Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը հակադարձում է

Օգոստոս 29,2009 00:00

Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ քննարկեց Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովին ներկայացրած զեկույցը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց. «Մենք կստեղծենք աշխատանքային խումբ, կհրավիրենք նաեւ ՀԱԿ-ի այն ներկայացուցչին, որը շատ ինֆորմացված է: ՀԱԿ-ը պնդում է, որ տեղեկությունները ստացել է հավաստի աղբյուրից, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով չեն բացահայտում այդ աղբյուրը: Եթե վաղը մենք հանկարծ ստանանք այլ քաղաքացիների կողմից մեկ այլ նամակ, որտեղ գրված լինի, որ իրենք ունեն հավաստի տեղեկություններ, բայց անվտանգությունից ելնելով իրենց աղբյուրը չեն ցանկանում բացահայտել, ինչպե՞ս վարվենք, ի՞նչ անենք: Կամ՝ եթե լինի հակառակ մեղադրանքը, ըստ, այսպես կոչված, հավաստի աղբյուրի, ի՞նչ անել: Եվ, ընդհանրապես, եթե գալիս են անանուն հղումներ, ի՞նչ անել»: Սամվել Նիկոյանն ասաց նաեւ. «Քանի որ զեկույց գրողները փաստերը իրենց անունից չեն գրել եւ հղումը արել են ՀԱԿ-ին, մենք էլ կդիմենք ՀԱԿ-ին, նրան, ով տվյալներ է տրամադրել խմբին, ով տվյալները ուղարկել է միջազգային կառույցներ, դեսպանատներ: Ինֆորմացիան նրանք են տրամադրել, թող նրանք էլ պատասխանեն»: Հանձնաժողովի անդամ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը «Առավոտի» հետ զրույցում գնահատելով 4-րդ զեկույցը՝ ասաց. «Մենք որոշեցինք, որ շատ ակտիվ եւ օպերատիվ կանդրադառնանք այս տեղեկատվությանը, որովհետեւ եթե դրա մեջ թեկուզ մեկ տոկոս ճշմարտություն կա, ապա դա սարսափելի հարված է ՀՀ երկրին, իշխանություններին: Մենք պետք է շատ արագ պարզենք՝ կա՞ այդպիսի բան: Իսկ ես երկու ձեռքով կողմ եմ, որ այդպիսի բան չլինի, որովհետեւ երկիրը դրա տակից չի կարող դուրս գալ»։ Ըստ պարոն Արսենյանի, այս մեղադրանքը «վինեգրետ է, ամեն տիպի բաներ է պարունակում իր մեջ, եւ մենք պետք է կարողանանք կասկածները փարատել: Իսկ էս, ինչի մասին լսում ենք, պետության դեմ ուղղված հանցագործություն կարելի է որակել: Ես չեմ հավատում, որ դա իրականության հետ կապ ունի: Չի կարող նման բան լինել, որովհետեւ խելապակաս չեն ՀՀ ղեկավարները՝ նմանատիպ բան թույլ տալու համար»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց. «Գագիկ Ծառուկյանը (խմբի ցուցակում կա նաեւ վերջինիս անունը, եւ առայժմ միայն նա է հերքել իր մասով մասնակցությունը- Մ. Ե.) բոլոր ժամանակներում, նաեւ այն ժամանակ, երբ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնավարել է այդ ոլորտում, եղել է հայկական բանակի աջակիցների եւ հովանավորների շարքում, եւ նա բոլորովին կարիք չունի ինչ-որ ցուցակով ինչ-որ տեղից զինվորական հագուստներ ձեռք բերել: Այդ հագուստները կարելի է ձեռք բերել ցանկացած խանութից, ցանկացած տոնավաճառից: Ես չգիտեմ՝ ինչ անազնիվ ակնարկներ է պարունակում այդ թուղթը, բայց ուզում եմ հարյուր տոկոսով, վճռականապես հայտարարել, որ մարտի 1-ին Գագիկ Ծառուկյանի հետ կապված մարդիկ իրադարձությունների վայրում չեն եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել