալանչի է, Գայ գյուղի բնակիչ Խաչիկ Վարդանյանն ասաց. «Ընենց ժամանակներ էինք ապրում, որ հազիվ մեր մասին էինք մտածում, շենքը պաշտպանելը դժվար էր»:

Հայաստանի լավագույն մշակույթի պալատի համարում ունեցող շենքից այսօր միայն ավերակներ են մնացել: Հսկա շինությունը մերկացրել են ներսից ու դրսից, քանդել բեմը, ավերել 600 տեղանոց կինոդահլիճը՝ իր սարքավորումներով: «Կինոդիտումն այստեղ ամենացանկալի ժամանցն էր, մանավանդ՝ Հայֆիլմի նկարների ցուցադրության օրերին: Ավանդույթ էինք մշակել, որ հայկական յուրաքանչյուր կինոդիտման ժամանակ հյուրընկալենք անվանի դերասանների: Արդյունքում՝ հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել Մհեր Մկրտչյանի, Կարպ Խաչվանքյանի, Խորեն Աբրահամյանի եւ այլ անվանիների հետ: Կարելի է ասել՝ դաստիարակվել ենք նրանցով»,- ասաց Խաչիկ Միքայելյանը:

Իսկ այսօր արդեն ռուսաստանաբնակ Սերյոժա Խաչատրյանը երանությամբ հիշեց այն տարիները, երբ հաճախակի հյուրախաղերով իրենց գյուղ էին գալիս Դրամատիկական թատրոնը, Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը, նշանավոր մարդիկ, պարի խմբեր: «Բա մեր գյո՛ւղն ինչ խմբեր ուներ. էլ թատրոնի, էլ էստրադայի, ասմունքի ու պարի: Ցավում եմ, որ այս ամենն ընդամենը հիշողություն է»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի նախկին բնակիչը:

Գայ համայնքի ղեկավար Սերյան Մարկոսյանից էլ տեղեկացանք, որ մշակույթի պալատի շենքը վերակառուցման որեւէ ծրագրում ներառված չէ: Գյուղապետն ասաց, որ ինքն ընդամենը մեկ տարի առաջ է ստանձնել համայնքապետի պաշտոնը ու հիմա ուղիներ է փնտրում շենքի վերակառուցման համար: Խնդրո առարկայով առանձնապես մտահոգված չեն եղել նախկին գյուղապետերը: Ավելին՝ նրանք էլ իրենց բաժին ավարն են արել ու հանգիստ խղճով կնիքը ու խեղճացած ու ավերակված գյուղը հանձնել իրենցից հետո եկողներին: Մասնավորապես, 1993 թվականին գյուղի մանկապարտեզի շենքը ընդամենը 37 850 խորհրդային ռուբլով գնել է Ռիմա Աղայանը՝ նախկին գյուղապետ Ռուբիկ Եղիազարյանի կինը, գյուղի երեխաներին թողնելով առանց մանկապարտեզի: Իսկ ավելի ուշ Հմայակ Հարությունյանն է դարձել գյուղապետ եւ իրենով արել նախկին կոլտնտեսության պահեստ դարձած շինությունն ու մատնել անտերության:

Արտաքնապես անասնագոմ հիշեցնող նախկին մանկապարտեզի շենքում այժմ երկու անտուն ընտանիք է ապրում՝ տարրական պայմաններից զուրկ, կեղտոտ ու փնթի միջավայրում: Մշակույթի պալատի ավերակների մեջ էլ տարեցներն են մի անկյուն «յուրացրել», որ ձմռանը նարդի ու շաշկի խաղալու տեղ ունենան:

Իրենց «ծերունի ավազակներ» համարող Վազգեն պապն ասաց, որ հույսները ոչ մեկի վրա էլ չեն դնում: «24 ծերերս մեր թոշակներից 1000-ական դրամ ենք հավաքել, ցեմենտ ու ավազ գնել, ջահելներն էլ եկել՝ էդ սենյակի գետինը սվաղել են, որ ոտներիս տակ մաքուր լինի: Դեսից-դենից էլ տախտակի կտորներ ենք ճարել ու աթոռ-նստարան սարքել: Հիմա մենք առաջնորդվում ենք ժողովրդական իմաստնությամբ. եղունգ ունես՝ գլուխդ քորիր»,- թեման եզրափակեց Վազգեն պապը:

Գյուղի բացօթյա «խաղասրահում» իրենց ժամանակը սպանող գայեցիներն իրար հերթ չտալով խնդիրը խնդրի ետեւից էին ներկայացնում: «Մի զարմացեք՝ հազիվ իրենցով հետաքրքրվող է ընկել ձեռքները»,- համագյուղացիներին սաստելով՝ ասաց նրանցից մեկը: Պատկերը տխուր էր նաեւ Գայի գրադարանում: Գրադարան բառն էլ այս դեպքում պետք է վերապահումով օգտագործել, քանզի Գայի գրադարանը խոնավ ու փոքրիկ մի սենյակ էր՝ գյուղապետարանի առաջին հարկում: Փոխարենը, գրադարանի վարիչ Ջավահիր Եփրեմյանի փոխանցմամբ՝ մինչեւ այդտեղ հաստատվելը 3-4 տեղ են փոխել՝ առանց մի կտոր գիրք կորցնելու: Գայի եւ հարեւան գյուղերի ընթերցասերներին ծառայող գրադարանը վերջին անգամ թարմացվել է 19 տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել