Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԻԿՈՅԱՆՆ ԻՐԵՆ ԿՈՐՑՐԵԼ Է»

Օգոստոս 29,2009 00:00

\"\"Ասում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը

Երեկ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը մի քանի ամսյա ընդմիջումից հետո լիագումար նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է ոչ միայն հանձնաժողովի ապագա զեկույցին վերաբերող հարցեր, այլեւ օգոստոսի 24-ին նախկին Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների՝ հանձնաժողովին փոխանցած 4-րդ զեկույցն ու կից ներկայացված փաստաթուղթը: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում արձանագրված էին այն բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխ պատգամավորների անունները, որոնց սափրագլուխները ՊՆ-ից հանդերձանք էին ստացել ու մասնակցել մարտիմեկյան իրադարձություններին: Հանձնաժողովում հնչեցված հարցադրումների առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար «Առավոտը» երեկ դիմեց Խմբի անդամ, զեկույցի համահեղինակ Սեդա Սաֆարյանին:

– Երեկ պարզվեց, որ ԱԺ հանձնաժողովն իր վերջնական զեկույցում հանդես է գալու նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական փուլի եւ մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի գնահատականներով: Զեկույցի այդ հատվածը պատրաստողներից մեկն էլ՝ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը, ասել է, թե իրենց գնահատականներում հենվելու են եվրոպական դիտորդական կառույցների գնահատականների վրա:

– Եթե խոսքը վերաբերում է միջազգային դիտորդական կառույցների գնահատականներին, ապա դրանցում նաեւ բավականին կոշտ գնահատականներ են տրվել ընտրություններին: Ուրեմն՝ հանձնաժողովը հավասարությունը պիտի պահպանի ու ասի նաեւ, որ ընտրությունների ժամանակ եղել են բազմաթիվ ընտրակեղծիքներ, որոնք ֆիքսել են նաեւ այդ դիտորդները, եւ դրանց հետեւանքների հետ կապված ներկայացնի նաեւ հասարակության մոտեցումները: Բայց եթե իրենք (հանձնաժողովը) որոշել են շատ ավելի ետ գնալ, որպեսզի իրենց ձեռնտու ձեւով ներկայացնեն առկա խնդիրների պատճառահետեւանքային կապը՝ դա իրենց գործն է: Բայց նաեւ հանձնաժողովի դրսեւորած հենց այդ վարքագիծն էլ է խոսում այն մասին, որ նա չի կարող օբյեկտիվ եզրակացություն տալ:

– Ժամանակավոր հանձնաժողովը պատրաստվում է դիմել Հայ ազգային կոնգրեսին, նաեւ զեկույցի հեղինակներին՝ ձեզ եւ Անդրանիկ Քոչարյանին, 4-րդ զեկույցում ներկայացված փաստերը հետաքննելու հարցում համագործակցելու համար: Դուք պատրա՞ստ եք ընդունել այդ առաջարկը:

– Այո, պատրաստ եմ: Գնանք ՊՆ պահեստները ստուգելու, ի՞նչ է եղել: Բայց ես զարմանում եմ՝ ինչո՞ւ են մարդիկ տարակուսում, որ իրենց անունները հայտնվել են թերթերում, երբ այդ անունները շրջանառվել, դրա մասին տեղեկություններ են եղել նաեւ մամուլում մարտի 1-ի դեպքերից անմիջապես հետո: Ասում են՝ զեկույցոււմ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել: Ես էլ հարցնում եմ՝ ո՞րն է լուրջ մեղադրանքը, այն, որ մեզ պահեստներ մտնե՞լ թույլ չեն տվել: Իսկ անունները մե՛նք չենք հնչեցրել, հնչեցրել է Կոնգրեսը դեռ մեկ տարի առաջ, ու եթե ինչ-որ մեկը դա ծանր է տանում, թող ծանր տաներ այն ժամանակ եւ իր խնդիրները լուծեր: Դա մեզ հետ ի՞նչ կապ ունի: Մենք ընդամենը գնացել ենք մեզ փոխանցված տեղեկությունը ստուգելու, ինչը մեզ թույլ չի տրվել: Որեւէ մեկը, այդ թվում՝ զեկույցի հեղինակներս, ասե՞լ ենք, որ Խմբին փոխանցված տեղեկությունը փաստացի ստուգված է, կամ՝ որ նշված անձինք 100 տոկոսով այդ հանդերձանքը ստացել են: Ոչ ոք դա չի կարող փաստել: Հանձնաժողովը հարձակման է անցել որ ի՞նչ: Ես մտադիր չեմ պաշտպանվելու, որովհետեւ իմ ասածին տեր եմ:

– Նիկոյանը նաեւ նեղսրտել է, թե Կոնգրեսն այդ փաստաթուղթը ամիսներ առաջ ներկայացրել է միջազգային կառույցներին եւ Փաստահավաք խմբին, իսկ հանձնաժողովին՝ ոչ: Նա ասել է, թե հանձնաժողովը կարող է դիմել նաեւ սկզբնաղբյուրին՝ ապահովելով վերջինիս անվտանգությունը: Իսկապես, ինչո՞ւ հանձնաժողովին այդ փաստաթուղթը չի տրվել ու չի ասվում դրա աղբյուրը:

– Հավանաբար վստահելու խնդիր է ունեցել: Իսկ Նիկոյանին ի՞նչ է՝ թվում է, որ այսօր ժողովուրդն իրեն վստահո՞ւմ է, կամ «Մարտի 1»-ի մասին իր տեսածը գնում, ասո՞ւմ է: Իհարկե, չի ասում: Նիկոյանը պիտի ընդունի, ստիպված է ընդունելու, որ ինքն անվստահելի մարդ է, որ հանձնաժողովը վստահություն չի վայելում: Դա արդեն իմ կարծիքը չէ, դա հասարակության կարծիքն է: Որեւէ մեկը այս երկրում նրա հետ, այդ հանձնաժողովի հետ հույս չի կապում: Ես պատրաստ եմ դա իրեն էլ ասել: Եվ եթե հանձնաժողովը անելիք ունենար եւ իր անելիքն աներ, Փաստահավաք խումբը չէր ստեղծվի: Նիկոյանը գոնե դրանից պիտի դասեր առած լիներ:

– Հանձնաժողովում մտադիր են «լրջորեն զբաղվել այդ հարցի ուսումնասիրությամբ, քանի որ դրանք հակասահմանադրական գործողություններ են», ու առաջարկվել է դիմել նաեւ նախաքննական մարմնին՝ գործին ընթացք տալու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկին:

– Եթե նախաքննական մարմնին դա պետք լիներ, նա հրապարակումների հիման վրա այդ տեղեկությունն արդեն քննած կլիներ: Այդ մարդկանց անունները հրապարակվել են նաեւ ավելի վաղ: Եվ, վերջապես, Փաստահավաք խմբում այդ անունները եղել ու փոխանցվել են հանձնաժողովին: Ինչո՞ւ չէին ուսումնասիրել, ինչո՞ւ են հիմա այսպես ոգեւորվել, Նիկոյանն ինչո՞ւ է իրեն այդքան վատ զգում: Թո՛ղ հասկանան զեկույցն այնպես, ինչպես գրված է, ոչ թե մեկնաբանություններ անեն: Զեկույցի մոտիվը վերաբերվել է Խմբի անդամներին՝ ՊՆ թիկունքի վարչության իրային պահեստը ստուգելուն խոչընդոտելու փաստին ու այն կասկածներին, որոնք կան ու եղել են հասարակության մեջ, նաեւ՝ Փաստահավաքի տրամադրության տակ: Խումբը այդ փաստաթուղթը քննության է ենթարկել եւ դրանում եղած տեղեկությունը, այսինքն՝ մարտի 1-ին կոնկրետ քանակությամբ զինվորական համազգեստի ապօրինի դուրս բերման փաստը ստուգելու, ճշտելու համար էլ գնացել է թիկունքի վարչություն: Թո՛ղ հանձնաժողովը գնա, ստուգի, ճշտի, թող իրե՛նց թողնեն:

– «Եթե ՀԱԿ-ը հրաժարվի, մենք սա կհամարենք որպես զրպարտություն: Չի կարելի, որ մեղադրանքները մնան անպատասխան: Կա՛մ այդ մեղադրանքը ճիշտ է, կա՛մ սխալ: Եթե ճիշտ է, ապա պետք է պատասխանատվություն կրեն կատարողները, եթե ոչ՝ զրպարտողները»: Սրանք Նիկոյանի խոսքերն են: Դուք պատրա՞ստ եք նման զարգացումների:

– Թող Նիկոյանը զբաղվի իր գործով, որովհետեւ նա վաղուց դուրս է եկել իր սահմաններից, եւ թող աջ ու ձախ չսպառնա: Մեզնից ոչ մեկը՝ կոնկրետ ես, իրենից չեմ վախենում: Եթե ինքն ուզում է աշխատել, թո՛ղ աշխատի: Բայց իրեն հանձնաժողովում դատապաշտպան չեն նշանակել, որ ոմանց շահերի համար Փաստահավաք խմբին եւ դրա այս կամ այն անդամին մեղադրի քրեորեն հետապնդելի արարքում եւ սպառնա: Նիկոյանն իրեն կորցրել է: Թող նա ուրիշի փոխարեն չվրդովվի: Եթե գտնում են, որ պիտի քննեն՝ թո՛ղ քննեն, թո՛ղ գնան զորամաս եւ հարցնեն՝ հանդերձանք տվե՞լ են, թե՞ չեն տվել, թո՛ղ պետական մակարդակով պատասխան պահանջեն՝ ինչո՞ւ մեզ պահեստներ մտնել թույլ չեն տվել, եթե այդ տեղեկատվության մեջ ճշմարտության հատիկներ չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել