Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ ալեհավաքի դեմ

Օգոստոս 29,2009 00:00

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հայկական զորամասում օրերս տեղադրվել է Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ» ընկերության ալեհավաքներից մեկը, ինչն էլ համայնքի բնակիչների դժգոհությունն է առաջացրել: Երեկ նրանք զորամասի դիմաց ցույց էին կազմակերպել, քանի որ կարծում են, թե զորամասի պատասխանատուները անօրինական համաձայնության են եկել «Օրանժի» հետ եւ թույլ են տվել իրենց տարածքում բջջային կապ ապահովող ալեհավաք տեղադրել: «Ի՞նչ իրավունքով են այդ անտենան տեղադրել հայկական զորամասում, չգիտե՞ն, որ այն շատ վտանգավոր է մարդկանց առողջության համար: Եթե թքած ունեն իրենց հարեւանությամբ ապրող մարդկանց վրա, գոնե թող չվնասեն հայոց բանակում ծառայողներին, չէ՞ որ նրանք մեր ազգի ապագա հայրերն են»,-«Առավոտին» դժգոհում էին զորամասի բակում հավաքված բնակիչները: Հավաքվածների խնդիրները լսելու համար նրանցից մի քանիսին ներս հրավիրեցին զորամաս, որտեղից դուրս գալուց հետո նրանք պատմեցին, որ իրենց հետ խոսել էր զորամասի գնդի շտաբի պետը՝ ասելով, որ պետք չէ անհանգստանալ, ամեն ինչ արվում է օրենքի շրջանակում, եւ եթե այդ ալեհավաքն իսկապես վտանգ է ներկայացնում, ապա ոչ մի գերատեսչություն թույլ չի տա այն միացնել: Ինչ վերաբերում է ալեհավաքի տեղին, ապա գնդի շտաբի պետն ասել է, որ այն տեղադրվել է օրինական կերպով:

Նրանց «Օրանժ» ընկերությունից մի փաստաթուղթ էին տվել, որում գրված էր, որ «եթե ալեհավաքի հարեւանությամբ կա այլ ճառագայթման աղբյուր, ապա այդ տարածքում իրավունք չկա ալեհավաք տեղադրելու»: Հենց սա էլ հունից հանել էր բնակիչներին. «Մենք ապրում ենք Ռենտգեն ինստիտուտի հարեւանությամբ, որն արդեն ճառագայթման աղբյուր է, ուրեմն իրենք իրավունք չունեին այստեղ անտենա դնել»:

Այս առնչությամբ «Օրանժ» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ունեն բոլոր թույլտվությունները եւ առանց թույլտվության չէին կարող ալեհավաք տեղադրել. «Փաստաթղթում նշված է, որ 2-րդ ճառագայթման աղբյուրը բավականին հեռու է, այսինքն՝ վտանգավոր գոտու սահմաններից դուրս է: Անկախ մարմնի կատարած չափումներն էլ ցույց են տալիս, որ այս ճառագայթումը չի գերազանցում թույլատրելիի սահմանը»:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից էլ պարզեցինք, որ «Օրանժ» ընկերությանը տրամադրված լիցենզիան արդեն իսկ նշանակում է, որ նրանք ալեհավաքներ տեղադրելու իրավունք ունեն: Քանի որ բնակիչները մտավախություն ունեին, որ ալեհավաքը վնասելու է ոչ միայն իրենց, այլ նաեւ շրջակա միջավայրին, մենք բնապահպանության նախարարությունից հետաքրքրվեցինք, արդյո՞ք «Օրանժը» դիմել է փորձաքննություն անցնելու համար: Նախարարության «Պետական բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի պետի տեղակալ Հենրիկ Գրիգորյանն ասաց, որ իր գործունեության 2 տարիների ընթացքում բջջային կապի օպերատորներից ոչ մեկը, ոչ «Օրանժը», ոչ «ՎիվաՍելը» եւ ոչ էլ «Բիլայնը» նման հարցով իրենց չեն դիմել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել